Որեւէ Փաստաթուղթ Ստորագրելիս Անպայման Պէտք Է Հաշուի Առնուի Հայաստանի Տարածքային Ամբողջականութիւնը Եւ Արցախի Անվտանգութիւնը
02 ՅՈՒՆԻՍ 2021 – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի հաղորդակցութեան եւ հանրութեան հետ կապերու պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ հարցազրոյց վարած է «Լրագիր» կայքը։
Սիրանոյշ Պապեան.- Եւրախորհրդարանը 607 պատգամաւորների կողմ ձայներով բանաձեւ ընդունեց, որով կոչ է անում Ադրբեջանին անյապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ուժ կ՛ունենայ այս բանաձեւը։
Յարութ Շիրինեան․- Եւրոպայի Հայ դատի յանձնախումբը ողջունում է Եւրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որովհետեւ այն արդար եւ ուժեղ բանաձեւ է։ Այն ոչ միայն պահանջում է ռազմագերիների, այլ բոլոր ազատազրկուած հայերի վերադարձը՝ անկախ այն հանգամանքից, թէ նրանք երբ եւ ինչ պայմաններում են ազատազրկուել Ադրբեջանի կողմից։
Բանաձեւը նաեւ խիստ բառապաշարով դատապարտում է Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը մեր ռազմագերիների նկատմամբ, եւ Ադրբեջանի իշխանութիւնների մերժումը՝ համագործակցելու միջազգային կազմակերպութիւնների, օրինակ Կարմիր Խաչի կամ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի հետ, ինչպէս նաեւ իրաւաբանների եւ մարդու իրաւունքների խնդիրներով զբաղուող անձանց կողմից ռազմագերիներին այցելելու արգելումը։ Պէտք է նաեւ նշել, որ չնայած այս բանաձեւի սեւագիր տարբերակը պատրաստուել էր մի քանի շաբաթ առաջ, բայց Եւրախորհրդարանի անդամները Սիւնիքի դէպքերը տեսնելով ցանկացան դա ներառել բանաձեւում եւ խիստ քննադատել Ադրբեջանի կողմից վերջին օրերի ռազմական աշխուժութիւնը եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան խախտումը։ Բանաձեւը նաեւ անդրադառնում է հայ ժողովրդի եւ Արցախի բնակչութեան անվտանգութեանը, հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան խնդրին եւ, ի վերջոյ, եւս մէկ անգամ հաստատում է Եւրախորհրդարանի սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափին եւ նրա հիմնարար սկզբունքներին՝ յստակ նշելով ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզբունքը։ Ինչպէս տեսնում ենք, իսկապէս ուժեղ եւ արդար բանաձեւ է։ Ես այս առիթն ուզում եմ օգտագործել եւս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնելու Եւրախորհրդարանի այն բոլոր անդամներին, որոնք ընդառաջեցին ՀՅԴ Հայ դատի գրասենեակի եւ Բելգիայում Հայաստանի դեսպանատան համատեղ պահանջներին։
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ․- Որքանով այս բանաձեւն ազդեցութիւն կ՛ունենայ ադրբեջանական կողմի համար, կարո՞ղ ենք ակնկալել գերիների արագ վերադարձ։
Յարութ Շիրինեան․- Դժուար է ասել՝ արդեօք այս բանաձեւը Ադրբեջանի կեցուածքի վրայ յստակ ազդեցութիւն կ՛ունենայ եւ կ’արագացի գերիների ազատ արձակումը։
Բնականաբար, մեր ռազմագերիների վերջնական ազատ արձակումը բոլորիս նպատակն է, նաեւ Եւրախորհրդարանի պահանջն է, Եւրախորհրդարանի նիստում ելոյթ ունեցած բոլոր պատգամաւորների պահանջն է։ Սակայն, դժբախտաբար, տեսնում ենք, որ Ադրբեջանը մեր ռազմագերիների ազատազրկումը ամօթալի ձեւով օգտագործում է, որ աշխարհաքաղաքական կամ նոր տարածքային շահեր ապահովի։ Սա մեզ համար անընդունելի է։ Մէկ բան սակայն յստակ է, որ այս բանաձեւը ներկայանում է որպէս եւս մէկ գործիք Եւրամիութեան դիւանագիտութեան համար՝ ի դէմս իր արտաքին գործերի ծառայութեան եւ յանձնակատար Ժոզեֆ Բորելի, որպէսզի աւելի բարձր մակարդակի ջանքեր, քաղաքական կամ դիւանագիտական ճնշում բանեցնի Ադրբեջանի վրայ՝ ապահովելու համար մեր գերիների անյապաղ վերադարձը։
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ․- Սիւնիքի մարզի իրադարձութիւնների վերաբերեալ աջակցութիւն նկատուեց Եւրոպայի եւ Ամերիկայի կողմից։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հայաստանն այս հարցով այդպէս էլ չդիմեց ՄԱԿին։
Յարութ Շիրինեան․- Ընդհանրապէս լաւ է, որ միջազգային հանրութիւնը պատրաստակամութիւն յայտնեց օգնել Հայաստանին, բայց թէ ինչու Հայաստանի իշխանութիւնները չդիմեցին ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդ, այդ հարցը պէտք է ուղղել Հայաստանի իշխանութիւններին։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող ունենալ։
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ․- Խօսւում է, որ սահմանների ճշդումի գործընթացների հետ կապուած հնարաւոր է փաստաթուղթ ստորագրուի առաջիկայում։ Ի՞նչ կարծիք ունէք այդ արդէն իսկ հրապարակուած փաստաթղթի վերաբերեալ։
Յարութ Շիրինեան․- Ինձ համար բաւական տարօրինակ է եւ հարցադրումների դուռ է բացում, որ երկրի վարչապետը, որ հրաժարական է տուել, այլեւս վարչապետ չէ, այլ միայն պաշտօնակատար, այսպիսի մեծ կարեւորութիւն ունեցող փաստաթղթեր կամ համաձայնագրեր ստորագրի, որոնք առնչւում են Հայաստանի պետականութեանը եւ երկրի սահմաններին։
Կարծում եմ՝ չպէտք է շտապել, պէտք է սպասել ընտրութիւնների աւարտին։
Ընդհանրապէս որեւէ փաստաթուղթ ստորագրելիս, յատկապէս մեր թշնամի երկրների հետ, անպայման պէտք է հաշուի առնի հետեւեալ երկու հանգամանքները. Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ու հիմնարար իրաւունքները։
«Լրագիր»
asbarez.com/arm/390434/որեւէ-փաստաթուղթ-ստորագրելիս-անպայմ/