Պոլսահայ լրագրողն ստիպված է եղել չեղարկել ASALA-ի մարտիկին նվիրված հաղորդումը․ պատճառը թուրք ազգայնամոլներից ստացված սպառնալիքներն էին

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյան

Պոլսահայ լրագրողն ստիպված է եղել չեղարկել ASALA-ի մարտիկին նվիրված հաղորդումը․ պատճառը թուրք ազգայնամոլներից ստացված սպառնալիքներն էին

31 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ: < Լևոն Էքմեքջյանի աճյունի փոխարեն, թուրքական իշխանությունը ընտանիքին է հանձնել շան և կնոջ դիակին պատկանող ոսկորների խառնուրդ > < Լևոն Էքմեքչյան – Թուրքիան շարունակում է խոչընդոտել ԱՍԱԼԱ-ի մարտիկի դին տեղափոխելու գործընթացին >

Պոլսահայ հայտնի լրագրող Արիս Նալջըն անցյալ շաբաթ ստիպված է եղել չեղարկել ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյանին նվիրված հաղորդումը, որը պետք է հեռարձակվեր 2011 թ․ ի վեր ամեն շաբաթ ցուցադրվող «Կամուրջ / Köprü» հեռուստածրագրով։ Չեղարկման համար պատճառ է եղել թուրք ազգայնամոլ շրջանակներից ստացված բազմաթիվ սպառնալիքները։

Ինչպես հաղորդում է Akunq.net-ը, Արիս Նալջըն իր ֆեյսբուքյան էջում չեղարկման պատճառը պարզաբանելու համար արել է հետևյալ գրառումը․

«Այս շաբաթ «Կամուրջ / Köprü» հեռուստահաղորդման շրջանակներում անդրադառնալու էինք Լեւոն Էքմեքչյանի դատավարության և մահապատժի ժամանակ (Կ․Պոլսո–Ակունքի խմբ․) հայկական համայնքի հոգեվիճակին։ Հաղորդման մասին ծանուցումից հետո բազմաթիվ լուրջ սպառնալիքներ ստացվեցին։ Ես հարգում եմ գործընկերներիս անվտանգությունը։ Հեռարձակող կազմի հետ, խմբագրակազմի և աշխատակիցների անվտանգությունը կարևորելով, համատեղ որոշում կայացրեցինք և որոշեցինք չհեռարձակել մեր պատրաստած հաղորդումը։

2011 թ․ մինչ օրս հեռարձակվող «Կամուրջ / Köprü» հեռուստահաղորդումը շարունակելու է իր գործունեությունը՝ տարբեր թեմաներ լուսաբանելով և զանազան մասնակիցների հյուրընկալելով։

Ցավալի իրողություն է այն փաստը, որ ներկայում Թուրքիայում հեղաշրջման ժամանակաշրջանում հայկական համայնքի հոգեվիճակին և մի հայի դատաքննությանն ու մահապատժին նվիրված թեմաներին անդրադարձը որոշ շրջանակների մոտ պոգրոմ իրականացնելու ցանկություն է հարուցում։

Հավատում ենք, որ Թուրքիայում ևս մի օր այնպիսի ժողովրդավարական մթնոլորտ կհաստատվի, որում անպայման ազատ կերպով կքննարկվեն նաև այդ թեմաները»։

Հիշեցնենք, որ 1958 թ․ ծնված ASALA-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյանը 1982 թ․ օգոստոսի 7-ին մասնակցել է Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանում կազմակերպված զինված գործողությանը, որի ժամանակ մահացել է 9 հոգի, իսկ վիրավորվել 82-ը։ Գործողության ընթացքում ծանր վիրավորում ստացած Լևոն Էքմեքճեանը գերի է ընկել և 6 ամիս շարունակ թուրքական բանտերում կտտանքների ենթարկվելուց հետո մահվան դատապարտվել թուրքական ռազմական դատարանի կողմից։ Նրա մահապատիժն ի կատար է ածվել 1983 թ․ հունվարի 28-ին։

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյան

Լեւոն Էքմեքչյանի գերեզմանի վայրը երկար ժամանակ գաղտնի էր պահվում։ Ի վերջո, 2016 թ․ թուրքական իշխանությունները բարեհաճեցին Էքմեքչյանի ընտանիքին ցույց տալ Լեւոնի գերեզմանի տեղը։ Սակայն արտաշիրիմումից հետո, արդեն Ֆրանսիայում կատարված ԴՆԹ փորձաքննության միջոցով պարզվեց, որ թուրքերը Էքմեքչյան ընտանիքին են հանձնել շան և կնոջ ոսկորներ։ Էքմեքչյան ընտանիքը շարունակում է պահանջել իրենց հանձնել Լեւոնի աճյունը։ Էքմեքչյան ընտանիքի փաստաբանը թուրք կին իրավապաշտպան Էրեն Քեսքինն էր։

Փաստացիորեն թուրքական ազգայնամոլ շրջանակները շարունակում են թուրք հասարակության մեջ թունդ ատելություն հրահրել հայության նկատմամբ և մինչև իսկ չեն հանդուրժում տեղի հայկական համայնքին առնչվող որևէ թեմայի քննարկում, իսկ ներկայիս ՀՀ իշխանությունները «ավետում են թուրք-հայկական բարեկամության» մասին․․․

Մելինե Անումյան

Akunq.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail