Պայքարը Շարունակւում է, Վրանային Հրապարակով Կամ Առանց Դրա… Դերենիկ Մելիքեան
21 ՅՈՒՆԻՍ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ:
Դերենիկ Մելիքեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մինչ փաշինեանական իշխանաւորները մեծ հրճւանք են ապրում «Դիմադրութեան» շարժման կիզակէտ Ֆրանսիայի հրապարակից վրանների հաւաքման առթիւ ու դա համարում են շարժման պարտութիւնն ու իրենց յաղթանակը, ալիեւը նոր յոխորտանքների դիմելով ՝ կրկին «Զանգեզուրի միջանցք»-ի յօգուտ Բաքւի ապաշրջափակման մասին է բարձրաձայնում։ Դեռ աւելին՝ սպառնում է նոր պատերազմով, եթէ Հայաստանը տւեալ «միջանցք»-ի օգտագործմանը որեւէ կերպ խոչընդոտ հանդիսանայ…: Նշենք նաեւ, որ ալիեւի հերթական լկտիութեան թիկունքում ինչպէս միշտ կանգնած են թուրք բարձրաստիճան պաշտօնեաները:
Միւս կողմից, տեսնելով, որ անցնող մէկ տարում Ադրբեջանին ու Թուրքիային առաջարկած իր «խաղաղութեան» օրակարգերը չեն կենսագործւում, Փաշինեանը դրանում հերթական անգամ մեղադրում է նախկիններին՝ (նախագահներ Ռ. Քոչարեանին, Ս. Սարգսեանին եւ ՀՅԴ-ին) ու Ազգային ժողովի իր խամաճիկների առջեւ յայտարարում է թէ՝ խնդրոյ առարկայ խաղաղութեանը հասնելու ոչ մի երաշխիք չկայ!!! իսկ դա ուղղակիօրէն նշանակում է, որ պէտք է շարունակեն միակողմանի զիջումները, այլապէս ադրբեջանցիք Թուրքիայի օգնութեամբ նոր պատերազմ կը շղթայազերծեն Հայաստանի դէմ:
Եւ այսպիսով՝ առաջացած խայտառակ իրավիճակի մեղքը բարդելով նախկինների վրայ եւ համարելով, որ ընդդիմութիւնն «վրանային պայքարից» յոգնելով, այլեւս չի խանգարի «խաղաղութեան դարաշրջան»-ի կենսագործումը, Փաշինեան Նիկոլը թէկուզ կարճատեւ ժամանակով՝ բայց երաշխաւորւած է տեսնում իր իշխանական աթոռի պահպանումը։ Այս խնդրում ակնյայտօրէն չեն թաքցնում իրենց գոհունակութիւնը նաեւ ԱՄՆ-ի, Եւրոմիութեան եւ Անգլօ-Սաքսոնական դեսպանները…
Իր պետականակործման իշխանութեան պահպանման ճամբին, ինչպէս երբեւէ, Փաշինեանը գործի է դրել իր ֆէյքային ու մոլորեցնող քարոզչամեքենան, որպէսզի հասարակայնութեանը հրամցնի այն, որ ընդդիմադիրների շարժման նպատակը լոկ իշխանափոխութիւնն է ու նախկինների վերադարձը։ Այդպէս վարւելով հանդերձ, նա եւ իր խամաճիկները քաջ գիտեն, որ «Դիմադրութեան» շարժման նպատակը ոչ թէ իշխանափոխութիւնն է, այլեւ դա ընդամէնը միջոց է՝ կանխելու Հայաստանի եւ Արցախի վերջնական կորուստը, պետականութեան անկումն ու երկրի թուրքացումը…
Ուրեմն՝ պարզից էլ պարզ է, որ վերոգրեալ նպատակի իրականացման ճամբին պէտք է պատրաստ լինել երկարատեւ ու յամառ պայքարի, որի արդիւնքում ոչ միայն պէտք է իրականանան հռչակւած նպատակները, այլեւ ուրւագծւեն մեր համազգային գերագոյն արժէքների, այսինքն՝ հայրենի երկիր Հայաստան-Արցախի ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը եւ պետականութեան ապագայի ԱԶԳԱՅԻՆ տեսլականը։
Իսկ որպէս «Դիմադրութեան» շարժման առանցքային գործօն ՀՅԴ-ն այս պայքարը համարում է հայոց պետականութեան ու հայ ժողովրդի փրկութեան միջոց եւ այն շարունակելու է մինչեւ նոյն պայքարի յաղթական աւարտ եւ ճշտորոշւած ռազմավարական նպատակների կենսագործում, լինի դա վրանային հրապարակով, կամ առանց դրա, քայլերթ-համահաւաքներով, թէ՛ խորհրդարանական-իրաւա-քաղաքական բոլոր թոյլատու միջոցների կիրառմամբ…:
yerakouyn.com/2022/06/21/պայքարը-շարունակւում-է-վրանային-հրապ/