ՊԱՅՔԱՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ – Arshaluis Zurabyan
16 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ: Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org
1920-ի դեկտեմբերի 2-ին ռուս-թրքական հարվածներից ընկավ Հայաստանի հանրապետությունը։ Երկրի բռնազավթմանը հաջորդած երկու ամիսը բավական եղավ, որպեսզի բոլշեւիկները վարկաբեկվեն եւ Հեղկոմի իշխանությունը դիտվի որպես ատելի վարչակարգ։ 1921-ի հունվարին շուրջ 1200 հայ զինվորականներ ձերբակալվեցին ու աքսորվեցին Ռուսաստան։ Բանտերն ու Արտակարգ հանձնաժողովի (Չեկա) զնդանները լցվեցին հայ մտավորականներով, պետական ու կուսակցական գործիչներով։ Փետրվարի 10-ին տեղի ունեցան նոր ձերբակալություններ։ Եւս 200 հոգու բռնությամբ տեղափոխեցին Չեկայի շենքը։ Նրանց թվում էին Հովհաննես Քաջազնունին, Լեւոն Շանթն ու Նիկոլ Աղբալյանը։ Փետրվարի 16-ին ապստամբները շրջապատեցին մայրաքաղաքը։ Գիշերը Երեւանի բանտերում տեղի էին ունեցել դաժան սպանություններ։
📌 1921 Թ․ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
♦ Փետրվար 18
Երեւան իջան Ախտայի, Կոտայքի ու Բաշ-Գառնիի ժողովրդական ապստամբ ուժերը՝ Կուռո Թարխանյանի ու խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ։ Երեւանը մաքրվեց բոլշեւիկներից, որոնք փախուստի դիմեցին Ղամարլու-Շարուր ուղղությամբ։ Նահանջի ճանապարհին կարմիրները սպանեցին 60 գյուղացիների, քշեցին տավարը։ Նույն օրը խորհրդարանի շենքում կյանքի կոչվեց Սիմոն Վրացյանի կառավարությունը՝ ՀՓԿ-ն (Հայրենիքի փրկության կոմիտե)։ Բանակի ընդհանուր հրամանատար նշանակվեց գնդապետ Կուռո (Սուրեն) Թարխանյանը։
♦ Փետրվար 19
Լույս տեսավ ՀՓԿ պաշտոնաթերթ «Ազատ Հայաստան» թերթը։
♦ Փետրվար 26-28
Բոլշեւիկյան զորամասերն անցան ընդհանուր հարձակման։ Երկու կիլոմետր հեռավորությունից ռմբակոծվում էր Երեւանը։ Ռումբեր ընկան նաեւ քաղաքի ամերիկյան որբանոցի վրա։ Թշնամու գրոհները հետ մղվեցին։
♦ Մարտի 1
Կարմիրները գիշերը լքեցին դիրքերն ու փախան Երեւանի մատույցներից։ Նրանք Ղամարլուում (Արտաշատ) ու Շարուրում իրենց կատաղությունը թափեցին խաղաղ բնակչության վրա։ Մարդկանց կացնահարել ու լցրել էին հորերն ու գինու կարասների մեջ, բռնագրավել հացը, մթերքն ու անասունը։
♦ Մարտի 15
ՀՓԿ-ն Երեւանում, Վաղարշապատում ու Աշտարակում հայտարարեց 20-32 տարեկանների զորակոչ։
♦ Մարտի 15-20
Ղամարլուի ճակատում տեղի ունեցան կատաղի մարտեր ռուս-թաթարական զորամասերի դեմ։ Նույն օրերին հայ բոլշեւիկները շարունակում են բռնությամբ զինվորագրել երիտասարդությանը։
♦ Մարտի 20
Թիֆլիսից Երեւան եկավ Հովհաննես Թումանյանը եւ ծանոթանալով իրերի կացությանը, հեռագրեց Օրջոնիկիձեին.
«Հինգերորդ օրն է Երեւանում եմ։ Հայաստանի դեպքերի մասին Թիֆլիսում եղած համոզումը իրականությանը չի համապատասխանում։ Շարժումը սկսվել է գյուղացիության մեջ, զանազան շրջաններում, տարածվել մինչեւ Երեւան եւ իր հետեւից քաշել մտավորականությանը։ Զենքը ձեռքին միմյանց դեմ են դուրս եկել մի կողմից Հայաստանի բանվորներն ու գյուղացիները, մյուս կողմից՝ կոմունիստների զինված խմբերը, եւ հոսում է արյունը առանց որեւէ թշնամության հիմքի եւ փոխադարձ բնաջնջման համար։ Ռազմաճակատում ընկեր կոմունիստները որոշ կերպով ասում էին, թե ամբողջ հեղափոխության ընթացքում կարմիր բանակն ավելի անմիտ կռիվ չի վարել։ Այդ պատճառով ջերմորեն խնդրում եմ ձեր հեղինակավոր միջնորդությունը, որպեսզի շուտափույթ վերջ տրվի արյունահեղությանը։ Անհրաժեշտ եմ համարում ավելացնել, որ հեղաշրջումից հետո ձերբակալված կոմունիստներից եւ ոչ մեկը, եւ ոչ մի ռազմագերի գնդակահարված չէ։ Նման հաղորդագրություն անում եմ եւ ռազմաճակատում գտնվող ընկեր կոմունիստներին»։
Օրջոնիկիձեն հեռագիրն անպատասխան թողեց։
♦ Մարտի 25
Թշնամին անցավ ընդհանուր հարձակման։ Ախտայի ճակատում տեղի ունեցան դաժան մարտեր։
♦ Ապրիլի 2
Քանաքեռի բարձունքից որոտացին ռուսական թնդանոթները։ Հայոց զորքն ու բազմահազար բազմությունը նահանջեցին Սյունիք, ուր դրության տերը Գարեգին Նժդեհի ուժերն էին։ Փետրվարյան մաքառումի շնորհիվ հայ մտավորականությունն ու զինվորականությունը կարողացան ազատվել իսպառ բնաջինջ լինելու վտանգից։
Կարմիրները վախվորած իջան ամայացած Երեւան, ուր նրանց դիմավորեցին պարսից հյուպատոսը, մի ամերիկացի բժիշկ եւ Օրջոնիկիձեի ուղարկած հայ բանաստեղծը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
📌 Հայրենիքի փրկության կոմիտեի (ՀՓԿ) հրամանատարական կազմը: