Եթէ իսկապէս ցանկանում ենք մեր ազգի միասնականութիւնը ապահովել, ունենալ ամուր պետութիւն եւ ապագայ, – Մովսէս Նաճարեան

Եթէ իսկապէս ցանկանում ենք մեր ազգի միասնականութիւնը ապահովել, ունենալ ամուր պետութիւն եւ ապագայ, – Մովսէս Նաճարեան

12 ՄԱՅԻՍ 2022 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս ՆաճարեանՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Իմ ֆբ․-եան էջի շատ սիրելի մօտ 100 հետեւորդ հայորդներ, գիտեմ որ այսպէս կոչուած 10 միլիոն հայերիս մէջից ամենաընտիրներից էք ձեր առողջ մտածողութեամբ եւ անսահման հետաքրքրասիրութեամբ։

Շաբաթ օրը կը շարունակեմ յօդուածաշարս ըստ վերջին թեմային, իսկ այսօր ուզում եմ յատուկ թողարկում մատուցել։ Եթէ իսկապէս ցանկանում ենք մեր ազգի միասնականութիւնը ապահովել, ունենալ ամուր պետութիւն եւ ապագայ, ապա դա իմ կարծիքով կարելի է ապահովել արմատական լուրջ ինքնաճանաչողութեամբ։

Եթէ մեզանից իւրաքանչիւրը չի կարողանում զանազանել գիրն ու տառը, ապա անյուսալի են մեր բոլոր ճիգերը։ Ըստ իս, այստեղից է պէտք սկսել, ինչը այդքան էլ դժուար չէ։ Ընդամենը մի կարճ բայց ծանրակշիռ յօդուած։

Մինչեւ ե՞րբ պիտի ապրենք ինքնախաբէութեամբ, կեղծիքների մէջ։

Ներկայացուածը մեր անտիպ “Հայագիտական բառարան՞-ից է։

Գիր – Շունչ եւ հնչիւն, խօսք, որը նիւթականացւում է տառերով ու դառնում է “գիրն”:

Գրիգոր Լուսաւորչի ժամանակակից Զենոբ Գլակ Ասորին պատմում է, թէ Տարօնի Եօթնակնեան մեհեանը գրաւելուց յետոյ՝ Գրիգոր լուսաւորիչն այնտեղ է թաղել առաքեալների մասունքները, եւ դրանց տապանաքարերի վրայ գրել տուել
յիշատակարան:

Ապա ասում է. “Զայս գրեցին ասորի եւ հելլենացի գրով, եւ յոյն եւ իսմայելացի նշանաւ”: Տուեալ խօսքը անհասկանալի է մնացել մասնագէտների համար, քանզի “գիր” բառի նախնական իմաստը չեն ընկալել:

Թարգմանենք.- “Այս (յիշատակարանը) գրեցին հելլենացի ու ասորի խօսքով (լեզուով), եւ յունական ու իսմայելական տառերով”:

Փաստօրէն տապանաքարերի գրութեան լեզուն եղել է.

1.Յոյների հելլենական բարբառով եւ ոչ թէ մի այլ բարբառով, բայց գրուել է յունական տառերով:

2.Երկրորդը եղել է ասորերէն լեզուով՝ բայց իսմայելացիների տառերով:

Խորենացու մօտ կարդում ենք.- “Առ նա (սբ. Սահակ կաթողիկոսի մօտ – Մ.Ն.) եկեալ Մեսրոպ յաղագս խնդրոյ նշանագրաց Հայոց, եգիտ զնա առաւել եւս փափագող այնմ”: Թարգմանենք. “Հայոց նշանների հնչիւնները փնտրելու նպատակով նրա մօտ եկած Մեսրոպը՝ նրան (սբ. Սահակին) գտաւ առաւել եւս փափագողը դրա”:

Պարզւում է, սուրբ Մ. Մաշտոց նախօրոք մտադրուել է գտնել Հայաստանում առկայ Հայոց գրութիւնների (նշանների) բանալիները (հնչիւնները):

Հնագոյն ժամանակներում “գիր”-ը չի՛ նշանակել “տառ”: Սրա ապացոյցներից մէկը սանսկրիտերէն “Gir” բառի “խօսակցութիւն” իմաստն է, ինչը յիշատակում է Աճառեանն իր “Հայոց լեզուի արմատական բառարան”-ում:

ՆՀԲ-ը դա աւանդել է աղաւաղուած “Կիր” ուղղագրութեամբ, եւ “ձայն, հնչիւն” իմաստներով: Էդ. Աղաեանն իր հերթին “Գրաբարի Քերականություն” գործում, իր անկեղծ զարմանքն է յայտնել այն մասին, թէ Դիոնիսիոս Թրակացու “Արուեստ” կոչուող քերականական երկը հայերէնի թարգմանողը տարբերել է “գիր” ու “տառ” հասկացողութիւնները: Համեմատութեան համար յիշենք ռուսերէն “գրոմքը” (բարձրաձայն) բառը, որի “գր” արմատը հենց նոյն “գիր”-ն է, եւ բառը անմիջականօրէն առնչւում է ձայնին եւ հնչիւնին, եւ ո՛չ թէ տառին կամ գրութեան:

Մեր օգտագործած “գրութիւն” բառը բաղկացած է “գր” եւ “ութիւն” մասերից, ուր “գր”-ը կամ “գիր”-ը հնչիւնն է ու խօսքը,
իսկ “ութիւն”-ը այդ հնչիւնը կամ խօսքը մարմնաւորողն է ու պարունակիչը, այսինքն տառը, թուղթը կամ նիւթը: Անգլ. “gramophone”-ում “gramo”-ի “gr”-ը հնչիւնն է, “amo”-ն այն կրողն է, իսկ “phone”-ը այն հնչեցնողն է:

Բառի տառացի մեկնութիւնը մեզ հանգեցնում է նրան, որ “Գիր”-ը նախկինում իսկապէս նշանակել է “շունչ”, “հնչիւն”, եւ ապա “խօսք”: Սրա ամենացցուն ապացոյցներից մէկն է “Աստուածաշունչ” բառի “Սուրբ Գիրք” տարբերակը, որտեղ “Աստուած” բառը փոխարինուել է Աստուծոյ յատկանիշ “սուրբ”-ով, իսկ “գիր”-ը “շունչ”-ով:

Խորենացին բերում է Թէոդոս II կայսեր ուղարկած պատասխան նամակի պատճենը՝ ուղղուած սուրբ Սահակ կաթողիկոսին, ուր կայսրը մեղադրում է Մեսրոպ Մաշտոցին, որ նա (հնագոյն այբուբենի) “իմաստները” գտնելու համար դիմել է ասորիներին եւ ո՛չ թէ յոյն ճարտարներին:

“… Մեղադիր եմք, զի արհամարհեալ զճարտարօքս որ ի մերում քաղաքիս՝ յԱսորեաց ոմանց խնդրեցեր զիմաստից գիւտս”: Թարգմանենք.- “Մեղադիր ենք, որ արհամարհելով մեր քաղաքներում գտնուող ճարտարներին՝ նա իմաստները գտնելու համար դիմել է Ասորիներից ոմանց”։

Մեսրոպ Մաշտոց լոկ կատարելապէս տիրապետելուց յետոյ Հայոց հնագոյն տառերի իմաստաբանական բովանդակութեանն ու կառուցուածքային խորհուրդ ներին՝ նոյն հիմքերով կարողացել է այս անգամ իսկապէս այբուբեն ստեղծել Վրաց
ու Աղուանների համար:

“Գրերի գիւտ” ասելով պէտք չէ հասկանալ “տառերի ստեղծում”, որովհետեւ “գիւտ”-ը դեռեւս չյայտնաբերուած բայց գոյութիւն ունեցող մի բանի յայտնագործումն է, եւ ոչ թէ ստեղծագործութիւն: Կորիւնն իր ուսուցչին կոչել է թարգմանիչ, եւ ոչ թէ Հայոց գրերի ստեղծող, հետեւաբար ունենք “թարգմանչաց տօն”, եւ ոչ երբէք գրերի ստեղծման տօն:

1.Մատենադարանի համար 2618 ձեռագրում կարդում ենք. “Ձայնաւորաց եւ եղանակաց թագ Դ գիր են, որ զայլ գիրսն ինքեան քարշեն եւ կապեն եղանակս ձայնից”: Այստեղ “գիր” կամ “գիրս” բառերը եթէ տառ հասկանանք՝ անհեթեթ մի նախադասութիւն կ՛ունենանք, որովհետեւ “ձայնն” ու “եղանակը” վերաբերւում են ականջին ու երաժշտութեան, եւ ո՛չ երբէք այբուբենի տառին:

Թարգմանենք. “Ձայնաւորների եւ եղանակների թագը չորս հնչիւններն են, որոնք այլ հնչիւններին իրենց ետեւից են տանում, եւ ձայների եղանակները կապում են իրար”:

2.Բարեւագիր – Նշանակում է “բարեւի խօսք”: “Բարեւի գրութիւն” նշանակելու համար պիտի գրուէր “բարեւագիրն”:

3. “Եկն նմա գիր յԵղիայէ մարգարէէ”: Մեր թարգմ. “Նրան խօսք (լուր) եկաւ Եղիայ մարգարէից”: Բանաւոր է ուղարկուել լուրը, եւ ո՛չ թէ գրաւոր:

4.Ագաթանգեղոսը նկարագրում է Տրդատ Մեծի սբ. Գրիգոր Լուսաւորչին հասցրած տանջանքները, երբ թագաւորն ասում է. “Զարմացեալ զարմացեալ եմ, եւ կարի քաջ. զիա՞րդ կեաս դու կենդանի եւ ոչ ինչ գրեցեր դու զցաւդ, եւ խաւսիս եւս”:

Թարգմանենք. “Զարմանալով զարմացած եմ եւ քաջ մտահոգ, թէ ինչպէ՞ս ես դու կենդանի մնում, եւ ոչ մի կերպ չես արտայայտում ցաւերդ (չես գոռում, մղկտում, աղաղակում), այլ ընդհակառակը՝ դեռեւս խօսում ես”:

5. “Գիր սիրոյ, կամ հրամանի, կամ թախծանաց”:

Մեր թարգմ. “Խօսք սիրոյ, հրամանի, կամ թախիծների”:
Քանզի “թախծի գրութիւն” չի լինում, այլ “թախծի խօսք” է լինում: Բայց լինում է “թախծալի գրութիւն”:

6.”Ետուն նմա գիր վկայութեան, զի անծանօթ էր այրն”:
Մեր թարգմ. “Վկայութեան խօսք տուին նրան, քանզի անծանօթ էր մարդը”: Այսինքն խօսելով ու վկայաբանելով իր ինքնութիւնը հաստատելու առիթ են տուել մարդուն: Նաեւ պարզ է, որ վկայութիւնը բերանացի է լինում եւ ոչ գրաւոր: Գրաւոր
վաւերաթղթին ասել են “վկայագիրն”:

7.”Այս է գիր արարածոց”: Մեր թարգմ. “Այս է արարածների խօսքը, լեզուն”: Եթէ նախադասութիւնը “անասուն մարդկանց” է վերաբերուել կամ “կենդանիներին”, ապա գրողը նկատի է ունեցել դրանց արտադրած բացականչութիւնները:

8.”Գրողը տանի” նշանակում է “շնչողը տանի”, այլապէս` (անձին) “շունչ ներշնչողը”, Աստուած:

9.Միջին գրական հայերէնում գտնում ենք “ջնջագիր” արտայայտութիւնը, ինչը մասնագէտը մեկնել է “անգրել թուղթ” (“չգրուած, մաքուր թուղթ” իմաստով), եւ նշել է արմատները՝ “ջինջ+ա+գիր”: Նոյնպէս եւ մե՛ր կարծիքով այդ բառը կազմուած է “ջինջ=մաքուր” եւ “գիր” արմատներից, բայց նշանակում է “մաքուր խօսք”, “բերանացի ասուած անկեղծ խօսք”, ինչպէս պիտի ասէինք “տղամարդու խօսք”, հետեւաբար դա բերանացի
ասուած “հաստատուն խօսք” է, եւ “թուղթ”-ը գոյութիւն չունի այնտեղ:

10.Գրաբարեան “Գրեա թէ” (համարէ թէ), որից առաջացել է “գրեթէ” բառը, երբ “համարէ թէ”-ն “գրելու” հետ առնչութիւն չունի, բայց “ասենք թէ”-ի բովանդակութիւնն ունի, հետեւաբար խօսքի, ձայնի կամ մտածողութեան հետ է առնչւում:

11.Մաշտոցի “Յաճախապատում Ճառք” գրքում գտնում ենք. “Եւ ոգիք կատարելոց սիրելեաց Աստուծոյ ուր եւ են՝ ի նորա սուրբ սիրոյն ի գիր կան”:

Այստեղ բացայայտօրէն “ի գիր կան”-ը նշանակում է “խօսում են, արտայայտւում են, պատմում են”: Այսինքն “Աստծուն սիրելի կատարեալների ոգիները ուր էլ գտնուեն՝ Նրա սուրբ սիրով են մնում եւ Նրա սուրբ սիրոյ մասին են խօսում”:

12.”Որդէգրել”-ը կամ “որդեգրել”-ը ընդհանուր առմամբ նշանակում է “որդի կոչել” եւ ո՛չ թէ անպայման “որդի գրանցել”:

13.”Երկաթագիր մատեան”-ի “երկաթագիր”-ը ոչ թէ երկաթով քերուածն է, այլ “արեան գիրը կամ խօսքն” է մատեանում, ուր բառերը արեան հոսողութեան նման անընդհատական են, իրարից բաժանուած չեն։

Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail