Հայաստանը՝ մահապարտ բուֆեր. Ռուսաստանի խնդիրը արագությունն է – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ
12/03/2021 – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: – ezerk.am
Բանակ-պետության հայ ավանդույթը 1000 տարի է չկա. Պատրանքներ չունենանք
Հայաստանը՝ մահապարտ բուֆեր. Ռուսաստանի խնդիրը արագությունն է – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ
12/03/2021 – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ – ezerk.am
Սկիզբը՝ այստեղ
Ռուսաստանի դերը Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում հստակ պատկերացնելու համար անհրաժեշտ է նայել հայ–ռուսական անմիջական առնչությանը՝ կապ պաշտպանելով ժամանակային տարբեր հատվածների եւ ներկա միտումների միջեւ: Նման մոտեցումը պատկերացում է տալիս գալիքի մասին այն դեպքում, եթե Հայաստանը որեւէ բան չձեռնարկի օտար պլաններին դիմադրելու համար: 30 տարիներն այդպիսինն էին: Այս եղանակով կարելի է ուղղություններ նշել դիմադրության եւ պետության ապագա կառույցի նախագծման համար
Բնականաբար, խնդիրը բարդանում է Ռուսաստանի կողմից հայկական պետությունը պաշտպանունակության «սպեցիֆիկ» մակարդակի վրա պահելու հետեւողական ջանքերի պարագային: Այդուհանդերձ, այլ ելք չկա: Առաջին պլան է գալիս ժամանակը, որը 200 տարի, 100 տարի, 50 տարի շարքով սղվում է հաշված տարիների՝ այնուհետեւ ամիսների չափով:
Ինչն էր ներկա վիճակի մոտակա ակունքը
35 տարով հետ գնանք: Խորհրդային պետության կառավարելի կազմաքանդման ռազմավարությունը, որ ԽՍՀՄ իշխանությունները, ավելի ճիշտ Յուրի Անդրոպովի ապարատը, մշակել էր դեռեւս 1982-83 թվականներին, բնականաբար պարունակում էր ռուսների Կովկասից հեռանալու բաղադրիչը:
Հարավային ուղղությունը առավել վտանգվածն էր առանց ազգային արվարձանների մնացող Ռուսաստանի համար: Պատճառը՝ 1921 թվականին Հայաստանը իր «վիլսոնյան» սահմաններում ոչնչացնելն էր: Ազատվելով հայկական սպառնալիքից եւ շահելով իբրեւ իմպերիա գոյատեւելու հնարավորություն, Ռուսաստանը մոտ 60 տարի անց բախվելու էր արդեն ոչ թե հայկական, այլ թուրքական եւ մահմեդական սպառնալիքին: Այս երկուսի փոխադարձ առնչության մեջ Ռուսաստանի դերի մասին կարելի է որոշ պատկերացում կազմել այս շարքից:
Հարավից Ռուսաստանի ընդհանուր պաշտպանությունը ժամանակի տեսանելի հատվածի վրա պիտի իրականացներ Հայաստանը: Հնարավո՞ր էր իրականացնել նման ծրագիր Մոսկովյան 1921թ. ռուս-թուրքական պայմանագրով առաջացած status quo հանգամանքներում: Անշուշտ ոչ: Հնարավո՞ր էր վիճարկել այն ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ: Նույնպես՝ ոչ: Ապա որն էր ելքը Անդրոպովի համար:
Ռուսաստանի մնալն ու հեռանալը Հայաստանից
Status quo փաստացի խախտելը ԽՍՀՄ պետական սահմանից ներս, առանց Մոսկովյան պայմանագրին ուղղակի դիպչելու: 1987-ին, արդեն Անդրոպովի մահվանից հետո գործադրվեց նրա «Միացում» ծրագիրը, որ կարեորագույն մաս էր կազմում խորհրդային իմպերիայի [Լավրով, 1] կառավարելի փլուզման «Կաբան» կոչված ծրագրի: Բնականաբար այդ կարգի ռազմավարական խնդրի իրականացումը կատարում էր ԿԳԲ-ն, շրջանցելով նույնիսկ կոմկուսակցական մարմիններին եւ հենվելով անմիջապես բանակային կառուցվածքների վրա:
Ղարաբաղյան շարժման հետագա ընթացքին չանդրադառնալով, նշենք միայն երկու կարեւոր հանգամանք, որ անմիջական կապ ունենե ներկայի հետ՝ տնտեսականն եւ ռազմականը:
Ռուսաստանը, ի տարբերություն մնացած բոլոր միութենական հանրապետությունների, Հայաստանի նկատմամբ գործադրեց տնտեսության տոտալ ապաարդյունաբերականացման, դեինդուստրիալիզացիայի ծրագիր: Բաքվի կողմից Հայաստանի էներգետիկ բլոկադան իրականացվել էր Մոսկվայի հետ համաձայնեցված: Ինչու հանկարծ այսպիսի դաժանություն: Մի՞ թե նորից ծնող հայերի հանդեպ ռուս որդիական 1000-ամյա «էդիպյան» կոմպլեքսներն ու պատմական «աբիդաները»: Ամենեւին ոչ:
Մեկ Հայաստան՝ «երկու» Ռուսաստան
Պատճառը Հայաստանի առջեւ 1988-ին կանգնած ռազմական զգալի առաջխաղացման խնդիրն էր դեպի արեւելք: Անմիջապես, Հայաստանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի շտաբի պետի տեղակալ է նշանակվում Անատոլի Զինեւիչը, որ մեծ առաքելություն ուներ Արցախի պաշտպանության գործում: Թույլ տալ Հայաստանի տարածքային նման ծավալում եւ միաժամանակ բնակչության թվի եւ տնտեսական ներուժի պահպանում՝ կնշանակեր նորից վերակենդանացնել 1921-ին վերացված հայկական սպառնալիքը Ռուսաստանին:
Ռազմական ոլորտում, ընդհակառակը Մոսկվան ջանում էր Հայաստանում պահպանել խորհրդային բանակի ստրուկտուրան՝ հագեցնելով դա հայ զորակոչիկներով եւ Ռուսաստանից կանոնավոր եղանակով գործուղվող հայ բազմափորձ սպայակազմով: Ռազմական շինարարության ընթացքը, սակայն, այլ կերպ դասավորվեց՝ հայ ավանդական հայդուկային ինքնըմբռնմանը համապատասխան: Այս մտայնությունը չսպառվեց նույնիսկ 30 տարի անց:
Ֆորպոստից դեպի բուֆեր. Խնդիրը արագությունն է
Այսպիսով, նոր-նոր կազմավորվող պետական համակարգերի համար բնորոշ իրավիճակ էր ձեւավորվել: Խոսքը հնարավորությունների եւ սպառնալիքների համալիրի մասին է, որից անհրաժեշտ էր օգտվել:
Աֆղանստան ներխուժում իրականացրած խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի տեղակալ գեներալ Անատոլի Զինեւիչը Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ-շտաբային ղեկավարություն իրականացնողն էր 1992-94 թվականներին: Մինչեւ 2000 թվականը ՀՀ պաշտպանության փոխնախարար էր |
Ինչպես նշել էինք նախորդ հատվածում, Հայաստանը դասական բուֆերի դեր է խաղալու մոսկովյան ծրագրերում Ռուսաստանի ետքաշումը Կովկասից հնրավորինս դանդաղացնելու համար: Մոսկվան իրականացնելու է լավագույն դեպքում օջախային պաշտպանության տակտիկա պայմանական դարձած ռուս-թուրքական «սահմանի» առանձին հենակետերի շուրջ՝ Գյումրի, Տավուշ, Շուշի, Մեղրի: Մոսկվայի խնդիրն է հայերի միջոցով դանդաղեցնել թուրքերի շարժումը դեպի ռուսական Կովկաս: Նման փորձ կա սիրիական Իդլիբում: Ընդ որում, սիրիական շատ տարածքներ զիջվել են թուրքերին:
Հայկական պատասխանը այս ծրագրերին արտակարգ եւ առաջին հերթին դիվանագիտական ասպարեզում պիտի լինի: Ռուսահպատակության, միակ երաշխավորի, երկարաժամկետության մասին դատողություններ անողները ծանր պատասխանատվության տակ են մտնում: Ժամանակը այլ մասշտաբի է:
ezerk.am/?p=11401