Մինսկի խումբը վերսկսում է այցերը, վարչապետի ու ԱԳ նախարարի խայտառակ պահվածքի ֆոնին
29.09.2021 | Մեկնաբանություն | Lragir.am, – Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ – Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին — Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի ունեցավ Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Այս կապակցությամբ արդեն արտահայտվել են երկու համանախագահները՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նրանց հայտարարությունները վկայում են այն մասին, որ կողմերը բոլորովին այլ մոտեցումներ ունեն «Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման» վերաբերյալ:
«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Նրանք, որքանով ես հասկանում եմ, համաձայնել են վերսկսել իրենց այցերը տարածաշրջան՝ տեղում զրուցելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ներառյալ հանդիպումները Ստեփանակերտում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինձ թվում է, որ այժմ նրանց հիմնական խնդիրն է խթանել այն դրական միտումները, որոնք անհրաժեշտ է ամեն կերպ ամրապնդել ՝ ապահովելով այդ հողերի վրա հայ և ադրբեջանական համայնքների համակեցությունն ու համագործակցությունը», ասել է Լավրովը:
Ավելի վաղ նա չէր բացառել ՄԽ համանախագահների այցերը, սակայն ընդգծել էր, որ բանակցությունների վերսկսման հարց չկա։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո անցած տարվա գլխավոր արդյունքն այն է, որ հաստատվել է կայունություն, այն պահպանվում է, և ռուս խաղաղապահները նպաստում են նրան, որ մենք այժմ չենք տեսնում որևէ բռնի գործողություն», ասել է Լավրովը, ավելացնելով, որ կան բազմաթիվ խնդիրներ․ «Առաջին հերթին՝ խաղաղ կյանք կազմակերպելու, ականազերծման գործողության ավարտի, գերեվարված անձանց վերադարձնելու և այլն»:
Այլ կերպ ասած՝ Լավրովը վերահաստատում է Մոսկվայի դիրքորոշումը, ըստ որի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է զբաղվի հումանիտար խնդիրներով, քանի որ այլ՝ քաղաքական խնդիրներ, այդ թվում կարգավիճակի հարց, այլեւս չկա։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Դերեկ Հոգանը և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Նրանք արտահայտել են Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակել աշխատել մյուս համանախագահ երկրների հետ ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, ներառյալ ՝ գերիներ, անհայտ կորածներ և մարդասիրական ականազերծումը:
ՄԽ արեւմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, պնդում են հակամարտության չլուծվածությունը եւ Մինսկի խմբում քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:
France 24-ին տված հարցազրույցում Ալիևը ասել է, որ դեմ չէ, եթե համանախագահները կազմակերպեն իր հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ «երկու երկրների միջև հակամարտությունը մեկընդմիշտ «լուծվել է» և վերադարձ չի լինելու նախկին վիճակին։ Ալիևը նաև հերքել է, որ լրացուցիչ տարածքային պահանջներ ունի Հայաստանից։
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղին որևէ տեսակի ինքնավարություն տալու հարցը «օրակարգից դուրս է», և «Հայաստանն ու Մինսկի խումբը՝ որպես միջնորդ, պետք է ընդունեն այս նոր իրողությունը»։
Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները նույնական են՝ հակամարտությունը լուծված է, Ղարաբաղի կարգավիճակի խնդիր չկա, Մինսկի խումբը պետք է զբաղվի բացառապես հումանիտար խնդիրներով։
Մոսկվան ու Բաքուն կտրուկ շարժումներ չեն անում ՄԽ ուղղությամբ, մի կողմից Հայաստանի դեմ միջազգային իրավունքի խախտմամբ պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցների տակ չհայտնվելու, մյուս կողմից՝ խմբում «եռակողմ» փաթեթը որպես կարգավորում լեգիտիմացնելու նպատակով։
ՄԱԿ ԳԱ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի խայտառակ ելույթը եւ սեպտեմբերի 27-ի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը վկայում են, որ Երեւանը մնում է ռուս-թուրքական «կարգավորման» շրջանակում, փաստացի մերժելով ՄԽ-ում քաղաքական կարգավորումը։
Փաշինյանի ու ԱԳՆ տեքստերում ՄԽ-ում կարգավորման, Արցախի կարգավիճակի եւ հայկական իրավունքներին վերաբերող այլ հիշատակումներն ընդամենը հայ հանրությանը ապակողմնորոշելու եւ «գոլորշի բաց թողնելու նպատակ» ունեն՝ ՄԱԿ ամբիոնից եռակողմ փաթեթին հավատարմության երդումն ու ԱԳՆ տեքստում հումանիտար խնդիրների առաջնայնության արձանագրումն այլ եզրահանգում չեն թողնում։
Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը Մոսկվայի ու Բաքվի ձեռքին վերածվել է պատերազմի արդյունքները ճանաչելու, ՄԽ-ն չեզոքացնելու եւ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային վերջնականապես դուրս մղելու լծակի։ Վարչապետի ու ԱԳ նախարարի քաղաքական այս ստորությունը չի ներվելու։
www.lragir.am/2021/09/29/671249/