Հայաստան – Սիսիանի պատմության թանգարան – ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ – ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՈՐԲԱՆՈՑԸ
Հայաստան – Սիսիանի պատմության թանգարան – Նախորդ Յօդուածը:
ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ. ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՈՐԲԱՆՈՑԸ
1918 թվականի դեկտեմբերին ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ապաստան էին գտել թուրք ջարդարարներից փրկված 16712 հայեր: Նրանցից 14250-ը տեղավորվել էին ՍԻՍԻԱՆԻ շրջանում, 1976-ը՝Կապանում, 458-ը՝ Գորիսում, 28-ը՝ Արևիքում (Մեղրիի շրջանում)։
ՂԱՐԱՔԻԼԻՍԱ (ներկայի ՍԻՍԻԱՆ քաղաքը) գյուղում 1918-1919թթ. գործում էր որբանոց, գաղթականների եւ զինվորների համար՝ «հիվանդանոց»։ Աշխատանքները համակարգում էին գեներալ ԱՆԴՐԱՆԻԿԻ կողմից նշանակված պատասխանատուներ։
ԱՄՆ Արեւմտյան թեմի Առաջնորդարանում պահպանում են փաստաթղթեր, հուշագրություններ՝ փոխանցված Անդրանիկի զինակից, բժիշկ ԳԱՐԵԳԻՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ կողմից, որոնք վերաբերում են Ղարաքիլիսայի որբանոցին։ Վավերագիր արձանագրությունից պարզ է դառնում, որ 1919 թվականի ապրիլի 1-ի դրությամբ որբանոցում խնամվում էին 104 որբեր, իսկ ծառայողների թիվը 12 էր:
Ովքե՞ր էին այդ մարդիկ, ի՞նչ եղավ նրանց ճակատագիրը…
Ղարաքիլիսայի որբանոցում ծնողական խնամք գտած որբերի, հազարավոր գաղթականների, նրանց ապաստան տված սիսիանցիների մասին մենք այսօր հիշողության պատառիկներ ունենք միայն:
Ղարաքիլիսայի կոմիսարը եւ շրջակա 5 գյուղերի ներկայացուցիչները 1918 թվականին Անդրանիկ զորավարին գրում էին․ «….Ստացանք մեծարգո փաշայիդ հրամանը, այն է՝ Ղարաքիլիսայում տեղավորել 30 մշեցի ընտանիք: Պատիվ ունենք հայտնելու մեծարգո փաշայիդ, որ գյուղումս բոլորովին ազատ բնակարան չկա:
…Գյուղումս բնակվում են 450 շունչ սարիղամիշցի: Բացի դրանից՝ այստեղ ապրում են նախիջևանցի և տաճկահայ գաղթականներ՝ մոտ 400 շունչ: Ուստի անհնարին է մշեցիներին տեղավորել»:
Այս իրավիճակն էր Սիսիանի շրջանի բոլոր հայաբնակ գյուղերում։ Նորանկախ հայկական պետությունը ծանրագույն վիճակում էր. փող չկար, հաց չկար, դե իսկ Զանգեզուրն էլ Բաթումի պայմանագրով Հայաստանի Հանրապետության մաս չէր:
Սիսիանն, ի դեպ, միակ շրջանն էր, որ հրաժարվել է ընդունել Բաթումի պայմանագիրը եւ ենթարկվել Ադրբեջանի իշխանությանը։
Փոխարենը որոշում էր ընդունել կռվել Անդրանիկի հետ, զինվոր տալ, պահել նրա զորքն ու գաղթականներին։ 16712 գաղթականներին կերակրելու համար կար ընդամենը 3620 փութ ալյուր, մինչդեռ անհրաժեշտ էր եւս 96652-ը, որը գնելու համար շուրջ 5 միլիոն ռուբլի էր պետք:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ խնամատարության նախարար Ալեքսանդր Խատիսյանը, արձագանքելով զորավար Անդրանիկի դիմումին, Սիսիանի կոմիսարին ուղարկում է 50 հազար ռուբլի՝ բաժանելու Սիսիանում գտնվող արևմտահայ և ռուսահայ կարիքավոր գաղթականներին։
Անդրանիկը նախարարին ուղղված պատասխան նամակում տեղեկացնելով, որ Սիսիանում արձանագրվել են սովահարության տասնյակ դեպքեր՝ գրում է․ «Լավ կլիներ ընդհանրապես չուղարկեիք այդ 50 հազարը, որը մեկ շնչի հաշվով կազմում է 2,5 ռուբլի: Ձեզ թվացել է, թե այդ գումարով կարո՞ղ եք փրկել այս դժբախտներին»։
Ահա այսպիսի պայմաններում հաջողվեց Սիսիանում ապաստանած գաղթականների շրջանում մահացության ցուցանիշը էապես կրճատել եւ հասցնել նվազագույնի։
Սիսիանը տվեց ամենը, ինչ կարող էր՝ հայրենազրկված հայ գաղթականների ու Սյունիքը պաշտպանող Անդրանիկի զինվորների հետ կիսելով վերջին պատառն իր հացի։
Տեքստը կազմեց՝ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
Լուսանկարում՝ արևմտահայ գաղթականներ Երևանում: Լուսանկարը վերցված է aztagdaily.com կայքից:
Սիսիանի պատմության թանգարան