Տեսակէտ – Հիմա Ո՞ւմ Ենք Սպասում – ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
18 ՄԱՐՏ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ:
ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Այս օրերին գուցէ պէտք է Ձենով Օհանի պէս «7 գոմշի կաշի կապել»` մեր թոքերը չպատռելու, ամբողջ ուժով ՈՏՔԻ ԵԼՆԵԼՈՒ հրամայականը գոռալու, լսելի դարձնելու, նիկոլի փորած անյատակ փոսի մէջ ընկած, իր ճակատագրին անտեղեակ ժողովրդին, որ ուժ տայ նրանց դուրս նետուելու այդ փոսից, ինչպէս` մեր դիւցազնավէպում, Մըսրա Մելիքի որոգայթ փոսի մէջ ընկած Դաւթին, լսելի դարձաւ Ձենով Օհանի կանչը, ու Դաւիթը դուրս եկաւ փոսից:
Այս պահին իւրաքանչիւր հայ պէտք է դառնայ հայրենի փրկութեան Ձենով Օհան, Ոտքի Ելնելու ձայնը հասցնելու, ինչպէս ասացի, նիկոլի փորած փոսի մէջ ընկած ժողովրդին, ահազանգելով միասնաբար դուրս գալու այս փոսից: Պէտք է դառնայ զինուոր` խօսքով, գրչով, փողոց ու հրապարակ լեցնելով:
Երկրի այս օրհասական վիճակը հրամայում է որոշ ժամանակ մոռանալ անձնական բոլոր մեծ ու փոքր վայելքները, անհամաձայնութիւնները, դրա փոխարէն` իրար ձայնակցենք, իրարու ոտքի հանենք` դուրս նետելու երկիրը կործանող ներկայ իշխանութեան:
Ինչպէս տեսնում էք, երկիրը ամբողջովին անօգնական, օրէօր թուրքական ազդեցութեան, նրանց հրամանները իրագործող վիճակում է: Երկրում տիրող միահեծան բռնատիրութիւնը հասել է այն աստիճանին, որ մինչեւ իսկ երկրի նախագահը չուզենալով դառնալ այդ բռնատիրութեան հերթական զոհը` իր հրաժարականը ներկայացրեց ոչ թէ իր երկրում, իր նստավայրից, անմիջական ներկայութեամբ, ինչպէս սովորաբար ընդունուած է պետութիւն ունեցող երկրներում, այլ երկրից դուրս` Անգլիայից:
Կանխելով բոլոր տեսակի հարցադրումները, 3 տարի լուռ ու մունջ ներկայ իշխանութեանը ծառայելուց յետոյ նախագահը հակիրճ արդարացնում է իր հրաժարականը` յայտնելով, որ երկրում գործող ներկայ սահմանադրութիւնը լիարժէք գործելու հնարաւորութիւն չի տալիս իրեն` իր ծառայութիւնը շարունակելու:
Ուրեմն, եթէ ներկայ սահմանադրութիւնը հնարաւորութիւն չի տալիս երկրի նախագահին, այլեւս ժողովուրդը ի՞նչ կարող է սպասել այս իշխանութիւնից:
Սակայն, ինչպէս տեսնում էք, ժողովրդի վրայ այնքան էլ չազդեց նախագահի խիստ կարեւոր մեղադրանքը, քանզի անտարբեր ժողովուրդը նոյնիսկ չգիտի, թէ որքա՛ն կարեւոր է երկրի համար սահմանադրութեան ուժը, յարգումը, հետեւաբար եւ` դրա գործադրումը:
Բայց չէ՞ որ ժողովուրդը այդպիսի «մանր» բաներով չի հետաքրքրւում այնպէս, ինչպէս իր տարածքներով եւ ապագայով չի հետաքրքրւում, նոյնիսկ` այս խիստ ճակատագրական պահին:
Ամէն ինչի հանդէպ անտարբեր ժողովուրդը նոյնքան անհոգ եւ արագ մոռացաւ նախագահի հրաժարականը, նրա տուած անհանգստացուցիչ պատճառաբանութիւնները, որքան` Շուշիի յանձնումը, իր երկրի սահմանների ժամ առ ժամ կրճատումը: Երկիրը ներսից եւ դրսից թշնամիներով լեցուած` դէպի ոչնչացում է գնում, իսկ մենք բոլորս հանգիստ հետեւում ենք, թէ ինչպէ՛ս է մեր երկիրը մեր ձեռքից անհետանում:
Կրկին բացուել է Թուրքիա-Երեւան չուերթը եւ, ինչպէս տեսնում ենք, հայերը կրկին խելայեղօրէն, պայրաքթար, քիմիական զէնք, անծայրածիր Եռաբլուր, անհետ կորածներ, գերիներ, Արցախի եւ երկրի բռնազաւթում մոռացած` հրճուանքով են մեկնում իրենց ոչնչացնող թշնամու երկիրը` արդարանալով, որ հարեւանների հետ պէտք է բարեկամութիւն անել:
Գաղտնիք չէ, որ նախքան այս կազմակերպուած դաւաճանական պատերազմը` 10 տարուց աւել չուերթներ կային այդ նոյն ուղղութեամբ, եւ այդ տարիներին ազատ գնում-գալիս էին, բաւական մարդիկ էլ լաւ գումարներ վաստակեցին այդ նոյն «բարեկամ» հարեւանի հետ առեւտուր անելով: Այդ տարիներին ոչ միայն ապրանքային, նաեւ մարդկային առեւտրով` մարմնավաճառութեամբ, երեխաների վաճառքով, թուրք ընտանիքներին ծառայելով էլ դրամ վաստակեցին շատերը, որի մասին ժամանակին բաւական գրեցինք:
Որքան իրաւացի էր մեծն Յ. Օշականը, որը ճշգրտօրէն գտել էր մեր այս վիճակի պատճառը, այն էր` «Հայ հոգիին վրայ թուրքին ահաւոր կնիքը: Թուրքին քաղցկեղը մեր հոգիներուն վրայ»:
Բայց, ինչպէս գիտէք, քաղցկեղը ոչ թէ փայփայում ու սնում են, ինչպէս մենք ենք անում մօտ 4 տարիներ, այլ անմիջապէս վիրահատում ու նետում են եւ դեռ վրադիր էլ մարմինը վտանգելով` ճառագայթում, հազար միջոցնէր օգտագործում, որ այն յետ չվերադառնայ: Իսկ մենք ականատես ենք, թէ ի՛նչ ցնծութեամբ է ժողովուրդը դեռ պահում այդ քաղցկեղը, որը վաղը խժռելու, ուտելու, ոչնչացնելու է իր մարմինը, իր երկիրն ու իր ապագան:
Ինչպէ՞ս, ինչպէ՞ս առանց բողոքի ընդունել այս ամէնը:
Մինչ հայերը ցուցադրում են, թէ ի՛նչ սիրով են իրենց ընդունում մեր ժողովրդին ոչնչացրած երկրում, Կապանում նոյն թշնամու գնդակից մէկ այլ հայ զինուոր է կեանքից զրկւում:
Մեր ժողովուրդը այդպէս էլ չհասկացաւ, որ թուրքը մեր կարիքը աւելի ունի, քան մենք` իրեն: Որ` նա է քծնելու մեզ, քանի որ`
– Նա խելայեղօրէն ուզում է ազատուել ցեղասպանի իր անջնջելի կարգավիճակից:
– Նա իր ժողովրդին ամէն տեսակի ստերով շարունակում է համոզել, որ ապրում են սեփական հողերի, այլ ոչ թէ հայերից եւ յոյներից բռնազաւթած հողերի վրայ, որը վերջերս աստիճանաբար բացայայտում են անգամ օտար աղբիւրները:
– Թուրքիան այս օրերին, ոտ ու ձեռ ընկած, ամէն կերպ փորձում է ազատուել Սեւրի պայմանագրից, ազատուել Հայաստանի սահմանների ուիլսընեան վաւերացումից:
– Եթէ սրան աւելացնենք նաեւ իր մեծագոյն ծրագրի` իր երազած համաթուրանական ծրագրի իրագործումը, որը միայն մեր ներկայ երկրի թոյլտուութեամբ ու միջոցով է կարողանալու իրագործել, մենք ոչ մէկ իրաւունք ունէինք իր հանդէպ ունեցած մեր առաւելութիւնը այսքան անարժէքօրէն նրան զիջելու, նրա կամակատարը դառնալու այնքան, որ պատրաստ ենք մեր ինքնութիւնը ոչնչացնող իր բոլոր պարտադրանքներն ընդունելու, նրա հպատակը դառնալու, ինքնակամ մեր ոչնչացումը ընդունելու:
Մենք նրա գլխիկոր հպատակը չդարձանք անգամ իր բռնակալ կայսրութեան տակ ապրելով հանդերձ:
Սակայն դրա համար պէտք էր դաւաճաններ սնելու, երկրի ապագան ծրագրաւորուած կերպով խորտակողներ պատրաստելու փոխարէն` դիւանագէտներ պատրաստէինք, մեր ժողովրդի մէջ էլ քաղաքական մտածողութիւն սերմանէինք:
Պէտք էր մեր կորուստների արժէքներով, դրանց ահռելիութիւնը ներկայացնող հետեւանքներով սնէինք մեր ժողովրդին: Ոչ միայն պատեհ-անպատեհ առիթներով պարծենայինք մեր յաղթանակներով, այլ այդ յաղթանակների շարունակական անհրաժեշտութիւնը մրճահարէինք, ազգային միասնութեան բացառիկ ուժը ներարկէինք իր երկրի ճակատագրին անտարբեր, իր հողի արժէքը չգնահատող ժողովրդին:
Այնինչ, այս բոլորի փոխարէն, երկիրը դարձրեցինք դաւաճանների որջ, ուր ազատօրէն բազմացան ու աճեցին թուրքի լամուկները, որոնք կարճ ժամանակում կուլ տուեցին, ապականեցին ամէն ինչ, որ կապում էր ազգայինին, ժողովրդին դարձրին ամուլ, անդէմք մի հաւաքածու, որն այսօր աւելի բարեկամ է նկատում թուրքին, քան` նոյն իր ժողովրդի այն սակաւ հատուածին, որը դէմ է ներկայ թրքածին իշխանութեանը:
Աշխարհի փոթորկոտ այս օրերին, երբ մեր գոյութեան, այս անգամ արդէն վերջնականօրէն բնաջնջման հարցն է կրկին շահարկւում, մենք նոյնիսկ չենք փորձում ծպտուն հանել, մեր իրաւունքը պաշտպանել:
Այս աշխարհասփիւռ ալեկոծումների մէջ առաւել քան երբեւէ հազարապատիկ խոնարհումով եմ ընդունում մեր ժողովրդի 100 տարիներ առաջ ցուցաբերած ազատատենչ փորձերը` այդ անազատ դարում: Յիշենք Համիտի պէս մի արիւնարբու բռնակալի դէմ մեր խիզախ մահափորձը, քաջ գիտենալով հանդերձ, որ դրանով է՛լ աւելի զոհեր ենք տալու:
Իսկ այսօր, այս ազատատենչ դարում, մենք փայփայանքով ենք պահպանում երկրի դաւաճաններին: Ցոյց, բողոք չարդիւնաւորուեցին, չեղաւ համազգային ցոյց, նրան գահընկէց անելու փորձ:
Նոյնիսկ Արցախում այդ է վիճակը: Ո՞ւր է արցախցիների նախկին քաջութիւնը, չէ՞ որ թշնամին է նստած հայ Արցախի հերոսների կեանքով փրկուած աթոռին:
Բոլորովին պատահական չեն հայ վերլուծաբանների այն մեղադրանքները արեւմտահայութեան հասցէին, որ եթէ ազատագրական շարժումները չլինէին, Եղեռն չէր լինի: Դրանով այսօր համոզում են իրենցից առաւել տգէտ ժողովրդին` յարմարուելու այս դաւաճանութեան, բարեկամաբար ընդունելով թուրքի մուտքը, որ չկոտորուեն:
Եւ իրենց հարց տուող չկայ. չէ՞ որ 400-ից աւել տարիներ նրանք լուռ ու հնազանդ էին, իսկ ինչո՞ւ էին կոտորում իրենց հպատակ ժողովրդին: Չէ՞ որ դեռ մինչեւ այսօր կոտորում են քիւրտերին: Նրանք էլ հո հաւատարմօրէն ծառայեցին իրենց, պատրաստակամօրէն միանալով` իրենց ծառայութիւնը ներդրեցին մեր ոչնչացման մէջ:
Արեւմտահայութեանը մեղադրելու փոխարէն` թող վերլուծեն, թէ ինչո՞ւ Սիւնիքում, Զանգեզուրում եւ այլուր մի նոր Զէյթունի, Մուսա Լերան պաշտպանութիւնների նման փորձեր անգամ չեղան, չէ՞ որ այսօրուայ հնարաւորութիւնները աւելի լայնարձակ էին, այն էլ` «հայրենի իշխանութեան» ներքոյ: Չէ՞ որ թշնամին իրենց հողը, իրենց կեանքն էր խլում:
Մի կողմ թողէք ձեր մեծախօս, ծոյլի հոգեբանութիւնը, որ վաղ թէ ուշ յետ ենք բերելու կորցրածը: Կորցրածը չկարողացանք յետ բերել անցնող 100 տարիների ընթացքում: Կորցրածը կորուստ է, իսկ եթէ համեմատում էք 30 տարի առաջ Արցախի ազատագրման հետ, չարաչար սխալւում էք: Աշխարհը 30 տարի առաջուայ աշխարհը չէ, եւ դուք 30 տարի յետոյ, այս քայլերով ու հոգեբանութեամբ, որ այսօր էլ դեռ ընդունում էք այս նենգ դաւաճանին եւ թուրքին, դուք անկարող էք դա անել: Եթէ փրկող էք, հիմա՛ է ժամանակը: Դուրս նետէք այս իշխանութեան, չեղեալ համարէք նրա դաւաճանական բոլոր պայմանաւորուածութիւնները, դուրս նետէք թուրքին եւ փրկէք երկիրը: Պահը հիմա է, վաղը այլեւս ուշ է:
Այս ամէնը կրկին ինձ մղում է հաւատարիմ մնալ իմ կոչին` ուղղուած ԱՇԽԱՐՀԱՍՓԻՒՌ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅՈՒԹԵԱՆ:
ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԸ ՈՏՔԻ ԵԼԱՆ ԻՐԵՆՑ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ: ԿՈՏՈՐՈՒԵՑԻՆ, ԲԱՅՑ ՍԱԿԱՒ ՓՐԿՈՒԱԾՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆՆ ԵՆՔ ՄԵՆՔ, ԻՐԵՆՑ ՀԵՏ ՓՐԿԵՑԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ` ՀԱՅՈՒ ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ, ՀԱՅՈՒ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻՆ, ԻՐ ԴԱՏԸ ԻՐ ՁԵՌՔՈՎ ՏԵՍՆԵԼՈՒ ԿԱՄՔԸ:
Ո՞ւր են այս ամէնը, չէ՞ որ մեզ են յանձնուած դրանք:
ՈՏՔԻ ԵԼՆԵՆՔ:
Ելնենք գրչով, հոգու ողջ հաւատով, աշխարհը իրար խառնենք, մեր իրաւունքը` երկիր, հայրենիք ունենալու իրաւունքը, խլենք մեր հայրենիքը թուրքին յանձնող ներկայ դաւաճան իշխանութեան ձեռքից:
ԱՇԽԱՐՀԱՍՓԻՒՌ ՀԱՅՈՒԹԻՒՆ, ԴՈ՛Ւ ԵՂԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ: ԴԱՐՁԻՐ ՔՈ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԻԱՒՈՐՈՂԸ: ՔՈ ԵՐԿԻՐԸ ՓՐԿՈՂԸ:
Ոտքի՛:
4 յունուար 2022
tagdaily.com/archives/541196