Միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու. դեսպան Լաքոթ
11 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
Ժոնաթան Լաքոտի մաղթանքը հայերին. «Պետք է հույսը ձեզ վրա դնեք եւ պահպանեք ազգային միասնությունը»
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն ավարտում է իր առաքելությունը։ Հրաժեշտից առաջ «Հետքը» զրուցել է դեսպանի հետ Արցախի հարցի, հայ-ֆրանսիական հարաբերությունների, Հայաստանում նրա փորձառության մասին։
Պրն դեսպան, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 30-ամյակն էր: Երեք տասնամյակ Արցախի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման, այդ տարածքում բնակվելու իր իրավունքի համար: Ձեր վերջին հարցազրույցում Դուք ասացիք, որ Ֆրանսիան մի երկիր է, որը պայքարում է բնակիչների՝ իրենց տարածքներում մնալու իրավունքի համար: Արցախի հարցում ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումը:
Պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմից ամիսներ անց Ղարաբաղի հարցը բաց է, պատերազմը որեւէ լուծում չբերեց։ Պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղում ապրող հայերի համար գոյաբանական սպառնալիք կա։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ 21-րդ դարում մենք չենք կարող ընդունել, որ մարդիկ չկարողանան ապրել իրենց տանը։ Չենք կարող ընդունել, որ նրանք առճակատվեն այնպիսի խնդիրների, ինչպիսիք են պատերազմը կամ արտաքսումը։ Նպատակը պետք է լինի՝ վերսկսել բանակցությունները եւ ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեծ առաջընթաց է, քանի որ հրադադարի հնարավորություն է ընձեռել, սակայն կարգավիճակի հարցը բաց է։ Ֆրանսիայի առաջնահերթությունն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի հնարավոր լինի վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մինսկի խմբի դերակատարումն այսօր ավելի կարեւոր է, քան անցյալում էր։ Մեր առաքելությունը Ղարաբաղի բնակչության պաշտպանությունն է։
Ադրբեջանը Ղարաբաղի հարցը համարում է լուծված եւ ընդգծում, որ Մինսկի խումբը 30 տարի անարդյունավետ է եղել: Համանախագահներն ազդեցության լծակ ունե՞ն Ադրբեջանի վրա: Հնարավո՞ր է վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը։
Իրականությունն այն է, որ միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու։ Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այդտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից բացի ոչ մի այլ միջազգային կազմակերպություն ներկայացված չէ։ Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։ Համանախագահ պետությունները մի քանի անգամ առիթ ունեցել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այդ մասին խոսելու՝ ընդգծելով, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակով, այլեւ այդ հայտարարությանը հետեւած մի շարք իրադարձություններով։
Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Զուգահեռաբար ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը խոսում են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին: Դուք ինչպե՞ս եք դա պատկերացնում նման պայմաններում:
Որոշ հարցերի շուրջ փակուղում ենք։ Փակուղում ենք գերիների հարցում, հաղորդակցության ուղիների հարցում, ոչ մի քննարկում, բանակցություն չի ընթանում Ղարաբաղի հարցով։ Տեսնում ենք, որ այս ստատուս-քվոն վտանգավոր է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջնահերթությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների վերսկսումն է Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հակամարտող կողմերն իրենք պետք է որոշեն այն առաջնահերթ հարցերը, որ իրենք կքննարկեն։
Առաջընթաց կա՞ այս առումով։
Կարծում եմ, որ հանգում ենք այնպիսի մի պահի, որ կողմերից յուրաքանչյուրը շահագրգռված է վերսկսել բանակցությունները։ Ամեն դեպքում, Հայաստանի կողմից եղել են հայտարարություններ վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակով, որը մենք ողջունել ենք։
Դուք նույն հակվածությունը տեսնու՞մ եք Բաքվի կողմից։
Ես Ֆրանսիայի դեսպանը չեմ Ադրբեջանում։
Պրն դեսպան, Դուք ասել եք, որ Ֆրանսիայի դերը նոր հակամարտությունից խուսափելն է եւ խաղաղության քաղաքական գործընթացում Հայաստանին ուղեկցելը։ Բայց մենք տեսնում ենք, որ երկու երկրները՝ Ադրբեջանը եւ Հայաստանը նոր սպառազինություն են ձեռք բերում: Տեսակետ է հնչում, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Կարծում եմ՝ միամիտ պետք է լինել՝ մտածելու համար, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտի ռիսկ չկա, նոր հակամարտություն հնարավոր չէ։ Սակայն, մեր դերը պետք է լինի ոչ թե պատրաստել կողմերին կամ որեւէ կողմի սատարել նոր հակամարտության դեպքում, այլ ամեն ինչ անել՝ նոր հակամարտությունից խուսափելու համար։
Կովկասյան տարածաշրջանում գերտերությունների մրցակցություն կա՞:
Հարավային Կովկասի համար մեծ հնարավորություն է այն, որ այստեղ համագործակցություն կա Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ։ Դժվարությունները, որ առկա են Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում, գոյություն չունեն Ղարաբաղի հարցի պարագայում։ Նախագահներ Մակրոնը եւ Պուտինը հաճախակի հեռախոսազրույցներ են ունենում մի շարք վիճելի հարցերի շուրջ, բայց Ղարաբաղյան խնդրի շուրջ ընդհանրություն կա։
Արցախյան պատերազմի ելքի համար վճռորոշ էր թուրքական ԱԹՍ-ների՝ բայրաքթարների կիրառումը, որի բազմաթիվ դետալներ մատակարարում են ամերիկյան, կանադական եւ եվրոպական, այդ թվում` ֆրանսիական ընկերություններ: Դրանցից որոշները պատերազմից հետո վերանայեցին իրենց մատակարարումները: Ֆրանսիայում նման գործընթաց կամ մտադրություն կա՞:
Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որ 2019-ին էմբարգո է կիրառել Թուրքիայի նկատմամբ Սիրիայի գործողություններից հետո։
Դուք բազմիցս կարեւորել եք Արցախի կորսված տարածքներում հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանությունը: Որպես մեխանիզմ դիտարկվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի առաքելության այցը, բայց դրա համար չի հաջողվում ստանալ Ադրբեջանի համաձայնությունը: Առաջընթաց կա՞ այս ուղղությամբ։
Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանությունը եղել է մեր առաջնահերթություններից մեկը, մասնավորապես այն պատճառով, որ այդ հարցը հիշատակված չէ նշված եռակողմ հայտարարության մեջ։ Անշուշտ, այդ ժառանգության պաշտպանությունն իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ոչ թե մեկ, այլ մի քանի առաքելության միջոցով։ Անհրաժեշտ է, որ այդ առաքելությունները կարողանան այցելել այն վայրեր, որոնք սպառնալիքի տակ են։ ՅՈՒՆԵՍԿՈ-ն առանձին կառույց է, սակայն Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային ժառանգության պահպանման երկկողմ համագործակցության հնարավորություն է հաստատվել, որպեսզի Հայաստանին հնարավորություն ընձեռենք գույքագրել իր ժառանգությունը, միեւնույն ժամանակ կրթական դասընթացներ կազմակերպենք վերականգնողների եւ ամրակայողների համար։ Սրանով հավաստում ենք, որ Հայաստանի մշակութային ժառանգությունը համամարդկային ժառանգության մասն է կազմում։ Որպեսզի այս անգամ ամեն ինչ արվի ավելի լավ, քան 2006-ին, երբ Ջուղայում ոչնչացվեցին հայկական խաչքարերը, եւ ավելի լավ, քան Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Սա վերաբերում է բոլոր ժառանգություններին։ Հայկական մշակութային ժառանգության առանձնահատկությունն այն է, որ հաճախ դրանք փոքրիկ տարրեր են՝ փխրուն խաչքարի, գրառումների տեսքով: Այդ ժառանգության պահպանումը միայն դրա ֆիզիկական գոյությունը չէ, այլ ինքնության պահպանումը։ Պետք է շատ աչալուրջ լինենք, որպեսզի այդ ժառանգության վերարժեւորում չլինի քաղաքական համատեքստում։
Պետք է հուսանք, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ի առաքելությունը հնարավորինս շուտ կայցելի Ղարաբաղ։
Դուք ավարտում եք ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Եթե ամփոփեք՝ ի՞նչ առաջընթաց գրանցվեց հայ-ֆրանսիական հարաբերություններում ձեր պաշտոնավարման տարիներին, եւ ի՞նչ բաց հարցեր մնացին, ո՞ր ոլորտում համագործակցությունը դեռեւս բարելավման կարիք ունի։
Անկախ Հայաստանում իմ իրականացրած առաքելությունից՝ այս պահին ֆրանս-հայկական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, բայց դրանք զարգացման մեծ պոտենցիալ ունեն։ Վերջին տարիներին մենք ամրապանդեցինք կրթական ծրագրերի շուրջ մեր համագործակցությունը։ Ֆրանսիական նոր դպրոց ունենք, որը եւ’ հայկական, եւ’ ֆրանսիական բաժին ունի, զարգացրել ենք Ֆրանսիական համալսարանը, որը հինգ ֆակուլտետ ունի, այդ թվում՝ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի։ Հայաստանը աշխարհի եզակի երկրներից է, որտեղ Ֆրանսիան կարողանում է կրթական ծրագիր ապահովել մանկապարտեզից մինչեւ ասպիրանտուրա։ Միեւնույն ժամանակ, ցանկացել ենք զարգացնել ֆրանսերենի ուսուցումը հայկական կրթական հաստատություններում։ Երբ ես ժամանեցի, Հայաստանում կար ընդամենը չորս դպրոց, որտեղ դասավանդվում էր ֆրանսերեն խորացված ուսուցմամբ, այսօր ունենք 18 դպրոց, եւ դրանք ծածկում են Հայաստանի աշխարհագրական ողջ տարածքը՝ Գյումրի, Վանաձոր, Իջեւան, Էջմիածին, Եղեգնաձոր, Գորիս, Սպիտակ։ Այս տարի ձեռնամուխ ենք եղել այդ ծրագրի ներդրմանն ավագ դպրոցում՝ շնորհիվ մեկ շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարության հետ ստորագրված համաձայնագրի։ Սակայն, կան բնագավառներ, որոնք ինձ փոխարինող դեսպանը կստանձնի, ինչպես, օրինակ, Ֆրանսիական ինստիտուտի բացումը Ազնավուրի կենտրոնում, Ֆրանսիական համալսարանի փոխադրումը նոր մասնաշենք։ Բնականաբար, յուրաքանչյուր դեսպան գալիս է իր մտքերով, ծրագրերով, եւ անշուշտ, կլինեն համագործակցության նոր ոլորտներ։
Ձեզ համար տեսանելի՞ են կրթության համակարգում Ֆրանսիայի ներդրման օգուտները, արդյունքները Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում:
ԱՆշուշտ, տեսնում ենք Ֆրանսիական համալսարանի ուսանողների միջոցով, որի շրջանավարտները պաշտոններ են զբաղեցնում տարբեր ձեռնարկություններում, վարչական կառույցներում։
Պրն դեսպան, Դուք շատ պոպուլյար եք սոցցանցերում։ Ձեր գրառումներով, լուսանկաներով հաճախ հանրայնացում եք Հայաստանի մշակույթը, ճարտարապետությունը։ Ձեզ համարում են Հայաստանի իսկական բարեկամ: Սոցցանցերը ձեզ օգնու՞մ են դիվանագիտության մեջ: Եվ արդյոք էմոցիաները տեղ ունեն դիվանագիտության մեջ։
Անշուշտ, դա սոցցանցերի երկակիությունից է բխում։ Սոցցանցերում ես հանդես եմ գալիս որպես անհատ, բայց միեւնույն ժամանակ դեսպան եմ։ Ես այդտեղ ներկայացնում եմ իմ բացահայտումները, միեւնույն ժամանակ օգտագործում եմ այդ հարթակները հատուկ ուղերձներ հղելու համար։ Երբ հուլիսին Երասխում բախումներ էին, ինձ համար գիշերվա 3-ին բացահայտեցի, որ շատերն արթուն էին։ Այդ արթուն մարդկանց ցանկացա ասել, որ ինքս էլ նույն իրավիճակում եմ, որ երբ Երեւանից 60կմ հեռավորության վրա իրավիճակը սրվում է, Երեւանում մարդիկ չեն կարող քնել։ Չորս տարի շարունակ ես ապրել եմ Հայաստանում եւ հայերի հետ։ Դեսպանի դերը իր երկրի իշխանությունների եւ հասարակության մոտ արտացոլելն է այն երկրի իրականությունը, որտեղ ապրում է։ Այդ գրառման մեջ շատերը նկատել են աջակցություն Հայաստանին։ Բայց նպատակս էր ներկայացնել Ֆրանսիան եւ անել այնպես, որ Ֆրանսիան հայ հասարակության սպասումների բարձրության վրա լինի։
Ինչպիսի՞ն տեսաք Հայաստանը, երբ 2017-ին եկաք, եւ ինչպիսի՞ն է այն հիմա, երբ հեռանում եք։
Երբ 2017-ին ժամանեցի Հայաստան, հանդիպածս առաջին մարդիկ ինձ վրա քարացածի տպավորություն թողեցին, նրանք ասում էին, որ ոչ մի սպասում պետք չէ ունենալ քաղաքական ոլորտում, բայց մի քանի ամիս անց տեղի ունեցավ հեղափոխությունը։ Այս չորս տարիները եղել են շատ հարուստ, եղել են երջանիկ իրադարձություններ, ինչպես հեղափոխությունը եւ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, նաեւ ողբերգական իրադարձություններ, ինչպես համավարակը, որը շատ ծանր հետեւանքներ թողեց Հայաստանի վրա եւ տպավորություն էր, որ այդ ընթացքում Հայաստանն ավելի շրջափակվեց, եւ, անշուշտ, պատերազմը։ Ինձ համար միշտ հաճելի է հիշել 2018 թվականը, որը ես անվանում եմ երջանիկ տարի Հայաստանի համար։ Կարեւոր է, որ հայերը հիշեն՝ իրենք դատապարտված չեն դժբախտության, եղել են երջանիկ շրջաններ, եղել են ազգային միաբանության շրջափուլեր, եղել են նաեւ մեծ հաջողության տարիներ։
Դուք խոսում եք բազմաթիվ լեզուներով: Հայաստանում սկսեցիք նաեւ հայերենի ուսումնասիրությունը։ Որտե՞ղ եք պատրաստվում կիրառել հայերենը` թողնելով դեսպանի պաշտոնը։
Նշանակալի առաջընթաց չեմ գրանցել այս չորս տարվա ընթացքում, բայց այն, ինչ գիտեմ, կցանկանայի պահպանել եւ զարգացնել, պարզապես այն բանի համար, որ Հայաստանն այն երկիրը չէ, որը վերջնականապես լքում են։ Կցանկանայի պահպանել այն ամենը, ինչ սովորել եմ Հայաստանում գտնվելուս ընթացքում։
Ֆրանսիան կին դեսպան է ուղարկում Հայաստան։ Հայաստանի հայրիշխանական հասարակությունում, որի խորհրդարանում եւ կառավարությունում սակավաթիվ են կանայք, կին դեսպանի համար հե՞շտ կլինի աշխատել:
Հայերը պետք է ընտելանան կին դեսպանի հետ աշխատելուն։ Յուրաքանչյուր դեսպան գալիս է իր գաղափարներով, փորձով։ Յուրաքանչյուր նոր դեսպան նոր հնարավորություն է երկկողմ հարաբերությունների համար։ Հարցը պետք է լինի՝ ոչ թե կին, թե տղամարդ դեսպան, այլ, թե ինչ փորձառություն եւ նախագծեր ունի։
Կա՞ Հայաստանում մի բան, որ կկարոտեք։
Իմ մեկնումից առաջ ես գնալով համոզվում եմ, որ ես վերջնական չեմ հեռանում Հայաստանից, որ կվերադառնամ որպես անհատ։ Եվ մարդկանց ես ոչ թե հրաժեշտ եմ տալիս, այլ ցտեսություն եմ ասում։ Որովհետեւ երբ հեռանում ես երկրից, մարդկանց ես կարոտում, եւ ոչինչ չի խանգարում, որ քո ճանաչած մարդկանց կրկին տեսնես։
Ի պաշտոնե դուք չէիք կարող այցելել Արցախ։ Երբ ավարտեք դեսպանի առաքելությունը, իբրեւ շարքային ֆրանսիացի կայցելե՞ք, ունե՞ք նման ցանկություն։
Ես հատկապես կցանկանամ այցելել խաղաղ Ղարաբաղ, այնպիսի Ղարաբաղ, որի բնակչությունն ապրում է անվտանգ պայմաններում, եւ որտեղ իմ այցը չի դառնա քաղաքական շահարկումների գործիք։
Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Բոլոր հայերին նախեւառաջ կմաղթեմ վստահ լինել իրենց ուժերին։ 2.5 մլն համախմբված եւ վճռական ժողովուրդը կարող է հրաշքներ գործել։ Ամեն ինչ դրսից պետք չէ սպասել, միեւնույն ժամանակ՝ ամեն ինչ պետք չէ կառավարությունից սպասել։ Պետք է հույսը ձեզ վրա դնեք, պահպանեք ազգային միասնությունը։ Հայաստանը պատրաստվում է նշել իր անկախության 30-ամյակը, կարծում եմ՝ պետք է այդ երեսուն տարիների քննությունը հանձնել եւ փորձել նախագծել գալիք երեսուն տարին։
Անի Սարգսյան
hetq.am/hy/article/135575?fbclid