ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանը դուրս է բերում Ռուսաստանը թյուրքական ճահճից. ովքեր են խանգարում
07.07.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
07 ՅՈՒԼԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին եւ նրա հետ քննարկել պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան գործակցության հարցեր, նաեւ ռեգիոնալ ռազմաքաղաքական իրադրությանն առնչվող խնդիրներ, մտքեր փոխանակելով «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» թեմաների վերաբերյալ:
Հայ-ամերիկյան պաշտպանական գործակցությունը խորապես անհանգստացնում է Ադրբեջանին: Այնքան, որ այդ մասին բարձրաձայն հայտարարում է այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովը: Օրերս հարցազրույցի ընթացքում նա ասել էր, որ հայկական կողմն առաջնագծում ԱՄՆ հովանավորությամբ տեղակայել է խորքային տեսադիտարկման եւ հետախուզության սարքավորումներ, որոնք բարդացրել են առաջնագծում ադրբեջանական զինուժի հնարավորությունները:
Այլ կերպ ասած, ադրբեջանցի նախարարը խոստովանել էր, որ ամերիկյան սարքավորումների օգնությամբ արգելափակվել է Ադրբեջանի «ռազմական շանտաժի դիվանագիտության» մի կարեւոր օղակ: Դա իհարկե տեղի է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Դեռեւս 2017-ի փետրվարին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումը դիվերսիոն փորձի ընթացքում բախվեց այդ խնդրին, չեզոք գոտում թողնելով հինգ դի: Ադրբեջանցիները գործնականում դադարեցրին դիվերսիոն ներթափանցման փորձերը:
Այդ հանգամանքը, սակայն, լոկ առաջնագծային իրադրության փոփոխություն չէ, այլ ռեգիոնալ ռազմա-քաղաքական հարաբերակցության: Զրկվելով ռազմական դիվանագիտության, շանտաժի գործիքից, Ադրբեջանը էլ ավելի խորն է հայտնվել դիվանագիտական-քաղաքական փակուղում: Մեծ հաշվով, հայկական առաջնագծի սարքավորումները ինչ որ իմաստով ունեն Վիեննայի օրակարգի տրամաբանություն: Հրադադարի պահպանման մեխանիզմները դե յուրե դրված չեն, բայց դե ֆակտո դրանք հայկական կողմում են:
Չկա հրադադարի խախտման ազատություն, Ադրբեջանը հայտնվում է արգելափակված վիճակում: Այսինքն, Ալիեւը ստիպված է գնալ ավելի խոշոր սադրանքների: Իսկ դա նշանակելու է ավելի խոշոր քաղաքական պատասխանատվություն դրա համար: Իսկ դա պահանջելու է ավելի խոշոր ռազմա-քաղաքական հովանի: Մինչդեռ, Բաքվի համար չի գործում այդ հովանին, որ կար 2016-ի ապրիլին՝ ռուս-թուրքական գործակցություն:
Այստեղ խորքային, համակարգային եւ անգամ քաղաքակրթականի վերածվող ճգնաժամ է: Այդ ճգնաժամը խորացրել է Հայաստանում թավշյա հեղափոխությունը, որից հետո Երեւանը դրել է Ռուսաստանի հետ հարաբերության վերափոխման հարց: Այն առաջացրել է առերեւույթ ճգնաժամ հարաբերություններում, սակայն խորքային առումով պատկերը հակառակն է՝ դա ի վիճակի է հայ-ռուսական հարաբերությունը դուրս բերել ճգնաժամից, որքան էլ կան թե ադրբեջանական, թե թուրքական, թե ռուսական խմբեր, որոնք անում են հնարավորը դա թույլ չտալու համար:
Հայ-ռուսական հարաբերությունը ճգնաժամից դուրս բերելը նշանակելու է ռուսական սուբյեկտությունը դուրս բերել թյուրքական կախումից: Ներկայումս տեղի է ունենում հենց այդ գործընթացը, եւ որքան էլ փորձ է արվում այն կասեցնել, այդ թվում՝ Հայաստանում «հակառուսականության» մասին «թեզը» առաջ մղելով, գործընթացն այդուհանդերձ շարունակվում է, քանի որ դրա կենսական անհրաժեշտությունը կա թե Հայաստանում, թե Ռուսաստանում:
Եվ դա վայելում է պահանջարկ համաշխարհային անվտանգության համակարգի համատեքստում, ինչով էլ պայմանավորված է գործընթացին աջակցության ԱՄՆ պատրաստակամությունը:
www.lragir.am/2020/07/07/562016/