ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ֆրանսիան կմիանա՞ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռյակին. ուժեղ պատասխան Թուրքիային
0.09.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԸ:
Թուրքիան Միջերկրականում գործընկեր չէ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, նշելով, որ Եվրոպան պետք է միասնական ու հստակ պատասխան տա Անկարայի գործողություններին:
Ի վիճակի՞ է Եվրոպան տալ այդպիսի պատասխան Թուրքիային, եթե ընդհանրապես Եվրոպան ի վիճակի է որեւէ էական ռազմա-քաղաքական հարցում ունենալ միասնական պատասխան:
Ֆրանսիայի նախագահն այդ իմաստով թերեւս պետք է ձեռնամուխ լինի բոլորովին այլ խնդրի, որը պայմանականորեն հնարավոր է անվանել «Թուրքիային հստակ եւ միասնական պատասխան տալու զորություն ունեցող պետությունների դաշինքի» ձեւավորում:
2017 թվականին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ ամենամյա ընթրիքի առիթով Ֆրանսիայի նախագահ Մակրոնը իր ելույթում հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի պատասխանատվությունն է Թուրքիային բերել երկխոսության: Թուրքիային երկխոսության բերելու, հակառակորդից, ապակայունացնող ագրեսիայի աղբյուրից երկխոսության դաշտ բերելու համար անհրաժեշտ է ուժեղ եւ հստակ պատասխան, եւ հենց այդ համատեքստում անհրաժեշտ է այն միավորը՝ դաշինքը, որը ունի եւ ի վիճակի է ձեւակերպել այդ հստակ ու միասնական պատասխանը:
Ըստ այդմ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին հարկ է թերեւս ձեռնամուխ լինել այդ ալյանսի ձեւավորման գործընթացին, ներգրավելով դրանում պետություններ, որոնք ունեն Թուրքիայի առաջ դնելու հարցեր, եւ այդպիսով ձեւակերպելու թուրքական ագրեսիվ հավակնոտությունը կանխարգելելու միասնական պատասխան:
Մեծ հաշվով, այդ դաշինքի որոշակի առանցք ձեւավորվել է դեռեւս 2019 թվականի մարտին՝ Հայաստանի նախաձեռնությամբ: Խոսքը Կիպրոս-Հունաստան-Հայաստան եռակողմ ձեւաչափի մասին է, որը կարող է լինել մի կողմից նախաձեռնությանը Փարիզի ներգրավման, մյուս կողմից այդ հենման կետի վրա առավել ընդգրկուն ալյանսի ձեւավորման գործընթացի հնարավորություն:
Գործընթաց, որն ինքնին արդեն իսկ կունենա կանխարգելիչ պատասխանի ներուժ, մինչ որպես արդյունք առավել ընդգրկուն եւ ուժեղ պատասխանի հասնելը:
lragir.am/2020/09/10/577595/