ՀԱԿԱՀԱՅ ԲԱՆԱՁԵՎ – ՀԱԿԱՀԱՅ ԲԱՆԱՁԵՎ – ՀԱԿԱՀԱՅ ԲԱՆԱՁԵՎ – Արշալույս Զուրաբյան
Օ1 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – Կարդալ նաեւ՝
1920 թ. սեպտեմբերի 1-8-ը Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կոմինտերնի գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ հրավիրվեց Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարը, որի աշխատանքներին մասնակցեց 2.045 պատգամավոր (101-ը՝ Հայաստանից):
Պատվիրակների թվում էին նաև Օսմանեան կայսրությունում հայերի ջարդերի կազմակերպման համար մահապատժի դատապարտված, բայց Խորհրդային Ռուսաստանում գրկաբաց ընդունված հանցագործներ Իսմայիլ Էնվերը, Բեհաէդդին Շաքիրն ու Խալիլ փաշան:
Համագումարում հնչած ելույթներում ու ընդունված փաստաթղթերում Արևելքի ժողովուրդներին կոչ էր արվում «սրբազան պատերազմ» ծավալել «միջազգային իմպերիալիզմի», այդ թվում՝ նրա դաշնակից Հայաստանի Հանրապետության դեմ:
Թուրք ու ադրբեջանցի պատվիրակներից ոչ պակաս ագրեսիվությամբ աչքի էին ընկնում հայ բոլշևիկները, որոնք իրենց ելույթներում հանդես էին գալիս խորհրդային Ռուսաստանի ու Ադրբեջանի օգնությամբ ՀՀ-ում օրինական իշխանությունը տապալելու կոչերով:
Նրանք համոզված էին, որ դա է «փրկության միակ ուղին», այլապես Հայաստանը վերջնականապես կգլորվի Արևմուտքի գիրկը եւ «կխայտառակի մեզ ամբողջ աշխարհի հեղափոխության առջև»։
Համագումարի կողմից ընտրված «Քարոզչության ու գործողության խորհրդի» նախագահությունը, հավանություն տալով «Մերձավոր Արևելքի քաղաքական ներկա պահի մասին» զեկուցագրին, որը մշակվել էր Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմատի պատասխանատու աշխատակից Ա․ Սկաչկոյի կողմից, 1920 թ. սեպտեմբերի 18-ին ընդունեց մի բանաձև, որի դրույթներն ուղղված էին հայոց պետականության և հայ ժողովրդի դեմ: Առաջարկվում էր հնարավոր բոլոր միջոցներով օգնել թուրքերին և նրանց ռազմարշավի միջոցով հասնել հայոց պետականության կործանմանը:
Մշակված ծրագրի համաձայն թուրքական զորքերն անցնելու էին հարձակման, հաջորդ փուլում՝ Ռուսաստանը պետք է քարոզչական «ահավոր աղմուկ բարձրացներ Եվրոպայում» և «թուրք-հայկական նոր կոտորածները» կանխելու անհրաժեշտությունից ելնելով, որպես «խաղարարար, փրկարար ու հաշտարար» մտներ Հայաստան և հաստատեր խորհրդային վարչակարգ՝ «փրկելով հայ ժողովրդին»:
Հայոց պետականության ոչնչացման մասին այս փաստաթուղթը նաև Հայաստանի մասնատման որոշում էր, որի իրագործումը կյանքի են կոչում երկու գիշատիչ, միջազգային ճանաչում չունեցող պետական կազմավորումներ, այն է՝ խորհրդային Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան:
Դավադիր ծրագրի երևան գալուց հինգ օր անց՝ 1920 թ. սեպտեմբերի 23-ին, Քյազըմ Կարաբեքիրի բանակը ներխուժում է Հայաստան և սկսվում է հայ-թրքական պատերազմը: Թրքական հարձակումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում գումարված ՌԿ(բ)Կ կենտկոմի պլենումը որոշում է՝ «Փողով և զենքով փաստացի օգնություն ցույց տալ քեմալականներին»։
1920թ․ նոյեմբերի 29-ին Հայաստան են ներխուժում խորհրդային Ռուսաստանի զորամասերը․․․
Արշալույս Զուրաբյան