Դավիթ Բաբայան. Արցախի հասարակությունը չափազանց բացասաբար արձագանքեց Ժիրայր Լիպարիտյանի հայտարարությանը

The Minister of Foreign Affairs of the Nagorno Karabakh Republic Davit Babayan

Դավիթ Բաբայան. Արցախի հասարակությունը չափազանց բացասաբար արձագանքեց Ժիրայր Լիպարիտյանի հայտարարությանը

15.12.2021 Տարածաշրջան: Հայաստան, Արցախ, Ադրբեջան Թեմա: Քաղաքականություն – Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբԹուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում

Արցախի հասարակությունը չափազանց բացասաբար արձագանքեց Ժիրայր Լիպարիտյանի հայտարարությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները եւ անձամբ Լիպարիտյանի մեկնաբանություններն աննկատ չմնացին Արցախի հանրության կողմից։ Մի բան է, եթե նա լիներ հասարակ բնակիչ, քաղաքագետ կամ լրագրող։ Այլ բան է, որ նա իրեն ներկայացնում է որպես հայ Քիսինջեր, փորձում է ամեն դեպքում։ Այդ պատճառով նման հայտարարությունները որոշակի «հետաքրքրություն» են առաջացնում հանրության շրջանում։ Չակերտների մեջ, քանի որ խոսքը ավելի շուտ այս հայտարարությունների սուր բացասական ընկալման մասին է։

Ի՞նչ նկատի ունի Լիպարիտյանը, երբ ասում է, որ ոչ մի սպառնալիք չկա Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Ես պարզապես ուզում եմ այս մարդուն հարցնել՝ նա երբեւէ եղե՞լ է Ծիծեռնակաբերդում, որը հավերժացնում է թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը, երբեւէ եղե՞լ է Եռաբլուրում, որտեղ հանգչում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած երեք պատերազմներում զոհված հերոսների մարմինները, այնտեղ են հանգչում նաեւ 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման ներկայացուցիչների մարմինները։

Ծիծեռնակաբերդն ու Եռաբլուրը․ ահա սրանք են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի համար սպառնացող վտանգի իրական արդյունքները։ Կուզենայի հետաքրքրվել՝ ինչու է նա եզրակացնում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վտանգ չեն ներկայացնում, ո՞ւմ համար վտանգ չեն ներկայացնում։

Այսինքն՝ ստացվում է, որ Բերձորում հանգիստ կարող ենք անցակետ եւ մաքսակե՞տ տեղադրել, որ վերահսկե՞ն Արցախը։

Վտանգավո՞ր է, թե՞ ոչ։ Միգուցե, քանի որ վտանգ չեն ներկայացնում, միջանցքնե”ր տանք, թե՞ Սյունիքը միացնենք Ադրբեջանին կամ Թուրքիային, չէ՞ որ վտանգ չեն ներկայացնում։

Կամ նույնիսկ համադաշնություն ստեղծենք Ադրբեջանի հետ։ Որտեղի՞ց այս մարդուն այդքան վստահություն։ Թուրքիայի նախագահը ցույց է տալիս տարածաշրջանի քարտեզը, որտեղ Հայաստանը գոյություն չունի։

Իլհամ Ալիեւը Բաքվում նողկալի «ավարի պուրակ» է ստեղծում։ Հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են անմարդկային խոշտանգումների, սաֆարովին հերոսացնում են։ Սպանվում են անմեղ տրակտորիստներ, ճանապարհային աշխատողներ, մահափորձեր են արվում խաղաղ բնակչության վրա, ամենատարբեր սադրանքներ են իրականացվում։ Ո՞վ է այդ դեպքում վտանգ ներկայանում։ Ղարաբա՞ղը։ Ռուսաստա”նը։

Կարծում եմ՝ վտանգը ներկայացնում են իրականության հետ կապ չունեցող այսպիսի գաղափարները։ Գաղափարներն ինքնին ախտավոր է։ Չգիտեմ՝ միգուցե պարոն Լիպարիտյանին լավ ընդունեն ադրբեջանական մաքսակետում, մեզ լավ չեն դիմավորի, կսպանեն։

Մենք ինքներս ենք մեզ համար վտանգ ներկայացնում։ Նրանք հավերժական թշնամիներն են։ Մեզ համար Ադրբեջանն ու Թուրքիան մահացու վտանգ են ներկայացնում։ Բնականաբար, մենք միշտ ասում ենք, որ հարցը ժողովրդի մեջ չէ, վատ կամ լավ մարդիկ չեն կարող լինել։ Կարող է վատ կամ լավ լինել պետությունը։

Պետությունը կարող է լինել վտանգավոր, ֆաշիստական, նացիստական։ Իսկ հայատյացությունը, հայաֆոբիան նացիզմի տեսակներից են։ Ադրբեջան պետությունը եւ Թուրքիա պետությունը, այո, մահացու վտանգ են ներկայացնում Արցախի եւ Հայաստանի համար։

Սա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք հարթել հարաբերությունները։ Բայց հարց է՝ ի՞նչ գնով։ Ուստի որքան էլ տհաճ եւ ցավալի լինի, մենք ծանոթացանք այս պարոնի փաստարկներին, եզրակացություններ արեցինք։ Կարծում եմ՝ շատ հետեւություններ պետք է անենք»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը։

news.am/arm/news/677641.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail