«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ՛»… Հայ ազգի բացառիկ մտավորականներից մեկը՝ Հովհաննես Թումանյանը – ԿԱՐԻՆԷ ԱՒԵՏԻՍԵԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ՛»… Հայ ազգի բացառիկ մտավորականներից մեկը՝ Հովհաննես Թումանյանը – ԿԱՐԻՆԷ ԱՒԵՏԻՍԵԱՆ

19 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ:

Կարինէ Աւետիսեան – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Հայ ազգի բացառիկ մտավորականներից մեկը՝ Հովհաննես Թումանյանը, մշտապես մտահոգ իր Հայրենիքի ու ազգակիցների ճակատագրով, ողջ կյանքում անձնուրաց նվիրումով փորձում էր բարելավել Հայորդիների իրավիճակը՝ աղետալի տարիներին:
Էջմիածնում՝ ցեղասպանությունից մազապուրծ գաղթականների, որբերի խնամքն էր կազմակերպում, հասնելով մինչև Վան՝ հնարավորինս օգնում էր կարիքավորներին:

Մեծապես կարևորելով Ազգային պատմության ու մշակույթի իմացությունը, նա հոգևոր արժեքներով զորանալն էր ջատագովում, հիշեցնելով Հայոց Ոգու հզորությունը:

«Ազգ ենք և մինչև հիմա չունե՛նք մեր Ազգային պատմությունը։ Մեր ազգային պատմության նյութերը ցրված են վանքերում, փակված ձեռագրերից ու մեր շուրջը փռված հիշատակություններից սկսած մինչև հեռավոր երկրների արխիվներն ու թարգմանությունները…

…Էս բոլոր նյութերը պետք է հավաքել գիտնականների, պատմագետների ձեռքերով, ուսումնասիրություններ կատարել, մենագրություններ գրել (մոնոգրաֆիա), և հետզհետե պատրաստել մեր ազգի գիտական ճշմարիտ պատմությունը» …

«Էդ երկու հովիտները, Արաքսի ու Եփրատի հովիտները, մեր սրբազան հովիտներն են։

Մեկը մեր Մայր Գետն է, մյուսը՝ մեր Սրբազան Գետը։ Մեկի հովիտում մեր անցյալ քաղաքական կյանքն է զարգացել ու անցել, մյուսի հովիտում մեր հին ու նոր կրոններն են ծաղկել, մեր ազգային սրբությունները, մեր ազգային դպրություն-գրականությունը։

Հայ անվանի ճարտարապետի՝ «Թ. Թորամանյանի դասախոսության առթիվ» 1914 թվականին գրած իր հրապարակախոսականում կրկին հիշեցնում է.

«Վերջին տարիներս մեզանում հաճախ է խոսք լինում, թե մենք մեզ չենք ճանաչում և աշխատում ենք մեզ ճանաչել։ Մեզ ճանաչելու համար հետզհետե մեր շուրջը դիտելով ու մեր ներկան քննելով հանդերձ ուզում ենք թափանցել մեր անցյալը, ուսումնասիրել մեր հին կյանքն ու պատմությունը։

Վաղուց ասված է, թե Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար։

Մենք, որ մեծ անցյալի ու մեծ ավերակների վրա ապրող մի ժողովուրդ ենք, և ինքներս արդեն ըստ ամենայնի ավերակ ժողովուրդ, նոր ենք ջանքեր անում մեր խորտակված կյանքը վերականգնելու, վերանորոգելու և վերակազմելու, անցյալի ուսումնասիրությունը մեզ համար ունի առանձին կարևորություն, և մեր մեծ արժեքներն ու պարծանքներն էլ անցյալի մեջ են։
Անցյալի մեջն են և մեր արվեստները։
Գեղեցիկ արվեստները ֆիզիկական ու բարոյական առանձնահատուկ պայմանների մեջ ծնվելով ու զարգանալով՝ հատկանշում են ամեն մի ժողովրդի ինքնուրույն ազգային ոգին։

Գեղեցիկ արվեստների մեջ առանձին կարևորություն է ունեցել միշտ ճարտարապետությունը, որ կոչված է «քարացած երաժշտություն» և, մի անգամ ընդմիշտ քարացած կանգնած, չի աղավաղվում ժամանակի հետ։

Սրանից տասնյակ տարիներ առաջ մենք չէինք համարձակվի մտածելու, թե ունեցել ենք առանձին հայկական ճարտարապետություն, բայց էսօր, շնորհիվ գիտնականների ուսումնասիրության, ոչ թե լուրջ խոսք է լինում հայոց ճարտարապետության մասին, այլև նրա ազդեցության, որ արել է շրջակա ժողովուրդների ու հեռավոր ռոմանական ճարտարապետության վրա, հարկավ, ինքն էլ իր հերթին ազդվելով օտարներից։

Նոր է էս հայտնությունը ինչպես լուսավոր աշխարհքի, էնպես էլ մեզ համար։ Եվ էսօր առաջին անգամն է, որ հայ ճարտարապետը հրապարակավ պետք է խոսի հայ ժողովրդի հետ հայոց ճարտարապետության ու նրա ազդեցության մասին, և դուք առաջին ունկնդիրներն եք, որ լսում եք նրան։

Մեր հարգելի պ. Թորամանյանը, որ վկայված է Պետերբուրգի Կայսերական Գիտությունների Ակադեմիայից և Վիեննայի համալսարանից և էս տարի մրցանակ է տարել, տասնևմեկ տարի է լուռ ու անդադրում ուսումնասիրում է հայոց ճարտարապետությունը՝ ավերակից ավերակ անցնելով։ Տասնևմեկ տարուց հետո՝ էսօր էնքան նյութ է հավաքել, որ Ստրիժեգովսկու նման հեղինակավոր մի գիտնականի իրավունք է տալիս մեր մասին գրելու էն տողերը, որ այժմ կկարդացվեն ձեր առաջ։ «Պատի՛վ ձեր մեծ ազգին»,- բացականչում է Հայոց ճարտարապետության բեկորների առջև հիացած գիտնականը և խոստանում է հայտնություն անել Եվրոպայի առջև։

Թ. Թորամանյան

Եթե հիշենք, որ մի սառն ու լուրջ գիտնական է էսպես ոգևորված մեզ «մեծ ազգ» անվանողը Եվրոպայի առջև, և եթե հիշենք, որ Եվրոպան էլ լոկ աշխարհագրական տերմին չի, այլ ժամանակակից քաղաքակրթության հայրենիքը, կարող ենք չափել պ. Թորամանյանի մեծ ծառայությունը և մեր հին կյանքի ու անցյալի ուսումնասիրության նշանակությունը, անցյալի, որ մեր նոր կյանքի ու կուլտուրայի պատվանդանն է։
Մոտիկ առաջիկայում Հայոց Գրողների Ընկերությունը կազմակերպելու է մի մեծ երեկույթ, ուր կցուցադրվեն Հայ ճարտարապետության նմուշները մոգական լապտերով ու նկարներով և պ. Թորամանյանը կխոսի ավելի հանգամանորեն, իսկ առայժմ էսօր կանի ընդհանուր տեսությունը և տեղեկություններ կտա մեր Նախնիքների բարձր ճաշակից ու մեծագործություններից։

Փա՛ռք ու պարծա՛նք մեր Նախնիքներին, որ, աշխարհավեր հեղեղների դիմագրավելով հանդերձ, մեզ համար էսքա՛ն շքեղ ժառանգություն են թողել, և փա՛ռք ու պարծա՛նք գիտության մարդկանց ու հատկապես պ. Թորամանյանին, որ մեր ազգի մեծությունը ավերակների միջից հանելով՝ ոչ միայն օտարների առջև, այլև մեր աչքում դարձնում են մեզ մեծ ու հարգելի»:

«Եվրոպական նշանավոր գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների՛ համար»։

Հարգելի գիտնականը «թնդանոթներ» անվանում է պ. Թորամանյանի ուսումնասիրած ու հավաքած հայկական ճարտարապետության է՛ն նմուշները, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանություններով լույս պետք է տեսնեն Եվրոպայում։ Ասում են, «դրանք նորություններ են Եվրոպայի համար» և առայժմ դրանց մասին ծանոթություններ են տալիս եվրոպացիներին, այսինքն՝ ճանապարհ են բաց անում «Թորամանյանի թնդանոթների՛» համար։

Այո՛, դրանք «թնդանոթներ» են, Հայկակա՛ն թնդանոթներ, և թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբևիցե հնարել է Մարդը, իրենց հետ տանում են Հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողությունը, գնում են Հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը։

Հիրավի, գործիչները նման են զորավարների և նրանց գործերը թնդանոթնե՛ր են, որոնք տիրում են հեռավոր տարածություններ ու ժամանակներ։

Բայց ինչպես ամե՛ն մի զորավար հաղթությունը տանելու համար իր թիկունքին պետք է ունենա մի ոգևորված ու հավատարիմ բազմություն, էնպես էլ ամե՛ն մի գործիչ պետք է զգա՛ ու գիտենա՛, որ դատարկ չի իր թիկունքը։

Ահա վեր է կացել Հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել Հայկական ինքնուրույն ճարտարապետություն, և Հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպու՛մ է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել՝ «Հայոց ճարտարապետությունը» վերնագրով։

Էդ նորություն է Եվրոպայի համար, ասում են եվրոպացիք, բայց էդ նորություն է և մե՛զ համար, Հայերի՛ս համար, պետք է խոստովանենք մենք։

Ահա էդ շատ նշանավոր նորությունն է, որ շաբաթ երեկոյան Հայ Գրողների Ընկերության նախաձեռնությամբ կազմած հրապարակական երեկույթում Թիֆլիսի հասարակության առաջ պետք է պարզի ու լուսաբանի պ. Թորամանյանը, բազմաթիվ վկայություններով ու նկարներով։

Թող գա՛ն Հայերը, տեսնե՛ն ու համոզվե՛ն, որ իրենք միշտ է՛ն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնե՛ն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել անցյալում, որ հոգեպես բարձրանա՛ն ու լցվի՛ն հավատով դեպի իրենց Ազգային ապագան»։

1917 թվականին Հ. Թումանյանն ահազանգում էր՝ «Հայաստանը պետք է խոսի՛»…

«Մենք, ռուսահայերս, սովորաբար Հայաստան անվանել ենք Տաճկահայաստանին։ Նույնիսկ Այրարատյան կամ Շիրակի դաշտից Տաճկահայաստան գնացողն էլ ասում է՝ «Հայաստան եմ գնում»։ Էլ չեմ քննում, թե ինչ է սրա պատճառը․ բայց էսպես է։
Եվ ահա էս պատերազմի ընթացքում, դեպքը բերեց, ես երկու անգամ գնացի Հայաստան։
Մի անգամ Ալաշկերտի հովիտը, մյուս անգամ՝ Վան։
Ապա թե ծանոթացա Հայաստանի շատ մտավորականների հետ, մոտիկից տեսա Հայաստանի ժողովուրդը, ու մի ահագին ցավ ծանրացավ իմ սրտին, թե ես ի՜նչքան քիչ տեղեկություն եմ ունեցել էսօրվա կենդանի Հայաստանից․ ես, որ համարվում եմ նրա ճանաչողներից մինը, ես, որ միշտ կարծիք եմ հայտնել ու շատ թե քիչ գործել նրա համար․․․

Նրանից հետո Վասպուրականի, Արածանու հովտի և այլ տեղերի գաղթականության հեղեղն եկավ ծովացավ Այրարատյան դաշտում։
Ես էլ նրան դիմավորողներից մինը եղա։
Պտտվեցի նրանց մեջ Էջմիածնում, խոսեցի Թիֆլիսի ժողովներում, ու վերջը՝ դարձյալ մի տխուր գիտակցություն համակեց ամբողջ էությունս ու մի խորին վիշտ, թե մենք ի՜նչքան էնք տկար մեզ վրա եկած աղետի հանդեպ․ տկար՝ ֆիզիկապես, նյութականապես ու բարոյապես․․․
Հապա նրա՝ Հայաստանի հա՞րցը, Հայկական հա՞րցը…
Ի՜նչեր չեն խոսվել ու կատարվել էդ հարցի շուրջը…
Եվ Հայաստանը գրեթե միշտ լռության է եղել դատապարտված ակամա։ Ո՛չ նրա ցավն ենք կարողացել ճշմարիտ իմանալ, ո՛չ էլ՝ ցանկությունը։
Բավական էր։
Հայաստանը պետք է խոսի՛ վերջապես։
Եվ պե՛տք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար» (մեջբերումները՝ Հ. Թումանյան «Երկեր», Երևան, 2018 թ.):

karineavetisyan.am/archives/3652?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail