Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք. վարչապետ Փաշինյանը խոսեց հուլիսյան մարտերի տրամաբանության մասին
16 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ: «Էրզրումի Աշքալէ քաղաքին մէջ կը տօնեն հայերէն «ազատագրուելու» յոբելեանը»
16 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 14-ի հայտարարությունը համարում է կառուցողական և տրամաբանական: Վարչապետն այս մասին խոսեց ԱԺ ամբիոնից պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ընթացքում: «Այն բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու հայկական կողմի պատկերացումներին համապատասխանում է: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, մենք արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց ասել ենք նաև, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ մինչև այդ հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի: Քանի որ եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա: Բանակցելն այդ հարցերը լուծելու նպատակ ունի և ոչ թե պետք է մեկնարկի այդ հարցերի լուծումից հետո: Այսինքն՝ եթե այդ հարցերը լուծվեն են, էլ բանակցություններն ինչի համար են»,-պարզաբանեց վարչապետը՝ ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Փաշինյանն ընդգծեց՝ իր ընկալմամբ՝ նախապայմաններ ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս: Իսկ բանակցությունների համար մթնոլորտը հուլիսյան մարտերից հետո հարիր է այնքան, որքան մարտերից առաջ, որովհետև հենց հուլիսյան դեպքերից առաջ Ադրբեջանի կողմից արվում էին ռազմատենչ և ռազմաշունչ հայտարարություններ, որոնք, ՀՀ վարչապետի բնորոշմամբ, ընդհանրապես համահունչ չեն բանակցային տրամաբանությանը:
«Բայց կարծում եմ, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է՝ Ղարաբաղի հարցն ունի բացառապես խաղաղ, բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը. մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը: Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում նախատեսված չէ. կան քննարկումներ:
Հուլիսի 12-ին Ադրբեջանը սանձազերծեց հարձակողական գործողություններ ՀՀ Տավուշի մարզի սահմանի ուղղությամբ՝ թիրախավորելով ոչ միայն մարտական դիրքերը, այլ անգամ հրետակոծելով քաղաքացիական բնակավայրերն ու օբյեկտները: Ադրբեջանի սադրանքներն ի վերջո ձախողվեցին մի քանի օր փորձերից, դիվերսիոն ներթափանցման փորձերից հետո, երբ «Անվախ» դիրքը և ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ մղեցին և իրավիճակն առան լիակատար վերահսկողության տակ: Ադրբեջանը տվեց մարդկային բազմաթիվ կորուստներ:
armenpress.am/arm/news/1027871.html