Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց զինվորական վարժանքներ
19 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կանցկացվեն կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքներ, որոնց դիմումների ընդունումը մեկնարկում է հոկտեմբերի 1-ից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները:
Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն: Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը:
Մինչ ծրագրում ընդգրկվելը թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում (կստուգվեն թեկնածուների կողմնորոշման ընդունակությունը, հարմարվողականությունը ծառայության պայմաններին, սթրեսակայունությունը և այլն), որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Վարժանքների ավարտին կկազմակերպվի մասնակիցների ավարտական ստուգարք: Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում՝ ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված պայմաններում և վայրում ՀՀ ԶՈՒ ընդունված ձևաչափով:
Վարժանքներին սկզբում և վերջում կմասնակցի նաև Աննա Հակոբյանը:
Ցանկացողները դիմումները՝ (անձնագրի պատճեն ու ինքնակենսագրական) կարող են ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ՝ info@annahakobyan.am հասցեով, ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը:
armenpress.am/arm/news/1028192.html