Այս իշխանութիւններին հայ դատը վտանգելու մանդատ ոչ ոք չի տուել – Վաչէ Բրուտեան
24 ՄԱՐՏ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մարտի 22-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր սփիւռքահայ մամուլի գործիչ, հրապարակախօս և վերլուծաբան Վաչէ Բրուտեանը:
Հաղորդման ընթացքում Վաչէ Բրուտեանը խօսել է ուկրաինական տագնապի և այդ համատեքստում հայութեան և Հայաստանի անելիքների շուրջ:
«Ուկրաինական տագնապի հետ կապուած մտահոգութիւնները թէ Հայաստանում և թէ սփիւռքում, կարելի է ասել` նոյնն է: Բոլորս էլ մտածում ենք թէ ինչ կարող ենք անել, որ Հայաստանի ու հայութեան շահերը չվտանգուեն, իսկ եթէ վտանգուեն էլ, ապա ինչպէս անենք, որ նուազագոյն կորուստներով դուրս գանք այս իրավիճակից»,- նշել է Վաչէ Բրուտեանը` ստեղծուած իրավիճակը բնութագրելով որպէս Արևմուտք-Ռուսաստան դիմակայութիւն:
Ըստ նրա` Արցախում ռուս զինուորների ներկայութիւնն արդէն իսկ Արևմուտք-Ռուսաստան դիմակայութեան մի դրսևորում է, եթէ հաշուի առնենք թէ ինչպէս են Արևմուտքն ու արևմտեան կողմնորոշման ուժերն այստեղ ցանկանում Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: «Ուկրաինայում, բնականաբար, Ռուսաստանի դիմակայութիւնն ունի շատ աւելի լայնածաւալ դրսևորում»,- յաւելել է Վաչէ Բրուտեանը:
Անդրադառնալով այս ծանր իրավիճակում Հայաստանին պարտադրուած հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգի խնդիրներին` Վաչէ Բրուտեանը մասնաւորապէս նշել է. «Բոլոր ժամանակներում էլ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման այսպէս ասած փորձերը ոչ այլ ինչ են, եթէ ոչ` տակաւին չլուծուած հայկական հարցի դրսևորման տարբեր-տարբեր արտայայտութիւնները: Թուրքերը լաւ են հասկանում, որ հայկական հարցի լուծում նախևառաջ նշանակում է հողային հարց և մեր իրաւունքների վերականգնում: Ցաւօք դա չեն հասկանում մեր այսօրուայ իշխանութիւնները, որոնց համար գերնպատակ է այս 29-30 հազար քառակուսի կիլոմետիր վրայ խաղաղութեան դարաշրջանի հաստատումը»:
Մանրամասները՝ տեսանիւթում
horizonweekly.ca/en/այս-իշխանութիւններին-հայ-դատը-վտանգե/