ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում. ԱՄՆ դեսպան
11 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
Արցախյան հարցի կարգավորման համար ԱՄՆ–ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի ներքո։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նրա խոսքով` հարցը պետք կարգավորվի բանակցությունների միջոցով:
«Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առիթներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել: Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասաց նա:
Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի գերիների հարցը դեռ լուծված չէ։
«Ինչպես գիտեք, ԱՄՆ–ն որոշակի քայլեր ձեռնարկել է, ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր են գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել: Մենք հույս ունենք, որ կհասնենք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք»,–ասել է Թրեյսին:
Հիշեցնենք` հայ ռազմագերիներից երկուսը հայրենիք վերադարձան սեպտեմբերի 7-ին։ «Էրեբունի» օդանավակայանում նրանց դիմավորեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն ավարտում է իր առաքելությունը, և նրա հավանական փոխարինողը՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օդանավակայանում էր և հաջողվել է արձանագրել հայ գերիների վերադարձի բացառիկ դրվագները։
2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին էր փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
ՀՌազմագերիների վերջին խումբը Հայաստան էր վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։ Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 105։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
artsakhpress.am/arm/news/150035/lx-kargavitchaki-harcy-lutsvats-che-ev-ayn-mnalu-e-minski-khmbi-orakargum-amn-despan.html