Մոսկվայում անարդյունք բանակցությունից հետո Երևանը հրաժարվեց
04 ՅՈՒՆԻՍ 2021 – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Մոսկվայում եռակողմ բանակցությունների ավարտից հետո պաշտոնական Երևանը հանդես եկավ մի շարք կոշտ հայտարարություններով: Հիշեցնենք, որ Մոսկվայում քննարկվել են գերիների ու Հայաստանի տարածքից Բաքվի զորքը հանելու խնդիրները։
«Ադրբեջանը գերիներին օգտագործում է որպես քաղաքական պատանդներ և լծակներ այլ նպատակների հասնելու համար», ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայաստանի իշխանությունները երբեք չեն քննարկել և չեն քննարկելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, – ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ ոչ մի փաստաթղթում նշված չէ:
Ադրբեջանից ռազմագերիների վերադարձի շուրջ բանակցությունները շարունակվում են ամենաբարձր մակարդակով, ասել է Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով, հունիսի 2-ին Մոսկվայում անցկացված քննարկումների հիմնական թեման գերիների վերադարձն էր և ադրբեջանական ուժերի դուրսբերումը Հայաստանի սահմանամերձ տարածքներից:
«Ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը, և դա, անշուշտ, տեղի կունենա մեր ռազմավարական և այլ գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր զինված ուժերի աշխատանքի արդյունքում», ասել է Թորոսյանը:
Նա հայտարարել է, որ սահմանների, գյուղերի, սահմանազատման հարցերի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություններ չկան: Սահմանազատումը երկար և աշխատատար գործընթաց է, որը տևում է տասնամյակներ: Եվ պետք չէ ակնկալել արագ իրավական որոշումներ: Նա նաև ավելացրել է, որ սահմանազատման հարցը ոչ մի կապ չունի Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման հետ:
Այսպիսով, Երևանը հայտարարում է, որ մտադիր չէ ենթարկվել ռազմագերիների և պատերազմի սպառնալիքներով շանտաժին: Երևանը պահանջում է վերադարձնել գերիներին և դուրս բերել զորքը, և մտադիր չէ կատարել սահմանազատում և բացել միջանցք: Դրա համար կա «համագործակցություն մեր ռազմավարական և այլ գործընկերների հետ»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ԵԽ նախագահ Շարլ Միշելը հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում «երկարաժամկետ կարգավորման» անհրաժեշտության մասին: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշևիչը նույնիսկ ստիպված եղավ հայտարարել, որ շուտով Մինսկի խմբի համանախագահները կկարողանան այցելել Արցախ:
«Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է: Բաքուն շարունակում է Հայաստանի հարավային սահմանները բռնի կերպով գրավելու իր փորձերը: Մենք մտահոգված ենք, որ դա կարող է կտրել Երևանը մեզանից», ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսական գործակալությունը նաև հայտնում է, որ Ալիևը «անտեսել է Փաշինյանի կոչը» զորքերի դուրսբերման և սահմանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների զորքերի տեղակայման վերաբերյալ:
Համաձա՞յն էր ՄԽ համանախագահ երկրները սահմանին դիտորդներ տեղադրելու գաղափարի հետ:
www.lragir.am/2021/06/04/646610/