ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – Թրքացա՞ն Թուրքիայի ոչ թուրք քաղաքացիները: Արեւմտեան Հայաստանը թուրքերի հայրենիք դարձա՞ւ

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – ԱԶԳԱԳՐԱԳԵՏ

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – Թրքացա՞ն Թուրքիայի ոչ թուրք քաղաքացիները: Արեւմտեան Հայաստանը թուրքերի հայրենիք դարձա՞ւ

12.05.2020 | Մեկնաբանություն | ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ – //ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ

Թրքացա՞ն թուրքերը: Թրքացա՞ն Թուրքիայի ոչ թուրք քաղաքացիները: Թրքացա՞ւ Թուրքիան: Արեւմտեան Հայաստանը թուրքերի հայրենիք դարձա՞ւ: Զգալի չափով՝ այո: Բնակչութեան մի մեծ զանգուած՝ նախկին «օսմանները», նախկինում ենիչերութեամբ, կամաւոր կամ բռնի «տաճկացածները»՝ մահմեդականացած քրիստոնեաները, Առաջին աշխարհամարտի ընթացքում եւ յետոյ մահմեդականացած քրիստոնեաները՝ հայեր, յոյներ, ասորիներ, քրդերի եւ արաբների մի մասը, Բալկաններից փախստական սլաւոնների զգալի մասը, լազերի, թուրքմէնների մի մասը թրքացան, ընդունեցին «թուրք» բառը որպէս էթնանուն, «թուրքի» ինքնութիւնը էթնիկացավ: Դպրոցական կրթութեան միջոցով այս կամ այն չափով ձեւաւորուեց պատմական անցեալի մասին պաշտօնական պատմագրութեան ներկայացրած կոլեկտիւ գիտելիքը:

«Թուրքական մշակոյթ» արտայայտութիւնը ժամանակի ընթացքում նիւթականացաւ եւ սկսուեց կիրառուել մասամբ որպէս «Բիւզանդական մշակոյթի», մասամբ՝ որպէս համաթիւրքական մշակոյթի ժառանգորդ իմաստով, իսկ թուրքական մարդաբանութիւնը եւ դիւանագիտութինը տեւաբար աշխատեցին Թուրքիայի Հանրապետութեան տարածքի նյոթական մշակոյթի ժողովրդական կիրառական դրսեւորումները՝ գորգագործութիւնը, տարազը, ուտեստը եւլն. զարգացնելու, տարածելու եւ միջազգային հանրութեանը ներկայացնելու ուղղութեամբ: Նվաճուեց Օսմանեան եւ թուրքական անցեալի էթնիկական նոյնականացման գիտակցութիւնը, օսմանեան եւ թուրքական անցեալի հզօրութեան նկատմամբ թուրքական հպարտութեան զգացումը:

Սուննիզմն իր կրօնական առաջնահերթութիւնը զիջեց թուրքական էթնիկական ինքնութեան բաղադրիչի դերին եւ աստիճանաբար դարձաւ քաղաքական ազգայնականութեան մաս:

Սրան զուգահեռ առաջացան նոր մարտահրաւերներ, եւ առաջին հերթին՝ Թուրքիայի Հանրապետութեան այլազգիների էթնիկական ինքնութիւնների «հարութիւնը»:

Ինչպէս Օսմանեան կայսրութեան շրջանում, այնպէս էլ 1923ին հաստատուած Թուրքիայի Հանրապետութեան շրջանում երկրի բնակչութեան ազգային, լեզուական եւ կրօնական կազմի մասին տեղեկութիւնները եղել եւ մնում են անորոշ: Երկրի սահմանադրութեամբ Թուրքիայի ամբողջ բնակչութիւնը համարւում է «թուրք», բացի 1923ին Լոզանի պայմանագրով ճանաչուած փոքրամասնութիւնները: Սակայն Լոզանի պայմանագրով հաստատուածները էթնիկական կամ լեզուական փոքրամասնութիւն չեն, այլ՝ կրօնական, «ոչ մահմեդական փոքրամուսնութիւն» են, ընդ որում դրանք միայն հայ առաքելական եկեղեցու հետեւորդներն են, յոյն ուղղափառ եկեղեցու հետեւորդները եւ հրեաները: Քանի որ երկրում հաճախ են ասում, որ պաշտօնական փոքրամասնութիւնները հայերը, յոյները եւ հրեաներն են, սա շատերին է մոլորեցնում:

Իսլամացած կամ ալեւիացած հայերը, իսլամացած յոյները եւ հրեաները, օրինակ, փոքրամասնութիւն չեն համարւում եւ նրանց վրա փոքրամասնութիւնների իրավունքները՝ ազգային դպրոց գնալ, ազգային-մայրենի լեզուով խօսել եւլն չեն տարածւում, որքան էլ նրանք պնդէն, որ իրենք էթնիկական ինքնութեամբ հայ, յոյն կամ հրեա են: Պայմանագիրը վերաբերում է բացառապէս «ոչ մահմեդականներին»: 20րդ դարի ողջ ընթացքի քաղաքականութեամբ մահմեդականը էթնիկապէս կարող էր միայն թուրք լինել՝ անկախ իր էթնիկական ինքնութեան զգացողութիւնից, եւ իրերի այս ընթացքը սկսեց վիճարկուել միայն 80-ականներին, երբ Թուրքիայում, մասնաւորապէս քրդական եւ զազա-ալեւիական շարժումներով, սկսուեց ինքութիւների արտահայտման պահանջը:

Սուննի քրդերն սկսեցին պահանջել սուննի մահմեդակաութիւնից անկախ ճանաչել իրենց քրդական էթնիկական ինքութիւնը եւ թուրքի փոխարէն իրենց քուրդ ճանաչել, ալեւիների մի մասն էլ, յատկապէս զազախօսները պահանջում էին ճանաչել իրենց կրօնական տարբերութիւնը սուննի մահմեդականութիւնից եւ «քրդութիւնից» ու «թրքութիւնից», քրդերից տարբերակել իրենց մասնաւոր «ալեւիա-ղզլբաշական» էթնիկութիւնը[1]: Թուրքիան 21րդ դար մտաւ երկրի բնակչութեան ինքնութիւների ճանաչման պահանջի «բեռով»:

Արդիւնքում եթէ մինչեւ 20-րդ դարի վերջերը Թուրքիայում պաշտօնապէս բոլորը թուրք էին, բացի Լոզանի պայմանագրով ճանաչուած իսկապէս շատ փոքրաթիվ քրիստոնեայ հայերից, յոներից եւ հրեաներից, 21-րդ դարասկզբին Թուրքիայի էթնիկական, կրօնական եւ լեզուական փոքրամասնութիւնները թէ՛ անուանական, թէ՛ քանակական չափումներով «դարձան» մեծաթիվ: Բայց Թուրքիայի հանրապետութեան իշխանութիւնները ցոյց չեն տալիս երկրի բնակչութեան էթնիկական, լեզուական եւ կրօնական խմբերի թւաքանակները: ԵՄ մտնելու ցանկութեան օրուանից Թուրքիայի հետ քննարկւում է փոքրամասնութիւնների իրաւունքների հարցը,-ազգային-էթնիկական, լեզուական, կրօնական, սոցիալական… Բայց այս երկրում համառորեն չեն ուզում հասկանալ «փոքրամասնութիւն» եզրոյթը:

Փոքրամասնութիւնների քանակական ներկայացուածութեան մասին դժուար է խօսել՝ երկրում իրականացուող մարդահամարին էթնիկական ինքնութեան շուրջ հարցի բացակայութեան պատճառով, բայց հայտնի է, որ կրօնական մեծամասնութեան կարեւոր մաս լինելով՝ սուննի քրդերն այսօր ոչ պաշտօնապէս համարւում են էթնիկական փոքրամասնութիւն: Թրքախօս թուրքմէն-թուրք ալեւիները թերեւս կիսում են «թուրքական էթնիկական ինքնութեան»՝ թուրք լինելու պատիւը, բայց ալեվիզմի բերումով ճնշուած կրօնական փոքրամասնութիւն են: Պաշտօնապէս փոքրամասնութիւն համարւում են միայն կրօնի սկզբունքով, բայց ոչ բոլոր կրօնական խմբերն են ճանաչւում:

Երկրում պաշտօնական փոքրամասնութիւն շարունակում են համարուել միայն «ոչ մահմեդական փոքրամասնութիւները», բայց դրանք յստակ չեն: Ալեւիներն իրենք իրենց «մահմեդական» չեն համարում, բայց կրօնական փոքրամասնութիւն չեն համարւում: «Ալեւիզմը» Թուրքիայում արգահատելի եւ արհամարելի աղանդաւորութիւն է ներկայացւում, եւ հաճախ է դառնում սուննի մահմեդականների, հատկապէս թուրքական էթնիկական ինքնութեամբ քաղաքական ազգայնականների հոգեբանական ու ֆիզիկական բռնութիւնների թիրախ:

Մինչեւ 1990ը մարդահամարներին սովորաբար հարցնում էին մայրենի լեզուի մասին, սակայն 1965ից սկսած այս հարցի պատասխանների արդիւնքը չի հրապարակուել: Դեռ հարց է, անշուշտ, թե ինչ չափով «մայրենի լեզուի» հարցի պատասխանը նոյնական է էթնիկական ինքնութեան հետ: Թուրքիայում մայրենի-ազգային լեզուով խօսելու արգելքները եւ մայրենի լեզուն միայն թուրքերէնը համարելու իրաւունքն ու քարոզչութիւնը, անշուշտ, փոխել են բնակչութեան պատկերացումները «մայրենի լեզու» հասկացութեան մասին:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – ԱԶԳԱԳՐԱԳԵՏ

Հաշուի առնելով, որ մինչև 1965ը Թուրքիայում նոյնիսկ տարրական դասարանների կրթութինը գաւառերում դեռեւս մատչելի չէր, կարելի է ենթադրել, որ մինչեւ անցեալ դարի 60-ակաները մայրենի լեզուն մեծ չափով դեռեւս էթնիակական-ազգային լեզուն էր: Անշուշտ ոչ բացառիկ հալածեալ եթնիկական միաւորների համար, ինչպիսիք հայերը կամ յոյներն էին, ովքեր պետական արգելանքներից զատ հատկապէս գաւառներում իրենք էին իրենց արգելել էին նոյնիսկ տանը մայրենի լեզուով խօսել՝ տագնապելով իրենց ինքնութիւնը մատնելու հեռանկարից:

Մյոս կողմից մասնաւորապէս հայերը հայերէն չխօսելով գաւառներում հարկադրեալ քրդախօս, արաբախօս կամ զազայախօս էին դառնում, որովհետեւ նրանց կիսաթաքուն կեանքը մեծ մասամբ այդ լեզուներով խօսողների տարածքներում էր, որտեղ թուրքերէն լեզուով խօսում էին գլխաւորապէս պաշտօնեաները: Բոլոր դէպքերում թուրքերէնը 20րդ դարի 60ականներին դեռեւս շատ տարածուած չէր, եւ 1965ի նյոթերը պետք է որ այդ պատկերն արտացոլեին: Հնարաւոր է, որ 1965ի շրջանում թրքախօս էին դարձել նաեւ 20րդ դարի երկրորդ տասնամեակից արեւելքից արեւմուտք բռնաքսորներով մեծ քանակութեամբ տեղափոխուած եւ թրքախօսների հարեւանութեամբ բնակաւորուած քրդերի մի մասը:

Այսպէս թե այնպէս փաստն այն է, որ 1990ին մայրենի լեզուի մասին հարցումը դադարեցուել է, դրան զուգահեռ ակադեմիական ուսումնասիրութիւններ չեն արւում եւ այսօր գործնականում անհնար է քիչ թե շատ վստահելի տեղեկութիւն ունէնալ ինչպէս Թուրքիայի բնակչութեան էթնիկական պատկանելութեան կամ ինքնութեան, այնպէս էլ լեզուական պատկերի մասին: Մնում են փորձագիտական տեղեկութիւններն ու դատողութիւնները:

Փորձագիտական տեղեկութիւնները պարբերաբար հայտնւում են այս կամ այն համալսարանի կողմից արուած հետազօտութիւնների միջոցով, որոնց մեթոդաբանութիւնը եւ ստացուած արդյոնքները իրենց էթնիկական ինքնութեան եւ թուաքանակի խնդիրներով շահագրգիռ բնակչութեան շրջանում ուղեկցւում են դժգոհութեամբ եւ աղմուկով:

Անլուրջ է թւում, օրինակ, Milliyet թերթի տարեկան հարցումներով 2007ին ձեռք բերուած ալեւիների թուի մասին տեղեկութիւնը՝ ընդամէնը 4.5 մլն մարդ, եւ դեռ պարզ չէ՝ սա բոլո՞ր ալեւիների՝ թուրքմէն/թուրք, քուրդ, զազա, արաբ, գնչու, թիւն է, թե՞, օրինակ, միայն թուրք ալեւիներինը: Սա ալեկօծել էր ալեւիական խմբերին, մասնաւորապէս ալեւի-բեկթաշիներին, որոնց դաշնութիւնը պնդում էր, որ ալեւիները 25 մլն մարդ են եւ կազմում են երկրի ընդհանուր բնակչութեան 33 տոկոսը:

Նոյն կերպ դժուար է լուրջ ընդունել 2008ին Էրսիեսի, Էլազիկգի եւ Մալաթիայի Ինենիւի անուան համալսարանի 2008թ. հետազօտութեան տուեալները, ըստ որի Թուրքիայում քրդերի թիւը զազաների հետ միասին ընդամէնը 12 մլն է, լազերի թիւը՝ ընդամէնը 80.000 մարդ, իսկ հեմշենների (համշենի մահմեդական հայերի) թիւը՝ ընդամէնը 13.000 մարդ: Այդ հետազօտութեամբ թուրքերի թիվը Թուրքիայում մօտ 50-55 միլիոն է, կամ բնակչութեան նուազագոյնը՝ 71 %, առավելագոյնը՝ 78.5%:

Հետազօտութեան հեղինակները գրում են, որ «թուրքական խմբի» 50 կամ 55 միլիոնի տարբերութիւնն առաջանում է նրանից, որ մօտ 5 միլիոն մարդ «թրքանում է», այսինքն ներկա պահին կայուն էթնիկական ինքնութիւն չունէն, բայց առաջիկայում նրանք «թուրք» կլինեն: Թրքացումը կատարւում է հիմնականում քրդերից, նրանց յաջորդում են բոսնիացիները, չերքէզները, ալբանացիները եւ արաբները: Հետազօտութեան տուեալներով վերջին 15 տարում (այսինքն 1993-2008ի միջակայքում) թուրքերի թիւը զգալիորեն աճել է: Քրդերն «աճել են» ընդամէնը 2.5 տոկոսով:

Չնայած 1993-2008ի միջակայքը քրդական ինքնութեան բարձրացման շրջանն է, բայց այն միաժամանակ արեւելքից արեւմուտք քրդերին բռնութեամբ տեղահանելու եւ քրդերի գործունեա մասին տնտեսապէս ու սոցիալապէս «կաշառելու» շրջան է. քրդերի մի մասն իսկապէս թրքանում էր՝ փորձելով ազատուել իրենց տառապանքի աղբյոր հանդիսացող ինքնութիւնից, եւ միաժամանակ որոշ բիզնես մենաշնորհներ ու սոցիալական արտօնութիւններ ստանում: Յայտնի է, որ այս շրջանում, օրինակ, Ստամբուլում, շինարարական բիզնեսը մեծ չափով տրուեց քրդերին:

Իսկ հայրենիքից զրկուած բոսնիացիների եւ ալբանացիների թրքացումը միշտ է եղել: Այս հետազօտութեամբ փոքրամասնութիւնները բոլորը միասին կազմում են ընդհանուր բնակչութեան 28.9%-ը: Ցոյց է տրուած, թէ ինչ խմբերից է կազմուած «թուրք» համարուող բնակչութիւնը՝ «թուրքմէն», «իւրիւկ», «թաթար», «թախտաջի», «թէրէքէմէ», «կարաչայ», «ադրբեջանցի» (Türkmen, Yörük, Tatar, Tahtacı, Terekeme, Karaçay, Azeri)[2]: Դժուար է ասել, թւարկուած միաւորների մէջ իրականում գերակշռում է սեփական էթնիկական, թե՞ թուրքական էթնիկական ինքնութիւնը:

Բոլոր դէպքերում սա ցոյց է տալիս, որ «թուրք» համարւող միաւորի էթնիկական ինքնութիւնը դեռեւս միասեռ չէ: Մյոս կողմից այս հետազօտութիւնը տուեալներ է բերում նաեւ բոսնիացիների, պոմակների, առնաուտների (ալբանացի), արաբների եւ վրացիների մասին, բոլորը միասին 5.713.000 մարդ, որոնք բացակայում են վերոյիշեալ զեկոյցների եւ այլ հեղինակների տուեալներում:

Մյոս փորձագիտական «կարծիքը» Եւրախորհրդի՝ Ընդդէմ Ռասիզմի Եւ Անհանդուրժողականութեան Յանձնաժողովի (ECRI) Թուրքիայի վերաբերեալ 2011ի Փետրուարին հրատարակուած չորրորդ զեկոյցն է: Քանի որ Թուրքիայի Հանրապետութիւնում երկրի ազգային, լեզուական եւ կրօնական կազմի վերաբերեալ պաշտօնական տեղեկութիւններ չկան, այս զեկոյցը կազմողները փորձել են տարբեր աղբյորներից քաղուած, թէեւ վերապահութեամբ, թուերով ներկայացնել Թուրքիայի բնակչութեան ազգային եւ կրօնական դիմագիծը:

Տեղեկութիւններին անշուշտ պէտք է վերաբերուել մեծ վերապահութեամբ: Դրանց համաձայն, Թուրքիայում քրդերի թիւը տատանւում է 12-15 միլիոնի միջեւ, ալեւիներինը` 4ից մինչ 24 միլիոնի, գնչունէրը մօտ 2.7 միլիոն են, չերքէզները՝ 750.000-3 միլիոն, լազերը` 1.5 միլիոն: Հայերի թիւը ներկայացուած է՝ 50.000-93.000[3]: Ենթադրելի է, որ հայերի մէջ հաշուառուած են միայն քրիստոնեաները, իսկ համշէնցի հայերը ներառուած են թուրքական համարուող խմբի մէջ:

Հաւանական է, որ ECRIի կողմից արձանագրուած թուերում նուազագոյնները պետական մարմինների առաջարկած թուերն են, առաւելագոյնները՝ փորձագէտների կամ յամատասխան ինքնութիւն կրող խմբերի: Եթէ առաջնորդուենք այս թուերի առաւելագոյններով, ապա կը ստացուի, որ Թուրքիայում փոքրամասնութիւնները բոլորը միասին 46.390.308մլն են, երկրի ընդհանուր բնակչութեան մօտ 66.2 տոկոսը, նուազագոյններով՝ մօտ 20.345.464մլն, 29 տոկոսը: Ճիշտ է՝ այս թուերով չենք կարող դատողութւներ անել նաեւ, թե որքան են թրքախօս ալաւիների թիւը եւ ուրեմն նաեւ՝ ալեւիների մէջ հնարաւոր «թուրք» ինքնութիւնը կրողների թիւը:

ECRI-ի տուեալներին մօտ են Փոքրամասնութիւնների իրաւունքների միջազգային կենտրոնի 2008թ. Լոնդոնում հրատարակած «Հաւասարութեան որոնումներում. Փոքրամասնութիւնները Թուրքիայում» զեկոյցում փոքրամասնութիւնների թւաքանակների մասին բերուած տեղեկութիւնները[4] (տւելաները տես ստորեւ Աղյոսակում): Թուրքիայի կրoնական եւ ազգային փոքրամասնութիւնների թւաքանակների մասին մանրամասն տեղեկութիւններ կան նաեւ Միացեալ Թագաւորութեան՝ Բրիտանիայի սահմանային գործակալութեան «Ծագման երկրի տեղեկատւական ծառայութեան»՝ զանազան աղբյորներից քաղուած տեղեկութիւններով կազմուած 2009թ. «Տեղեկութիւն ծագման երկրի մասին. Թուրքիա» զեկոյցում, որում Թուրքիայում կրօնական փոքրամասնութիւններին նւիրւած են 100-112 էջերը, իսկ ազգային փորքամասնութիւններին՝ 112-131 էջերը[5]: Այստէղ նոյնպէս թւային տուեալները զգալիորեն տարբեր են, երբէմն՝ շատ մեծ տարբերութեամբ, բայց հանրագումարային առաւելագոյնների եւ նուազագոյնների թուերը մօտաւորապէս համընկնում են ECRI-ի տուեալներին:

Փորձենք երեք հետազօտական տուելաները տեսնել աղյոսակով.

Աղյուսակ. Ազգային փոքրամասնութիւնները եւ նրանց թուաքանակը Թուրքիայի Հանրապետութիւնում 2008 եւ 2011թթ. տուեալներով (2008թ. երկրի ընդհանուր բնակչութեան թիւը եղել է 69.929.925 մարդ: Տոկոսները հաշոււած են 70 մլն թւաքանակից)

Անշուշտ միշտ խնդիր է, թե ինչքան արժանայավատ են այս թուերը, բայց ընդհանուր առմամբ այսպիսին է պաշտօնական, հանրային եւ փորձագիտական ընկալումը՝ թուրքական ինքնութեան կրողները երկրում, յաւանաբար, կազմում են երկրի ընդհանուր բնակչութեան մօտ կէսը:

Թուերի լեզուով սա է այն այն արդիւնքը, որ ձեռք է բերուել 1919թ. սկսուած Մուստաֆա Քեմալի՝ «թուրքի» ինքնութիւնը կերտելու եւ Թուրքական հայրենիք ստեղծելու ճարտարապետութեան 90 տարիների ընթացքում: Ձեռք է բերուել իրաւական, վարչական, տնտեսական, կրթա-մշակութային, քարոզչական բոլոր հնարաուոր պետական լծակնեով, այլ ինքնութիւններով խմբերի նկատմամբ բռնութիւններով, լեզուի, մշակոյթի, կրօնի, էթնանունների կիրառման իրաւունքների սահմանափակումներով եւ արգելքներով, աքսորներով, խմբերի տեղահանութիւններով, էթնիկական փոխանակումներով, նոյնիսկ՝ ցեղասպանական գործողութիւններով:

Այս ճանապահին Մուստաֆա Քեմալի գլխաւոր պարտութիւնը քրդերի՝ աշիրէթայինից եւ կրօնականից էթնիկականի վերաձեւաւորուած ինքնութեան մարտահրաւէրն է, որը 80ականներին վերադարձաւ որպէս երկրի քաղաքական օրակարգի կարեւոր մաս, եւ բազմամիլիոն ալեւիների ազգային ինքնութեան փնտրտուքը: Քեմալիզմի «թիւրքչուլուկի» գործողութիւնները նպաստեցին քրդերի եւ ալեւիների մի մասի հաւաքական ինքնութեան ձեւաւորմանը, կարելի է ասել՝ քրդախօսները «քրդացան», թրքախօսները «թրքացան», ալեւիները «ալեւիացան», արդիւնքում 1980ականներին Թուրքիայում պայթեց ինքնութիւնների յեղափոխութիւնը[7]՝ «ինքնութեան» խնդիրը դարձնելով քաղաքական գործունէութեան տեսակ:

Շատ աւելի խօսուն է «թուրքական հայրենիքի» արեւելքը՝ «Արեւելեան Անատոլիան», փաստացի Արեւմտեան Հայաստանը՝ Էրմանիստանը թուրքի հայրենիք դարձնելու գաղափարի արդիւնքը: Այստէղ, Բալկաններից բերուած որոշ թուրքական բնակչութիւնից զատ, այլ թուրքեր չեկան ապրելու: Իսկ Բալկաններից եկածներին եւ իշխանութիւնների կողմից հիմնականում քրդերով բնակեցուած արեւելեան նահանգներում բնակեցուելուց յետոյ բալկանեան գաղթականների դէմ ըմբոստացան տեղի քրդերը եւ գաղթականներին ջարդեցին մինչեւ Շեյխ Սաիդի ապստամբութիւնը:

Ինչպէս ասում է քուրդ աշիրէթապետերից մէկը, «Քիւրտերը կոտորեցին եւ վտարեցին Արեւելեան Նահանգներու թուրք գաղթականները, պատճառաբանելով թէ՝ ժամանակին թուրք կառավարութիւնը կը հրամայէր մեզ կոտորել հայերը ու տիրանալ անոնց ստացուածքին, ըսելով մեզի որ երկիրը ձերն է, հետեւաբար ձեր արդար իրաւունքն է ձեր սեփական հայրենիքը ազատագրել կեաւուրներէն: Ասկէ կը հետեւէր որ Թուրք գաղթականները իրաւունք չունին մեր երկիր բնակուելու… եւ այն օրէն ի վեր գաղթականները չեն համարձակիր հաստատուիլ Արեւելեան Նահանգներուն մէջ:

Կառավարութիւնը ամէնայն խստութեամբ պատժեց <ջարդերու> պատասխանատուները, որմէ ծնունդ առաւ 1925ի ապստամբութիւնը»[8]: Արեւմտյան Հայաստանը՝ Էրմանիստանը ոչ մի կերպ «թուրքական հայրենիք» չէր դառնում եւ նոյնիսկ վախեցած, նուաստացած, թաքնուելու անկիւն փնտռող ցրուած հայերը թրքանալու փոխարէն քրդանում, Սասունում նաեւ արաբանում էին: Բայց այն դադարում էր նաեւ «մահմեդական հայրենիք» լինել, քանի որ «Թուրքչիւլուկի» կոշտ քաղաքականութեան հետեւանքով երկրում ձեւաւորւում էր ոչ միայն թուրքական ինքնութիւնը, այլեւ՝ դրան հակադրուող քրդական ազգային-էթնիկական ինքնութիւնը, քրդերը «նախ՝ մահմեդական, ապա՝ քուրդ»ից դառնում էին «նախ՝ քուրդ, ապա՝ մահմեդական» եւ Էրմանիստանը դառնում էր «քրդական հայրենիք»:

Քրդերի նկատմամբ կիրառուող տնտեսական, քաղաքական, մարդկային տարատեսակ ճնշումները, տեղահանութիւնները աստիճանաբար քրդերին համոզել էին, որ իրենց մատուցուած «Մահմեդական հայրենիք»ի գաղափարը վաղուց սպառուել է, գուցէ եւ ի սկզբանէ չի եղել, որ իրենց հետ «նույն ծնողներից սերուած եղբայր» թուրքերին իրենց «մահմեդական եղբայրութիւնը» պէտք է եկել եւ պէտք է գալիս միայն յանուն «թուրքական հայրենիք»ի, եւ 1960ականներին աստիճանաբար քրդական ազգային՝ էթնիկական ինքնութիւնը սկսում է քաղաքականանալ եւ գերակաշռել մահմեդական ինքնութեանը:

Չնայած գլխաւորապէս քրդերով, մասամբ՝ «չերքէզներով», արաբներով, որոշ չափով՝ ադրբեջանցիներով, մասամբ՝ իսլամացած/քրդացած/արաբացած հայերով բնակեցուած լինելուն, Էրմանիստանի անունը մինչեւ այսօր մարդկանց լեզւում Էրմանիստան է: Եւ Էրմանիստանը շարունակում է թուրքին անծանօթ եւ թուրքի համար օտար ու թշնամի տարածք մնալ: Հիմնական վախն, իհարկէ, քրդերից է: Բայց «հայերի ուրուականները» թուրքերին անմիջապէս «շրջապատում են», հենց որ նրանք այստէղ են գալիս:

Չնայած շատ քիչ են «այստէղ գալիս»: 2014ին ուսանողական մի ծրագրով Մուշում պէտք է երկու շաբաթ մնայինք: Տաս ուսանող Հայաստանից, տաս ուսանող՝ Թուրքիայից, գլխաւորապէս՝ Ստամբուլից:

Սովորականի նման դժուար շրջան էր, անընդհատ տեղեկութիւններ էին հաղորդում «քրդական ահաբեկչական գործողութիւնների» մասին: Մեր հետազօտական խնդիրն էլ դժուար խնդիր էր՝ տեղական բնակչութիւնից նիւթեր հաւաքել Մուշի անցեալի պատմութիւնների մասին:

«Տեղական բնակչութիւնը»՝ քրդերը, բալկաններից եկած որոշ թուրքեր, նոյնիսկ իսլամացած-քրդացած հայերը առհասարակ թշնամանքով կա՛մ վախով էին նայում եւ հրաժարւում շփուել մեզ հետ, կա՛մ խօսում էին միայն հայերի կոտորածների, նախկինում հայերի գինեգործական հմտութիւնների մասին, ցոյց էին տալիս հայերի բնակուած տները, հարիւրամեայ վաղեմութեան հայկական գոյքի առանձին առարկաներ՝ հայելի, «Զինգէր» կարի մեքենայ, դեռեւս հայերի տնկած այգիները, հայերի թողած խաչքարերից սարքուած բնակարանները կամ գոմերը, թուարկում էին նախկինում գոյութիւն ունեցած եւ Ցեղասպանութեան շրջանում ամբողջովին այրուած գիւղերը եւն.[9]:

Թուրք ուսանողները կարծէք ասեղների վրայ լինէին: Այդ շատ լաւ երիտասարդներից հինգը պարզապէս չդիմացան «թշնամական տարածքին» եւ երկու-երեք օրից ուղղակի լքեցին խումբը եւ պարզապէս փախան՝ վերադարձան Ստամբուլ: Իսկ տաս հայ ուսանողերը կարծէք տանը լինէին:

Մեծ հաշուով Արեւմտեան Հայաստանը «թուրքական հայրենիք» չդարձաւ: «Անատոլիան», որն այսօրուայ Թուրքիայի բնակչութեան լեզւում Թուրքիայի արեւելքն է, չթրքացաւ: Այն միայն տարածք է Թուրքիայի Հանրապետութիւնում, որի քուրդ եւ քրդացած, արաբ եւ արաբացած բնակչութեան նկատմամբ շարունակւում է իշխանութեան ահաբեկչութիւնը: Իշխանութիւնները չեն ուզում Էրմանիստանում զարգացում լինի: Սրա պարզագոյն վկայութիւնն է Թուրքիայում բնակչութեան մէկ շնչին ընկնող համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱ) համամասնութիւնը. 2006ին դրա երկրի միջինը կազմել է 6.684 ԱՄՆ դոլար (Ստամբուլում՝ մէկ շնչին ընկնող ՀՆԱն եղել է 10.352 ԱՄՆ դոլար), իսկ ահա արեւելքում՝ Աղրի, Իգդիր, Կարս, Արդահանում՝ ընդամէնը 2.684 դոլար (երկրի ամէնացածր ցուցանիշը)[10]:

Այս, ինչպէս նաեւ Թուրքիա երկրի համար օտար կամ խորթ համարուող բնակչութեամբ արեւելքը ոչ միայն շարունակում է լինել ամէնանօսր բնակեցուած տարածքը, այլեւ շարունակւում է բնակչութեան նուազումը.

Բնակչութեան թուի դինամիկան 1990-2009ին արեւելեան նահանգներում[11

2000ից մինչեւ 2009ը իւթ գլխաւորապէս քրդաբնակ իլերում բնակչութիւնը նուզաել է 309.877 մարդով, որից միայն Էրզրումում՝ 163.182 մարդով: Պարզ է, որ բնակչութեան թուի անշեղ նուազումը բռնի տեղահանութիւնների արդիւնք է:

Այս թուերը չափազանց պերճախօս են: Թուրքիայի նման տնտեսապէս զարգացող եւ բնակչութեան մեծ աճ ունեցող երկրում «Անատոլիայի»՝ Արեւմտյան Հայաստանի տարածքի քրդախօս բնակչութեան թիւն անշեղօրէն նուազում է: Ուշագրաւ է, որ Թուրքիայում բնակչութեան թուերը յամառօրէն նուազում են այն տարածքներում, որտեղ առկայ է ծնելիութեան ամէնամեծ ցուցանիշը: 2009ին, օրինակ, Թուրքիայի Հանրապետութեան ամէնաեւրոպական, ամէնաբարեկեցիկ, ամէնաթուրքական տարածքում հազար մարդուն ընկնող ծնունդների թիվը եղել է ընդամէնը 11,6, իսկ հարաւ-արեւելքում՝ 27,2[12], եւ, բնակչութեան թուի նուազումը տեղի է ունէնում հենց ծնելիութեան այս ամէնաբարձր ցուցանիշի տարածքում՝ Երզնկայում, Էրզրումում, Բայբուրդում, Կարսում, Արդահանում, չնայած այստէղ համաճարակային հիւանդութիւններ եւ հիւանդութիւնների պատճառով մարդկային զոհեր չեն եղել:

Այն փոքր աճը, որ Էրզրումում եւ Երզնկայում երեւում է 1990-2000ի միջակայքում, աւելի շուտ արտացոլում է Սասուն-Բաթմանի, Բիթլիսի, Մուշի, Դերսիմի… լեռնային բնակչութեան բռնի տեղահանութիւնը 1993-94ին, որից յետոյ տեղահանուած գիւղական լեռնային բնակչութեան մի զգալի զանգուած աստիճանաբար հաստատուել է Էրզրումում եւ Երզնկայում:

Ինչպէս աղյոսակից տեսնում ենք, այս տարածքում բնակչութեան թուի աճ է գրանցուած միայն թրքախօս Իգդիրում, որտեղ, ի դէպ, հաստատւում են Ադրբեջանի Հանրապետութեան Նախիջեւանի ինքնավարութիւնից ԽՍՀՄ կազմալուծումից յետոյ Թուրքիա տեղափոխւող ադրբեջանցիները: Իգդիրը մասնաւոր դէպք է: Այստէղ ծուլօրէն, խաղաղ նիրհում է թուրքական հայրենիք ստեղծող Քեմալի եռանդուն տարիներին գործունեայ շրջանառութեան մէջ դրուած մեծ ստի՝ «Հայերի կողմից թուրքերի նկատմամբ իրականացուած ցեղասպանութիւնը» «ներկայացնող», ոչ մէկին չհետաքրքրող թանգարանը: Պէտք կը գայ, Իգդիրը արեւելքի թրքացող տարածքներից մէկն է:

Գուցե կողքը կը կառուցուի նաեւ «Քրդերի կողմից թուրքերի նկատմամբ իրականացուած ցեղասպանութիւնը» ներկայացնող թանգարան, քանի որ ոչ քեմալիզմի շրջանում, ոչ յետագայում, չնայած ահռելի ջանքերին, չյաջողուեց քրդերին թրքացնել, եւ հարիւրամեայ վաղեմութեան «Հայկական հարցը» փոխարինուել է «Քրդական հարցով»:

Ողջ քեմալիզմի շրջանում քրդերին տրուած որեւէ խոստում չիրականացուեց, «Քուրդ» բառն արգելուեց, քրդերին ջարդերի ենթարկեցին, տեղահանեցին, տարրալուծեցին թուրքական տարածքներում, պաշտօնական հռետորաբանութիւնն ու լրատուամիջոցները՝ թերթերը, ամսագրերը, հեռուստաթողարկումները խօսեցին «արեւելքի վիճակի», «անջատողականների», «լեռնային թուրքերի» մասին՝ միշտ հմտօրէն շրջանցելով ատելի «քուրդ» բառը[13], երբեմն երբեմն յիշեցրին, որ «անջատողականները» կեղծ իսլամացած վրիժառու հայերն են, բայց քրդերը չթուրքացան: Չթուրքացան, չնայած քրդերէն լեզուով դպրոց ունէնալու եւ մայրենի լեզուով խօսելու արգելքներին:

Ըստ հետազօտողների, գիւղաբնակ քրդերի մօտ 70% տոկոսը մինչեւ այսօր թուրքերէն նոյնիսկ չգիտի[14]: 1982ի Սահմանադրութիւնը կրկնեց նախորդ ազգայնական Սահմանադրութեան հիմնական դրոյթները՝ 42-րդ յօդուածով հաստատելով, որ «Ոչ մի այլ լեզու, թուրքերէնից բացի, ցանկացած կրթական հաստատութիւնում չի կարող թուրքական քաղաքացիներին ուսուցանուել որպէս մայրենի լեզու», 54-րդ յօդուածով վերահաստատուեց, որ «Թուրքիա պետութեան հետ քաղաքացիական կապերով կապուած բոլոր մարդիկ թուրքեր են»: Երկրում այդպէս էլ չծնուեց քաղաքացիութիւն արտահայտող «թուրքիացի» բառի իմաստն արտահայտող եզրը:

——————————————————————-

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

[1] Martin van Bruinessen«Aslını inkar eden haramzadedir!»: The debate on the ethnic identity of the Kurdish Alevis(http://www.let.uu.nl/~martin.vanbruinessen/personal/publications/Alevikurds.htm); Hür AyşeAlevistan, Zazaistan ve Kürdistan, 1980’lerde Alevi/Kızılbaş uyanışı, Kürtler arasına ayrımcılık ekmek için doğrudan devletçe yönetiliyordu. Bugün de Zazalık meselesine böyle yaklaşılıyor[Հյուր Այշէ: Ալեվիստան, Զազաիստան եւ Քրդստան: Ալեւի-կզլբաշների 1980 զարթօնքը եւ քրդական միջաւայրի խտրականութիւնը ղեկաւարվում էր անմիջականորեն պետութեան կողմից: Ահա ինչպէս է այսօր լուծւում զազաների խնդիրը](17/03/2013, http://www.radikal.com.tr/yazarlar/ayse-hur/alevistan-zazaistan-ve-kurdistan-1125474/); Խառատյան ՀրանուշԻնքնության որոնումը Դերսիմում: Մաս 1. Ինքնության որոնումները Դերսիմում(https://repairfuture.net/index.php/hy/identity-standpoint-of-armenia-ar/the-search-for-identity-in-dersim-part-1-identities-in-dersim-armenian), Մաս 2. Դերսիմի ալեւիացած հայերը (http://repairfuture.net/index.php/hy/identity-standpoint-of-armenia-ar/the-search-for-identity-in-dersim-part-2-the-alevized-armenians-in-dersim-armenian)(Վերջին այցելութիւնը՝  11.11.2018)

[2] Türkiye’deki Kürtlerin sayısı! Türkiye’de yaşayan etnik gruplar araştırıldı. Sonuçlara göre Türkiye’de bakın kaç Türk, kaç Kürt, gürcü, arap vs. yaşıyor?[Քրդերի թիւը Թուրքիայում: Հետազօտուել են Թուրքիայում ապրող էթնիկական խմբերը: Ըստ հետազօտութեան արդիւնքների՝ տեսեք որքան թուրք, որքան քուրդ, վրացի, արաբ <կա> եւ որտեղ են նրանք ապրում]( http://www.milliyet.com.tr/turkiye-deki-kurtlerin-sayisi–magazin-873452/) (այցելութիւնը՝ 12.12..2018)

[3] ECRI Report on Turkey (fourth monitoring cycle), Published in 8 February 2011,  էջ 30( https://rm.coe.int/fourth-report-on-turkey/16808b5c7e) (Վերջին այցելութիւնը 11.12.2018 ):

[4] A Quest for Equality: Minorities in Turkey, Dilek Kurban (Minority Rights Group International 54 Commercial Street, London E1 6LT, United Kingdom ISBN 1 904584 63 2), 2008թ., էջ 12 (https://minorityrights.org/wp-content/uploads/old-site-downloads/download-739-A-Quest-for-Equality-Minorities-in-Turkey.pdf) (Վերջին այցելութիւնը 11.12.2018 ):

[5]COUNTRY OF ORIGIN INFORMATION REPORT TURKEY: 13 MARCH 2009, UK Border Agency COUNTRY OF ORIGIN INFORMATION SERVICE (https://www.refworld.org/pdfid/49c366252.pdf) (Վերջին այցելութիւնը 11.12.2018):

[6]Փախստականների եւ ներգաղթեալների Կանադական խորհրդի  2006ի հավաքած նիւթերով կազմուած հաշուետութիւնը  (The Canadian Immigration and Refugee Board noted in its reponse to information request (RIR)), հաստատելով, որ Թուրքիայի ալեւիական բնակչութեան մասին պաշտօնական տուեալներ չկան, աղբյորներից քաղւած տեղեկութիւններով գնահատելով նրանց թիւը, գտնում է, որ այն  տատանւում  է բնակչութեան ընդհանուր թուի 10-40 տոկոսի միջակայքում,  բայց շատ աղբյորներ նշում են 15ից 20 մլն մարդ: ԱՄՆ Կրօնի ազատութիւնների մասին 2008ի հաշվետւութեան մէջ (The USSD 2008 report on Religious Freedom recorded that) Թուրքիայի ալեւիների թիւը ներկայացուած է 10-20 մլն մարդ (յղւում է ըստ COUNTRY OF ORIGIN INFORMATION REPORT TURKEY, 13 MARCH 2009, UK Border Agency COUNTRY OF ORIGIN INFORMATION SERVICE, 18.19-րդ կետ  (էջ 104)  եւ 18.22-րդ կետ (էջ 105) (http://www.refworld.org/pdfid/49c366252.pdf)(Վերջին այցելութիւնը՝ 12.11.2018)

[7] Martin van Bruinessen, Kurds, Turks and the Alevi revival in Turkey, Extended version of an article published under the same title in Middle East Report #200 (Summer 1996), 7-10.http://www.let.uu.nl/~martin.vanbruinessen/personal/publications/Bruinessen_Kurds_Turks_and_the_Alevi_revival.pdf(Վերջին այցելութիւնը՝  02.11.2018)

[8] Թափառական, Դէպի Կախաղան, Պոստոն, 1932,  էջ727-728:

[9] Մուշ, քաղցր Մուշ. Քարտեզագրելով հուշեր Հայաստանից և Թուրքիայից: Գլխավոր խմբագր՝ Լ.Խառատյան, Բոնն, dvv international, ISBN 978-3-942755-12-2, 2013.

[10]Turkish Statistical Institute, Gross Domestic Product (GDP)), 2006,-  http://www.turkstat.gov.tr/PreTablo.do?alt_id=1063  Turkish Statistical Institute, Birth Statistics, 2009 (Press-release), էջ 34, URL: http://www.turkstat.gov.tr/PreHaberBultenleri.do?id=6346, էջ 34: (Վերջին այցելութիւնը՝  17.12.2018)

[11]Turkish Statistical Institute, Birth Statistics, 2009, էջ 34, URL: http://www.turkstat.gov.tr/PreHaberBultenleri.do?id=6346, էջ 34(Վերջին այցելութիւնը՝  17.12.2018)

[12] Turkish Statistical Institute, Birth Statistics, 2009 (Press-release),- URL: http://www.turkstat.gov.tr/PreHaberBultenleri.do?id=6346: (Վերջին այցելութիւնը՝ 17.18.2018 )

[13]  Гасратян М.А. Легализация оппозиции // Азия и Африка сегодня.  М., 1998,  №2[Հասրաթեան Մ.Ա. Ընդդիմութեան լեգալացումը//Ասիան եւ Աֆրիկան այսօր, Մոսկուա, 1998,  №2],  էջ 15:

[14] Անդ, էջ  29:

www.lragir.am/2020/05/12/545755/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail