Ալիեւն ո՞վ է, եւ ինչու Երեւանի կենտրոնը չի աճում պետական մտածողության

Ալիեւն ո՞վ է, եւ ինչու Երեւանի կենտրոնը չի աճում պետական մտածողության

28.06.2020 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան: – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

Հայաստանում երկու հետաքրքիր քննարկում է ընթանում։ Երկրի նախկին ու ներկա ղեկավարություններն Ալիեւի հրահրմամբ բանավեճ են սկսել բանակի շուրջ, իսկ Երեւանի «աբորիգենները» ստորագրություններ են հավաքում՝ ի պաշտպանություն իրենց փոքր աշխարհի։

Ի բնե ապակառուցողական դիսկուրսները կարծես հատուկ նախաձեռնվում են, որ ուշադրությունը շեղվի կարեւոր միտումներից։

Ալիեւը, որը ոչ մի կերպ չի կարողանում որոշել իր ժողովրդի էթնիկ, կրոնական եւ այլ ինքնությունը, որոշել է ստուգել Հայաստանի ամրությունը, եւ Հայաստանը չի անցել թեստը։ Նախ Սերժ Սարգսյանը պատասխանեց Ալիեւին ու ձեռքի հետ էլ քար նետեց Նիկոլ Փաշինյանի բոստանը, հետո Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին ու Ալիեւին։

Ո՞վ է Ալիեւը։ Մի՞թե Ալիեւի հետ խոսելու բան կա։ Աշխարհում կա՞ մեկը, ով լուրջ է ընդունում Ալիեւին։ Անգամ եղբայրական Թուրքիան փակում է Նախիջեւանի հետ սահմանը եւ հարկ չի համարում հարցնել Ալիեւի թույլտվությունը, որովհետեւ լուրջ չի ընդունում նրան։ Ինչու՞ ենք մենք Հայաստանի ու Արցախի ներկա ու նախկին ղեկավարների, ԱԳՆ ու փորձագետների մակարդակով լուրջ ընդունում Ալիեւին։ Այդ նա է, որ խնդիրներ ունի մեզ հետ, իսկ մենք վաղուց արդեն խնդիրներ չունենք նրա հետ։

Եթե ինչ-որ մեկի հետ պետք է խոսենք, ապա Էրդողանի ու Պուտինի հետ։ Բայց ամեն ինչ անում ենք, որ սահմանափակվենք փոքր մասշտաբներով, չուղղվենք ու չծավալվենք։

Քանի դեռ խոսում ենք Ալիեւի հետ, ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակի գլխավոր հրամանատար Էրդողանը խորհրդակցություն է հրավիրում եւ մարմին ստեղծում Հայկական հարցի դեմ պայքարի համար։ Ի տարբերություն մյուսների՝ նա տեսնում է, որ մենք արդեն կանգնում ենք, ուղիղ նայում աչքերի մեջ, եւ նա վախ չի տեսնում աչքերում։ Այդ աչքերն ամենուր հետապնդում են նրան, հայտնվում մղձավանջային երազներում, նա սարսափած զարթնում է եւ փորձում պատասխաններ գտնել հայերի հարցերին՝ ու՞ր է իմ տունը, ու՞ր է իմ ծիրանի ծառը, ու՞ր են իմ նախնիների գերեզմանները։

Մենք կանգնում ենք, բայց ոչ մի կերպ չենք կարողանում թոթափել 100 տարվա վախի բեռը։ Այդ վախը մեր մեջ կաստաների բաժանում է առաջացնում, որը կարող է աղետ դառնալ։

Երեւանի կենտրոնը մեկ դարից ավելի կաստաներից մեկի «օթյակն է», որն իրեն անվանում է Երեւանի բնիկ։ Բոլոր բնիկները ողբերգական ընտանեկան պատմություններ ունեն, որոնք արմատներով գնում են Վան, Բիթլիս, Կոստանդնուպոլիս։ Նրանց նախնիները Երեւանում փրկություն են գտել մահից, ինքնիրացվել՝ դառնալով ակադեմիկոսներ, բժիշկներ, ճարտարապետներ սեփական երկրում, բայց փրկության սակրալացումը բազմաթիվ բարդույթներ է ծնել։

«Արագիլ» երգը սկսվում է «Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր, Ունեմ հանգրվան, ունեմ օթևան» բառերով։ Տունն ու թաղամասը դառնում են հայրենիք՝ չաճելով մեծ հայրենիքի՝ պետության զգացմանը։ Չինստիտուցիոնալացված կաստայականությունը վերածվում է սնոբիզմի եւ թույլ չի տալիս տարբեր մասերից պետություն սոսնձել։ Ահա թե ինչու հիմա, երբ աշխարհը փոխվում է, իսկ Էրդողանին հետապնդում են հայի աչքերը, երեւանցիների կաստան մտածում է միայն Երեւանի կենտրոնի մասին, կարծես մնացյալն օտար է, ոչ բնիկ ու գավառական։

www.lragir.am/2020/06/28/559693/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail