«Երախտապարտ ենք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, նոյեմբերի 9-ի թղթի, Շուշիի, Հադրութի, Քարագլխի, մզկիթների, ամեն ինչի համար»
12.06.2022 | Մեկնաբանություն | Lragir.am,
Ռուսաստանի օրվա կապակցությամբ Պուտինին շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ շնորհակալություն ու երախտագիտություն հայտնել նրան «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման» համար։ Մի երկու օր առաջ էլ ՀՀ նախագահը, ընդունելով Լավրովին, ասել էր՝ «մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ»։
Այս մարդիկ, հիշեցնենք, նախագահներ են, ոչ թե Հայաստանի մեդիա-քաղաքական դաշտում վխտացող շարքային ռուսանպաստ կուսակցականներ, փորձագետներ ու դեպուտատներ։ Կարելի է էլի շնորհավորել՝ պաշտոնի սոլիդության, արժանապատվության եւ նման այլ բաների դիրքերից։ Շնորհակալություն 1915-17-ի համար, 1921-23-ի համար, Կոլցո գործողության, 2020-ի արշավի ու նոյեմբերի 9-ի համար, Հին Թաղեր-Խծաբերդի ու Փառուխի համար։
Ռուսաստանի համար, բացի իր պլանների իրագործումից, որը ենթադրում էր հայերի երաշխավորված պարտությունը ՀՀ տարածքի վերաձեւման, միջանցքների եւ Արցախում Շուշիի ու Հադրութի պայմանով իր զորքի տեղակայման համար, չափազանց կարեւոր էր, որ հայերը նաեւ երախտապարտ լինեն դրա համար։ Ռուսաստանը պետք է մնար փրկչի կերպարում, իր պլաններն անշրջելի դարձնելու համար։
Նոյեմբերի 9-ից ի վեր իշխանությունները, խորհրդարանի «ընդդիմությունը», ռուսանպաստ ագենտուրան, մամուլ-փորձագետները 7/24 ռեժիմով երախտագիտություն են հայտնում Ռուսաստանին եւ անձամբ Պուտինին։ Այդ ծիրում էլ ծավալվել է ներքին նողկալի բանավեճը՝ հայ ժողովրդի կամքն ու իրական դիմադրության հնարավորությունները ճնշելու եւ ռուսների բարեհաճությունը ստանալու համար:
Մոսկվային դա առավել եւս պետք է ներկայում, Հայաստանի դեմ առաջիկա ամիսներին պլանավորած գործողություններն իրականացնելու համար, որը կրկին լինելու է «թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ ռուսական փրկչության» սխեմայով ու նոր կորուստներով, եւ որի համար հայերը կրկին երախտապարտ են լինելու։ Ահա Մոսկվայի նման քաղաքականության վստահության հիմքը։
lragir.am/2022/06/12/722700/