Բայդենի որոշումը հայերին վերջին հնարավորությունն է տալիս դերակատարություն ունենալ ռուս-թուրքական կաղապարից դուրս
03.05.2021 | Մեկնաբանություն | Lragir.am, – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի ուղերձից եւ ամերիկյան կողմի՝ Արցախի կարգավիճակի, տեղահանվածների վերադարձի, երկարատեւ լուծման հասնելու եւ Հայաստանի ինքնիշխանությանն աջակցության վերաբերյալ հայտարարություններից հետո Մոսկվան ստիպված էր արձագանքել: Կրեմլը ժխտեց Հայոց ցեղասպանությունը, իսկ Բայդենի որոշումն անպատեհ համարեց Արցախի կարգավորման տեսակետից: Ռուսական պաշտոնական շրջանակները պնդում են, թե Բայդենի որոշումը կարող է խանգարել եւ փակուղի մտցնել կարգավորումը:
Ինչի՞ն խանգարել, եւ որն է Արցախի խնդրի վերաբերյալ ռուսական «կարգավորման» տեսլականը: Կրեմլը Արցախը հայտարարել է Ադրբեջանի տարածք եւ բացառել կարգավիճակի հարցը, իր զորքը տեղակայելով այդ, ինչպես նաեւ Շուշին ու Հադրութը Բաքվին հանձնելու պայմանով: Մինսկի խմբին արվող հղումներն արվում են հայերին «հանգստացնելու» նպատակով՝ մեղմելու թշնամական քաղաքականության տպավորությունը, իսկ իրականում Մոսկվան հույս ուներ Մինսկի խմբում լեգիտիմացնել Հայաստանի դեմ պատերազմի արդյունքներն ու եռակողմ հայտարարությունը: Բացի այդ, Մինսկի խմբում կարգավորումը շարունակելու մոսկովյան ժամանակ առ ժամանակ արվող ակնարկներն ուղղված են թուրքական կողմի հանդեպ որոշակի լծակների պահպանմանը:
Զուգահեռ Մոսկվան Բաքվի հետ չի դադարում Մինսկի խումբը վերացնելու ուղղությամբ ջանքերը: Բաքվի խորհրդարանում վերջին քննարկումները ցույց են տալիս, որ նպատակ է դրվել փորձել Ֆրանսիային հանել Մինսկի խմբից: Դա անկասկած նախաձեռնված է Մոսկվայից, նկատի առնելով, որ «հակամարտության կողմերն իրենք պետք է որոշեն Մինսկի խմբում կարգավորումը շարունակելու հարցը», ինչպես բազմիցս հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, եւ Բաքուն կատարում է իր դերը: Սա շատ նման է Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հարցազրույցի սկանդալային հատվածի արտահոսքին, որում Իրանի ԱԳ նախարարը դժգոհում էր, որ ռուսներն են տապալել միջուկային գործարքն ու իրանա-ամերիկյան կարգավորումը:
ԱՄՆ-ն պատերազմի հետեւանքները լեգիտիմ չի համարում եւ չի ընդունում եռակողմ հայտարարությունը որպես կարգավորում, այդպիսով մերժելով Բաքվի ու Մոսկվայի պնդումները: Ռուսական պաշտոնական շրջանակները հղում են անում Բաքվին, որը համաձայն չէ Մինսկի խմբում կարգավորումը շարունակելու եւ մասնավորապես Արցախի կարգավիճակի քննարկմանը, համարելով, որ հակամարտություն այլեւս չկա: Սակայն հասկանալի է, որ Բաքուն նման հայտարարություններ չէր անի, եթե չունենար Մինսկի խմբի համանախագահներից մեկի աջակցությունը: Դատելով Մոսկվայի ու Բաքվի հայտարարությունների ներդաշնակությունից, այդ համանախագահը Ռուսաստանն է:
Բաքուն ներկայում խոսում է Ստեփանակերտը վերահսկողության տակ վերցնելու եւ Զանգեզուրի միջանցքի մասին, պնդելով, որ այդ հարցերն ամրագրված են եռակողմ հայտարարության մեջ: Հայաստանը պնդում է, որ նման բան չկա, եւ հայտարարության հրապարակված տարբերակում իսկապես այդ հարցերը չկան: Սակայն չի բացառվում, որ կա երկրորդ տարբերակը, կամ էլ Բաքուն պարզապես բարձրաձայնում է Մոսկվայի հետ իր պայմանավորվածությունները, եւ երեւում է՝ հենց այդպես էլ կա:
Բայդենի որոշումը հայերին վերջին հնարավորությունն է տալիս դերակատարություն ունենալ ռուս-թուրքական կաղապարից դուրս, որը 200 տարի հանգեցրել է մարդկային ու տարածքային աներևակայելի կորուստների: Դա է պատճառը, որ Բայդենի որոշումը Կրեմլում խուճապ է առաջացրել: Լավրովի այցը Երեւան թերեւս վերջին փորձն է հայերին տրված այդ հնարավորությունը կանխելու:
www.lragir.am/2021/05/03/638860/