Աշխարհասփիւռ Հայութիւն` Ոտքի՛ – ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Աշխարհասփիւռ Հայութիւն` Ոտքի՛ – ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

02 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – Աշխարհասփիւռ Հայութիւն` Ոտքի՛ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

– Իրենց պապենական տներում կացնահարուած,
– Տեղահանութեան ճանապարհներին ձիու սմբակների տակ ճզմուած,
– Հայրենի կիրճերում ու ձորերում մորթուած,
– Ամենավայրագ ձեւերով անդամահատուած,
– Քարայրներում այրուած, մոխրացած,
– Տէր Զօրի եւ Մուսուլի անապատների կիզիչ արեւի տակ անգերեզման նետուած,
– Եփրատի ալիքներում խեղդուած,
– Անդնդախոր ձորեր նետուած,
– Ցեղասպանուած մեր անմեղ ծնողների տիեզերական ճիչը հրամայում է մեզ` այսօրուայ շառաւիղներիս`

Ոտքի՛ Ելէք

Այս պահին մեր միլիոնաւոր զոհերի, հետեւաբար մե՛ր իրաւունքներն է ոտնահարում այսօրուայ մեր իշխանութիւնը:

Ոչ միայն ոտնահարում, այլ թշնամուն` թուրքին, ուզում է ազատագրել նրա գործած մեծագոյն յանցագործութիւնից:

Յանցագործութիւն, որը վաղուց մարդկային իրաւունքների օրէնքով Հայոց ցեղասպանութիւն անունն է կրում:

Ցեղասպանութիւն, որն իր տարողութեամբ, իր ծրագրումով եւ օգտագործուած միջոցներով համեմատականը չունի աշխարհում:

Ցեղասպանութիւն, որի պատճառով հայութիւնը կորցրեց ոչ միայն իր միլիոնաւոր ժողովրդին, այլ նաեւ` իր երկրի տարածքի մեծագոյն հատուածը, իր մշակութային, հոգեւոր բոլոր տեսակի արժէքները:

Ցեղասպանութիւն, որը մեր ժողովրդին աշխարհասփիւռ դարձրեց, զրկեց համախմբումից, իր հողից ու իրաւունքներից:

Ցեղասպանութիւն, որը հիմնովին փոխեց մեր ազգային դիմագիծը:

Ոտքի՛ Ելնենք

Քանզի մենք ենք ցեղասպանուածների արեան կրողները, նրանց անմիջական մասնիկները, նրանց շարունակութիւնը:

Յուսահատութեան, լռութեան եւ սպասումի ժամերը վաղուց իրենց աւերը գործել եւ փրկութեան հրամանին են սպասում:

Այդ հրաման տուողը մեզնից իւրաքանչիւրն է դառնալու այս պահին:

Մեծով ու փոքրով, կուսակցական թէ անկուսակցական, արեւելեան թէ արեւմտեան հատուածներ, մի կողմ թողնելով ամէն տեսակի փոքրոգի անհամաձայնութիւններ, միաւորուելով, համապատասխան մարմինների հաւաքականութեամբ, կազմակերպուած ոտքի պէտք է ելնենք ողջ հայութեամբ, աշխարհի բոլոր անկիւններում:

Ոտքի ելնենք, ոչ թէ օտար երկրներից մեր հարցին լուծում խնդրելու, նրանց ստայօդ պաշտպանութիւնը հայցելու, ինչպէս սովոր ենք անել, ինչպէս անարդիւնք արել ենք մինչ այսօր,  այլ միաւորուելով, մեր երկրում ապրող հայութեան ազգանուէր հատուածին էլ ոտքի հանելով` միասնաբար ազատագրենք մեր երկիրը եւ մեր իրաւունքները ներկայ ազգադաւ իշխանութիւնից:

Մեր անբացատրելի լուռ հնազանդութիւնը օգնեց ներկայ իշխանութեան` հիմնովին կործանելու ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանի տարածքները, ե՛ւ մեր բանակը, մինչեւ իսկ` մեր պետականութիւնը:

Մենք ականատես ենք, թէ ինչպիսի՛ պատրաստակամութեամբ է ներկայ իշխանութիւնը թուրքին ծառայում, ինչպիսի՛ հաւատարմութեամբ է նրա կամակատարը դարձել, որ նրա հրամանով փորձում է ոչնչացնել մինչեւ իսկ անոչնչացնելիքը` Ցեղասպանութիւնը:

Այս օրերին, երբ թէժ բանակցութիւններ են գնում հայ-թուրքական սահմանի բացման, երկու երկրների յարաբերութիւնում, բոլորովին պատահական չէր իր ղեկավարած ժողովրդի դէմ կատարուած Ցեղասպանութեան հանդէպ ներկայ վարչապետի կեցուածքը, որ բացայայտ ատելութեամբ հրաժարուեց երկրի սահմանադրութեամբ իսկ ընդունուած Ցեղասպանութիւնից` փորձելով ոչնչացնել մեր 100 ամեայ Հայ դատը, դրանով ձայնակցելով թուրքերին, սփիւռքահայութեան էլ առանձնացրեց, կարծես խօսքը վերաբերւում էր մի ինչ-որ օտար ցեղախմբի:

Աւելորդ անգամ նրան յիշեցնեմ, որ Ցեղասպանութիւնից փրկուած հայութեան ներդրած արեան ջանքերով է ստեղծուել եւ պահպանուել մեր ներկայ այն հայրենիքը, որը ոչ բարով, անարժօրէն պաշտօնավարում է ինքը եւ ցեղասպանուածների շառաւիղների ջանքերով էլ երկրորդ անգամ ազատագրուելու է թուրքի շահերը գերադասող իշխանութիւնից:

Ցեղասպանութիւնից փրկուածներիս աշխարհը միշտ տարբեր անուններ է տուել եւ շարունակում է տալ` գաղթական, տեղահանուած, որբեր, անապատի սերունդ, աշխարհագրական տարբեր երկրների` ֆրանսահայ, ամերիկահայ եւ այլն, սփիւռքահայ, այնինչ մեր երկիրը դեռ թշնամու ճանկերում բռնագրաւուած է մնում, եւ դեռ շարունակում են եղածն էլ բռնագրաւել:

Այս ամէնով հանդերձ, այս բոլոր անուանումների տակ, մնացել ենք հաւատարիմ մեր ուխտին, մեր վրիժառութեան, մեր պահանջատիրութեան անժամկէտ անանցանելիութեան երդումին: Եւ աշխարհում ոչ մի ուժ չի կարող ջնջել այն:

Այս հաւատքով, մեր երդումին հաւատարիմ ՈՏՔԻ ԵԼՆԵՆՔ եւ հայրենի ժողովրդի հետ միասնաբար փրկենք մեր երկիրը, մեր ապագան, մեր ճակատագիրը` մեզ դէպի ոչնչացում տանող ներկայ իշխանութիւնից:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱ՛Ն ՇԱՌԱՒԻՂՆԵՐ, ՏԷ՛Ր ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ  ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻՆ, ՄԵՐ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԵԱՆ, ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ, ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ ԵՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ:

ՈՏՔԻ՛:

30 յունուար 2022

www.aztagdaily.com/archives/536870

Facebooktwitterredditpinterestlinkedinmail