Օգնեցինք հաղթել Բաքվին, դուք էլ մեզ հասկացեք Ղրիմի հարցում․ Մոսկվայից՝ Անկարային

Օգնեցինք հաղթել Բաքվին, դուք էլ մեզ հասկացեք Ղրիմի հարցում․ Մոսկվայից՝ Անկարայի

Օգնեցինք հաղթել Բաքվին, դուք էլ մեզ հասկացեք Ղրիմի հարցում․ Մոսկվայից՝ Անկարային

17.04.2021 | Քաղաքականություն | Lragir.am,

Մոսկվան հույս ունի, որ Անկարան կլսի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կոչը՝ վերլուծել Կիեւի ռազմատենչ հայտարարությունները եւ չսնել ուկրաինական իշխանությունների ռազմատենչ տրամադրությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,- Ռուսաստանը Թուրքիայի ղեկավարության հետ շփման ընթացքում կոչ է անում զերծ մնալ Կիեւի ռևանշիստական նկրտումները խթանող քայլերից:

«Թուրքիայի Հանրապետության ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք պարբերաբար կարծիքներ ենք փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի բոլոր, նույնիսկ շատ նուրբ հարցերի շուրջ: Մենք միշտ շեշտում ենք այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում քայլերից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են իրավիճակի վատթարացում առաջացնել Դոնբասում: Մենք մտադիր ենք շարունակել շահագրգիռ մասնագիտական երկխոսությունն օտարերկրյա գործընկերների հետ՝ խրախուսելով նրանց ոչ թե խթանել ռեւանշիստական տրամադրությունները Կիեւում, այլ առկա բոլոր քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով նպաստել Ուկրաինայի շուրջ իրավիճակի կայունացմանը եւ բարելավմանը», ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ի պատասխան Մոսկվայի կոչերի՝ Անկարան հայտարարել է, որ Ուկրաինային սպառազինության, այդ թվում Բայրաքթարների մատակարարումը բիզնես է, եւ Ռուսաստանն էլ կարող է գնել դրանք։ Նման կերպ ռուսներն արձագանքում էին Հայաստանի կոչերին՝ չզինել Բաքվին: Ընդ որում, Մոսկվան Բաքվին սպառազինություն էր մատակարարում ոչ միայն բիզնես, այլեւ քաղաքական նպատակներով՝ մատակարարելով նաեւ պատերազմի իրավունքը եւ հայերին զսպելու երաշխիքները։ Հայերը դրանում համոզվեցին 2020-ի պատերազմին։

Իր հերթին, ռուս եւ ուկրաինացի փորձագետները մշում են, որ «Կիեւի ռեւանշիզմը» եւ թուրքերի ակտիվությունն Ուկրաինայում շատ կոնկրետ քաղաքական ու ռազմական հիմքեր ունի․ դա Արցախում Հայաստանի դեմ պատերազմն է եւ Ռուսաստանի դերն ու մասնակցությունը։ Նշվում է, որ դա մի կողմից ռուսական ռազմական մեքենայի պարտությունն էր, մյուս կողմից առանձնահատուկ շեշտվում է իր դաշնակից Հայաստանին հանձնելու, պայմանագրային պարտավորությունները չկատարելու եւ նրա պարտությունը կազմակերպելու Կրեմլի քաղաքականությունը։

Անկարայում լավ գիտեն Կրեմլի քաղաքական բարդույթներն ու մոտիվացիան, եւ Կիեւին սպառազինության ու Արցախում ռազմական փորձի հետ միասին փոխանցում են նաեւ այդ իմացությունը։ Ղրիմի դիմաց Հայաստանը հանձնելու ռուսական հնարավոր փորձերը խնդրահարույց են, նույնիսկ Հայաստանում ռուսահպատակ այսպես կոչված քաղաքական դասի ու զլմ-ների առկայությամբ, որոնք ամաճում են ռեւանշիզմ բառից՝ հայկական իրավունքների ու պահանջների համատեքստում։

Կրեմլը կրկին հույս է հայտնել, որ Թուրքիան կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։ Թուրքիան իրականում լավ է հասկացել, հատկապես Հայաստանի դեմ Ռուսաստանի հետ Արցախում «համատեղ իրականացված բարդ օպերացիայից հետո»։ Հայկական հնամենի Ղրիմի համար «բարդ օպերացիաներ» են սպասվում։

lragir.am/2021/04/17/635112/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail