
Հայկական Վրիժառութիւնը Պատմութեան Մէջ – Հայկական Վրիժառութիւնը Պատմութեան Մէջ – Անի Մելքոնեան
13 ՅՈՒՆԻՍ 2022 – ԿԻԶԱԿԷՏ – ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ.
Անի Մելքոնեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մարտը հայոց պատմութեան մէջ նշանաւորւում է «Նեմեսիս» վրիժառական ամենայայտնի գործողութեամբ` երիտթուրք պարագլուխ, հայ ժողովրդի դահիճ Թալէաթի ահաբեկմամբ:
Նախ` փոքր-ինչ հայկական վրիժառական աւանդոյթների մասին: Տարածուած տեսակէտ է, որ վրիժառութիւնը բնորոշ է թոյլերին: Մեր կարծիքով, սակայն, վրիժառութիւնը յատուկ է թուլութիւնը յաղթահարած ուժեղներին: Դարեր շարունակ հայերի համար վրիժառութիւնը եղել է արդարութեան վերականգնման, թշնամուն պատժելու, նաեւ սեփական իրաւունքների համար պայքարի միջոցներից մէկը:
Հայկական վրիժառութեան մասին յիշատակութիւններ կան դեռեւս հայ պատմիչների երկերում: Փաւստոս Բիւզանդն իր «Հայոց պատմութեան» մէջ գրում է, թէ ինչպէ՛ս պարսից Շապուհ 2-րդ արքան խաբէութեամբ իր մօտ է կանչում հայոց Արշակ 2-րդ արքային ու սպարապետ Վասակ Մամիկոնեանին եւ հրամայում Արշակ արքային բանտարկել Անյուշ բերդում, իսկ Վասակ Մամիկոնեանին մորթազերծ անել, մաշկի մէջ յարդ լցնել ու մշտապէս դնել սպարապետին այնքան սիրող շղթայուած արքայի դիմաց: Վասակի որդին` Մուշեղ Մամիկոնեանը, ճակատամարտում յաղթելով պարսիկներին, մորթազերծ անել է տալիս պարսիկ մեծամեծներին ու, յարդ լցնելով նրանց մաշկերի մէջ, նուէր ուղարկում Շապուհին` նման ձեւով վրէժ լուծելով Շապուհից հօր սպանութեան եւ Արշակ արքայի խոշտանգման համար:
Բագրատունեաց Հայաստանի վերջին արքայ Գագիկ 2-րդի (1043-1045 թթ.) սպանութիւնն իրականացրին յոյն Մանտալէ եղբայրները` կախելով հայոց արքային ամրոցի պարսպից 1079 թ.: Նրա սպանութեան վրէժը 1112 թ. լուծեց Կիլիկեան Հայաստանի իշխան Թորոս առաջինը, որի հրամանով Մանտալէ եղբայրները մահապատիժի ենթարկուեցին:
Հայոց մէջ, եւ ոչ միայն, սրբազան վրէժը անժամանցելի է համարուել: 500-ամեայ հեռաւորութիւնից վրիժառութեան մի օրինակ է տալիս Զաքարէ Զաքարեան իշխանը: Այսպէս, 705 թ., Արաբական խալիֆայութեան յանձնարարութեամբ, արաբ ոստիկանը, հայ ազնուականութեանը ոչնչացնելու մտադրութեամբ, խաբէութեամբ իրենց մօտ է հրաւիրում մի քանի հարիւր հայ նախարարների, զօրականների ու սեպուհների, որոնց փակում են Նախիջեւանի (մօտ 800 հոգու) եւ Խրամ գիւղի (մօտ 400 հոգու) եկեղեցիներում ու ողջ-ողջ այրում: 1209 թ. հայոց իշխանապետ, սպարապետ Զաքարէ Զաքարեանը, գրաւելով Արտապիլը, նախնեաց սրբազան վրէժն առնելու նպատակով հրամայեց այրել այն մզկիթը, որտեղ պատսպարուել էին քաղաքի մեծամեծները` ասելով. «Իշխանք` փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախճուանի»:
Վրիժառութիւնն առաւել տարածուեց հայերի շրջանում յատկապէս ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, երբ թուրք եւ քիւրտ հարստահարիչներին կամ ցարական հակահայ պաշտօնեաներին պատժելու համար հայ ազգային-քաղաքական կուսակցութիւնները դիմում էին անհատական «ահաբեկչութեամբ» վրէժ լուծելու մեթոտին: Վրիժառութիւնից չեն խուսափել նաեւ հայ դաւաճաններն ու մատնիչները:
19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայոց պատմութիւնը լի է վրիժառական հերոսական գործողութիւններով: Այդպիսի գործողութիւններից էր ազատագրական պայքարի ամենահերոսական դրուագներից մէկը համարուող Խանասորի արշաւանքը, որի նպատակն էր վրէժխնդիր լինել քրտական մազրիկ ցեղից 1896 թ. Վանի ինքնապաշտպանութիւնից յետոյ դէպի Պարսկաստան հեռացող հայ մարտիկների սպանութեան համար: Գործողութեան գաղափարը յղացել էր Նիկոլ Դումանը, հրամանատարն էր Սարգիս Մեհրաբեանը, որը գործողութիւնից յետոյ ստացաւ Խանասորի Վարդան պատուանունը:
Ազգային-ազատագրական պայքարի շրջանում վրիժառուի դերում հանդէս էին գալիս հիմնականում հայ ֆետայիները, որոնք հաւասարապէս պատժում էին ինչպէս թուրք եւ քիւրտ պաշտօնեաներին, այնպէս էլ հայ դաւաճաններին: Այդպիսի մի ձեռնարկ էր Աղբիւր Սերոբի դաւադիր սպանութեան համար հայ ֆետայիների վրիժառական գործողութիւնը: Մեծահռչակ ֆետայապետ Աղբիւր Սերոբը մեծ անհանգստութիւն էր պատճառում քիւրտ բեկերին եւ թրքական իշխանութիւններին, որոնք էլ Սերոբի գլխի համար մատնիչներին խոստանում էին պարգեւատրումներ ու արտօնութիւններ, եւ ի վերջոյ գտնուեց նիւթին ու փողին խիղճն ու հոգին ծախած մի հայ` Գեղաշէնի ռէս Աւոն, որը պէտք էր գործէր` համաձայն մշակուած ծրագրի. «…թունաւորել Սերոբը եւ իր մարդիկը: Ոչ ոք կը կասկածէր Աւոյին: Պարկեշտ, բարեխիղճ եւ հայրենասէր մարդու անուն ունէր գիւղին մէջ եւ շրջակայքը», գրում է զօրավար Սմբատը (Մախլուտօ) իր յուշերում: Մշակուած ծրագրի համաձայն, 1899 թ. նոյեմբերի 24-ին ռէս Աւոն ծխախոտի միջոցով թունաւորում է Սերոբին եւ այդ մասին յայտնում Պշարէ Խալիլին: Յաջորդ օրը` նոյեմբերի 25-ին, թրքական ու քրտական հրոսակախմբերը, Խալիլի գլխաւորութեամբ, շարժւում են Սասուն եւ պաշարում Կելիէկուզան գիւղը: Թունաւորումից ջլատուած հայդուկապետը չի կարողանում ոտքի կանգնել եւ կռուել: ՊշարԷ Խալիլը գլխատում է մահամերձ Սերոբին, որի գլուխը ցցի վրայ ցուցադրում էին Մուշի եւ Բաղէշի (Պիթլիս) փողոցներում` հայերին վախեցնելու եւ ընկճելու նպատակով: Սերոբի մատնութիւնն ու դաւադիր սպանութիւնը իրականում ընկճեցին զօրքին ու ժողովրդին, բայց, իհարկէ, այս ստոր քայլը եւս անպատիժ չմնաց. «…Աղբիւր Սերոբի սպանութեան վրէժը լուծուեց 1900 թ. աշնանը. Աղբիւր Սերոբի զինուորներ Գէորգ Չաուշն ու Անդրանիկը ոչնչացնում են դաւաճան Աւոյի ողջ գերդաստանը եւ սպաննում Պշարէ Խալիլին նոյն ձեւով եւ, ինչպէս Աղբիւր Սերոբի դէպքում, Խալիլի գլուխը ցցի վրայ անցկացրած շրջում էին փողոցներով` որպէս Աղբիւր Սերոբի արդար արեան վրէժ»:
Վրիժառական բացառիկ մի գործողութիւն էր Ելտըզի մահափորձը հայութեան դահիճ սուլթան Ապտիւլ Համիտ 2-րդի դէմ, որը ծրագրել էր ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանը, բայց, ցաւօք, նա չկարողացաւ ծրագիրն աւարտին հասցնել. զոհուեց 1905 թ. մարտի 17-ին Վիտոշ լերան լանջին` ինքնաշէն ռումբի փորձարկման ժամանակ: Այնուամենայնիւ, Քրիստափորի ընկերները որոշեցին աւարտին հասցնել ձեռնարկը, եւ 1905 թ յուլիսի 21-ին Կ. Պոլիսը ցնցուեց կառքի պայթիւնից: Մահափորձն իրականացնող «Ռուբինան (Արէշեան-Օհանջանեան, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Համօ Օհանջանեանի ապագայ կինը – Ա. Մ.) եւ ընկերները կարողանում են ռումբով կառքը յարմար կայանել մզկիթի մուտքին հնարաւորինս մօտ եւ որոշուած ժամով գործարկել ժամացոյցը:
Գործողութիւնից զոհւում են աւելի քան 40 թուրք բարձրաստիճան պաշտօնեաներ, խորտակւում է 20 կառք, սակայն սուլթանը, ցաւօք, յապաղում է մզկիթից դուրս գալու պահին եւ ուղղակի հրաշքով ողջ է մնում»: Մզկիթից դուրս գալու պահին սուլթանը մի պահ խօսակցութեան է բռնւում շէյխ ուլ իսլամի հետ եւ կառքի պայթելու պահին կառքում չէր: Այդպէս նա փրկուեց, սակայն ստիպուած էր «մոռացութեան տալ» մահափորձը` վախենալով, որ պատասխան քայլերից յետոյ հայ յեղափոխականներն աւելի ծայրայեղ քայլերի կը դիմեն:
1905 թ. փետրուարի 6-ին Պաքուի նահանգապետ Նակաշիձէի դրդմամբ թաթարները յարձակուեցին քաղաքի հայկական թաղամասերի վրայ, կողոպտեցին գոյքն ու կահկարասին: Հայ բնակչութեան ինքնապաշտպանութեան կազմակերպումը ստանձնած Դաշնակցութիւնը նախազգուշացնող գրութիւն է ուղարկում Նակաշիձէին, սակայն վերջինս մնում է անդրդուելի, ուստի «ՀՅԴ Ոսկանապատի Կենտ. կոմիտէն որոշեց նրան ահաբեկել»: Նոյն որոշումը կայացրել էր նաեւ ռուսական սոցիալիստ-յեղափոխական կուսակցութիւնը, ուստի Դաշնակցութիւնը սկզբնապէս նրանց զիջեց Նակաշիձէի ահաբեկման գործը, ինչը նրանք ձախողեցին: 21-ամեակը չբոլորած Դրոն խնդրեց իրեն վստահել Նակաշիձէից վրէժխնդիր լինելու գործը, եւ ի վերջոյ Նիկոլ Դումանի միջնորդութեամբ այն յանձնարարւում է Դրոյին: 1905 թ. մայիսի 11-ին Պաքուի «Պարապետ» կենտրոնական հրապարակում Դրոն ռմբահարեց Նակաշիձէի կառքը. գործն արուած էր, հայատեաց չարագործը` սպաննուած: Նոյն օրը հրապարակուած ՀՅԴ Ոսկանապատի Կենտրոնական կոմիտէի կոչում կարդում ենք. «Ռումբը խօսեց: Գազազած հայ ժողովրդի վրէժի որոտաձայն խօսքն էր այն… Ռումբը դատեր շատ ունի դեռ: Վա՛յ նրանց, որոնք կը կամենան այսուհետ յօշոտել հայ ժողովուրդը…»: Այնուհետեւ Դաշնակցութիւնը «Հրաման» կոչուող մի կոչով էլ զգուշացնում է ցարական պաշտօնեաներին, որ հայի ձեռքից զէնք խլողը, նրան խուզարկողը կամ բանտարկողը յիշի «…Պաքուի նահանգապետ Նակաշիձէին, Գանձակի փոխնահանգապետ Անտրէեւին, գաւառապետներ Պոկոսլաւսքուն, Շմերլինկին, Փաւլովին, ոստիկանապետ Սահակովին, պրիստաւներ Նաշչանսքուն, Ճաւախովին, Շումաքեւիչին, Տէր Սահակովին, ոստիկան Սերգոյին, եւ ուրիշ շատերի, որոնք ՀՅ Դաշնակցութեան վճռով մահուան պատժի են արժանացել: Փոխարքայի կողմից 25 ռուբլի ընծայ կամ յեղափոխականի գնդակը – ահա թէ ի՛նչ բան պէտք է ընտրել…»:
Դաշնակցութեան վրիժառութիւնից չխուսափեց նաեւ նախիջեւանցի թաթար, հայ եւ վրացի ժողովուրդների դահիճ Ալիխանով Աւարսկին, որից Ալեքսանդրապոլում վրէժխնդիր եղան Դրոն եւ Մարտիրոս Չարուխչեանը:
Հայոց պատմութեան մէջ, սակայն, վրիժառական ամենամեծ ձեռնարկը «Նեմեսիս»-ն էր` Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներին պատժելու արդարահատոյց շարժումը: 1919 թ. սեպտեմբեր-նոյեմբերին Երեւանում տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը, ի թիւս այլ հարցերի, որոշում կայացրեց նաեւ «Յատուկ գործ»-ի մասին, որն իրականացուելու էր «Նեմեսիս» ծածկանունով, եւ նպատակն էր վրէժխնդիր լինել Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչ դահիճներից: Գործի ղեկավարներն էին Արմէն Գարոն, Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը: Հայոց «Նեմեսիս»-ի ժամանակագրութիւնը մօտաւորապէս հետեւեալն է. 1919 թ. Թիֆլիսի Երեւանսկու հրապարակում Արամ Երկանեանը վրէժխնդիր եղաւ «Մուսաւաթ» կուսակցութեան անդամ, Ազրպէյճանի ռազմական նախարար Ղասիմբեկովից եւ պուլկարացի գործակալ, գնդապետ Սաֆարովից, իսկ 1920 թ. յունիսի 19-ին` Պաքուի եւ Շուշիի հայկական կոտորածների կազմակերպիչ, Ազրպէյճանի վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուց, նրա գործակից Խասմամետովից եւ նրանց թիկնապահից: Ապա` 1920 թ. յուլիսի 19-ին, Թիֆլիսում վրէժխնդիր եղաւ Շուշիի ջարդերի հիմնական պատասխանատուներից եւ իսլամիզմի յայտնի գաղափարախօսներից մէկից` Հասան բեկ Աղայեւից:
1921 թ. յուլիսի 18-ին Միսաք Թորլաքեանը իր գործակիցների` Երուանդ Ֆունդուքեանի եւ Յարութիւն Յարութիւնեանի հետ վրէժխնդիր եղաւ Ազրպէյճանի «Թալէաթ» համարուող Պեհպութ խան Ճիւանշիրից:
1921 թ. դեկտեմբերի 5-ին Արշաւիր Շիրակեանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում վրէժխնդիր եղաւ Օսմանեան կայսրութեան վարչապետ Սայիտ Հալիմից, իսկ 1922 թ. ապրիլի 17-ին Արամ Երկանեանի հետ Պերլինում ահաբեկեց Տրապիզոնի վիլայէթի նախկին նահանգապետ, հայ մանուկներին ծովում խեղդամահ արած Ճեմալ Ազմիին եւ «Թեշքիլաթը մահսուսէ» կազմակերպութեան հիմնադիր Պէհաէտտին Շաքիրին:
1922 թ. յուլիսի 21-ին Թիֆլիսում Պետրոս Տէր Պօղոսեանը, Արտաշէս Գէորգեանը եւ Ստեփան Ծաղիկեանը վրէժխնդիր եղան Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ճեմալից:
Հայկական վրիժառական «Նեմեսիս» գործողութեան ամենաաղմկայարոյց ու ամենաոգեւորիչ արարը տեղի ունեցաւ 1921 թ. մարտի 15-ին Պերլինի Շառլոթենպուրկ թաղամասի Հայտենպերկ փողոցում, երբ երիտասարդ դաշնակցական Սողոմոն Թեհլիրեանը գնդակահարեց հայութեան գլխաւոր դահիճ Թալէաթ փաշային: «Թեհլիրեանը ձերբակալուեց սպանութեան վայրում եւ տարուեց ոստիկանութիւն, որտեղ սկսուեց հարցաքննութիւնը: Քանի որ նա հարցաքննութեան պահին գրեթէ չէր տիրապետում գերմաներէնին, իբրեւ թուրքահպատակի` նրան առաջարկեցին հարցաքննուել թուրքերէնով: Սակայն Թեհլիրեանի պահանջով հարցաքննութիւնը կատարուեց հայ թարգմանչի միջոցով: Նա պնդում էր, որ Թալէաթին սպաննել է վրէժից դրդուած, գործել է միայնակ եւ յանցակիցներ չի ունեցել»: Թեհլիրեանի դատավարութիւնը սկսուեց 1921 թ. յունիսի 2-ին, սակայն այն վերածուեց Թալէաթի դատավարութեան: Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնը «Յատուկ գործ»-ի ամենահնչեղ էջն էր, ունէր քաղաքական նշանակութիւն. «…դժուար է խորաչափել քաղաքական կշիռը այն գնդակին, որ ® Թեհլիրեանի ձեռքով պարպուեցաւ Թալէաթի վրայ: ® Հսկայ մայրաքաղաքը զգում էր կարծես, որ դատասրահում դատւում էր ոչ թէ մի պարզ հայ, այլ դատւում էր համայն մարդկութիւնը, որ անպատիժ ձգեց մի անմեղ ժողովրդի նկատմամբ գործադրուած ապրիլեան անօրինակ Եղեռնը»: Դատավարութիւնն աւարտուեց նրանով, որ գերմանական դատարանը Սողոմոն Թեհլիրեանին անպարտ ճանաչեց եւ ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներից Էնվերին ոչնչացրեց առաջին Թուրքեստանեան տիվիզիայի առաջին պրիկատի հրամանատար Յակոբ Մելքումովը: Ըստ խորհրդային նախկին չեկիստ Աղաբէկովի յուշերի, Էնվերի սպանութիւնը իրականացուել է չեկայի որոշմամբ: Նշենք, որ պոլշեւիկների եւ նրանց առաջնորդ Լենինի գործակիցը դարձած երիտթուրքերի այս ներկայացուցիչը դաւաճանել էր իր դաշնակիցներին եւ յայտնուելով Միջին Ասիայում` գլխաւորում էր հակախորհրդային ապստամբական շարժումը:
Հարկ ենք համարում յատուկ նշել, որ հայկական վրէժխնդրութիւնից չեն խուսափել նաեւ հայ դաւաճաններն ու մատնիչները, մասնաւորապէս «Նեմեսիս» գործողութեան տարիներին ոչնչացուել են Հայոց ցեղասպանութեանը մասնակցած մի շարք հայ դաւաճաններ: Այսպէս, «Ինչպէս գիտենք, 1915-ի ապրիլի 24-ին Կ. Պոլսում ձերբակալուեցին եւ սպաննուեցին հայ մտաւորականներ, որոնց ցուցակը թուրքերի համար կազմել էր Վահէ Եսայեանը (Իհսան): 1920 թ.-ի մարտի 27-ին 20-ամեայ Արշաւիր Շիրակեանը Կ. Պոլսում գնդակահարեց դաւաճան Իհսանին: Օսմանեան կայսրութեան քաղաքական ղեկավար, Թալէաթի գործակալ Յարութիւն Մկրտչեանի հրամանով 1915 թ-ի ապրիլի 24-ին ձերբակալուել էին հայ մտաւորականութեան աւելի քան 600 ներկայացուցիչներ: 1919 թ-ին Սողոմոն Թեհլիրեանը Կ. Պոլսում, աւելի վաղ քան «Նեմեսիս» ծրագիրը կեանքի կը կոչուէր, ամենայն հաւանականութեամբ Պոլսի ՀՅԴ կենտրոնական կոմիտէի որոշմամբ, գնդակահարեց դաւաճանին: 1913 թ-ի սեպտեմբերի 7-ին Ռումանիայում գումարւում է ՍԴՀԿ 7-րդ Պատգամաւորական ժողովը, որտեղ գաղտնի որոշում է կայացւում ահաբեկել Թալէաթին: Այդ ժողովին մասնակցում էր Եգիպտոսի ՍԴՀԿ կառոյցից պատգամաւոր ընտրուած Արթուր (Արշաւիր) Հասեանը, որը թուրքական գաղտնի ոստիկանութեան անդամ էր, եւ նրանց յայտնում է Ռումանիայի ժողովի գաղտնի որոշման մասին, դրա հետեւանքով ձերբակալւում են հնչակեան մի շարք գործիչներ, այդ թւում նաեւ Թալէաթին ահաբեկելու նպատակով Կ. Պոլիս անցած Փարամազը եւ նրա խումբը` թուով 20 հոգի, 1915 թ-ի յունիսի 15-ին Կ. Պոլսի սուլթան Պայազիտ հրապարակում Փարամազը եւ իր ընկերները կախաղան են բարձրացւում:
Արթուր Հասեանը եւս, ինչպէս միւս բոլոր դաւաճանները, անպատիժ չմնաց, «Նեմեսիս»-ի շրջանակներում 1920 թ-ին Կ. Պոլսում նրա հետ հաշուեյարդար տեսաւ Արշակ Մուշեղեանը (Եզիտի Արշակ)»:
Հայոց ցեղասպանութեան շուրջ առաջացած մոռացութեան պատը քանդելու, հայոց պահանջատիրական պայքարին միջազգային հնչեղութիւն հաղորդելու համար զինեալ գործողութիւններ ձեռնարկուեցին նաեւ հետագայ տարիներին հայկական սփիւռքում: Այդ գործողութիւնների մեկնարկը տրուեց 1975 թուականի հոկտեմբերի 22-ին, երբ ահաբեկուեց Վիեննայի թուրք դեսպանը, իսկ երկու օր անց` հոկտեմբերի 24-ին, ահաբեկուեց Փարիզի թուրք դեսպանը: Զոյգ գործողութիւնների պատասխանատւութիւնը ստանձնեց «Հայկական ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» կազմակերպութիւնը:
Այդ շրջանի առաւել հնչեղ զինեալ գործողութիւններից է Հայ յեղափոխական բանակի մարտիկների իրականացրած «ահաբեկչական» գործողութիւնը: 1983 թ. յուլիսի 27-ին ՀՅԲ 5 անդամները` Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճէմեանը, Սիմոն Եահնէեանը, Սարգիս Աբրահամեանը եւ Արա Քըրճըլեանը, գրոհում են Լիզպոնի թրքական դեսպանատան վրայ: Դեսպանատուն ներխուժելու ժամանակ, ոստիկանների հետ սկսուած փոխհրաձգութեան հետեւանքով, զոհւում է Սիմոն Եահնէեանը` չկարողանալով մտնել դեսպանատուն: Տղաները գրաւում են դրան կից Թուրքիայի փոխդեսպանի բնակարանը: Փորթուգալական ոստիկանութիւնն ու յատուկ ջոկատայինները շրջափակում են շէնքը, եւ սկսւում է փոխհրաձանաձգութիւն: Հայ վրիժառուները գերիներին (փոխդեսպանի կնոջն ու երեխային) բաց թողնելուց յետոյ պայթեցնում են շէնքը եւ մնում դրա փլատակների տակ: Մինչ պայթիւնը մարտիկները աշխարհին ու նաեւ աշխարհասփիւռ հայութեանը յղում են իրենց կոչը. «Բոլոր կառավարութիւններին, համաշխարհային հանրային կարծիքին եւ մամուլին: Սա անձնասպանութիւն չէ, ոչ էլ խելագարութիւն, այլ գերագոյն զոհաբերում` ազատութեան բագինին: Մեր ժողովրդի ինքնորոշման ձեռքբերման միակ միջոցը զինեալ պայքարն է: Բռնի ուժին դիմելու մեր որոշումը հետեւանքն է թուրք պետութեան եւ նրա պաշտպան պետութիւնների մերժումի` գոհացում տալու հայ ժողովրդի արդար ու խաղաղասէր իրաւունքներին: Հայերի իրաւունքն է ապրել ու բարգաւաճել իրենց նախահայրերի հայրենիքում` ազատ ու անկախ…»:
Ամփոփելով` կարող ենք ասել, որ պատմութեան տարբեր ժամանակահատուածներում վրէժխնդրութիւնը եղել է հայութեան պայքարի անբաժան մասը` թէ՛ ազգային-ազատագրական պայքարում, թէ՛ թշնամուն ու հայ դաւաճաններին պատժելու եւ թէ՛ արդարութիւնը վերականգնելու գործում:
«Դրօշակ» թիւ 3 (1664), մարտ 2022
aztagdaily.com/archives/548945





