«Խաղաղութեան Դարաշրջան»-ի Մէկդարեայ Առասպելը» – «Խաղաղութեան Դարաշրջան»-ի Մէկդարեայ Առասպելը» – Կարէն Խանլարեան

դոկտ. Կարէն Խանլարեան

«Խաղաղութեան Դարաշրջան»-ի Մէկդարեայ Առասպելը» – «Խաղաղութեան Դարաշրջան»-ի Մէկդարեայ Առասպելը» – Կարէն Խանլարեան

26 ՅՈՒՆԻՍ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

< Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ >
< Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում >

Իսլամական խորհրդարանին մէջ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր, «Դրօշակ» պաշտօնաթերթի նախկին խմբագիր դոկտ. Կարէն Խանլարեան Facebook-ի իր էջին մէջ կը գրէ.

«Խաղաղութեան դարաշրջան»-ի մէկդարեայ առասպելը

Անարդարութեան հիման վրայ ձեւաւորուող «խաղաղութիւն»-ը ձեւական է եւ ըստ ամենայնի անկայուն։ Դա ընդամէնը խաբկանք է, քաղաքական այլ նպատակներին հասնելու համար։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի անվտանգութիւնը կը պատկերացուի Ադրբեջանի կազմում, քանի դեռ պաշտօնապէս չի ճանաչուի Արցախի ինքնորոշման իրաւունքը, քանի դեռ բռնազաւթուած կը մնան՝ Շուշին եւ Հադրութը։ Այլապէս, իմացէք՝ անկայուն է «Խաղաղութեան դարաշրջան»-ի մասին այսօրեայ բոլոր միմոսութիւնները… Դրանք «Խաղաղութեան տարեշրջան»-ի էլ չեն հասցնի մեզ։

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Խաղաղութեան դարաշրջան» չի կայանայ այնքան ժամանակ, քանի դեռ բռնագրաւուած է մնում Արեւմտեան Հայաստանը, քանի դեռ շարունակւում է խախտուած մնալ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով բնորոշուած սահմանգիծը։ Սահմանագիծ, որը կարող է անվտանգութեան մնայուն գօտի ստեղծել Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ։ Սահմանագիծ, որը կարող է ծովային ելք տալով Հայաստանին, ապահովել նրա տնտեսական դարաւոր բարգավաճումը։ Այլապէս, իմացէք՝ պարզապէս խաբկանք է «խաղաղութիւն» հաստատելու փորձերը։

Իսկ կարծում էք հարիւր տարի առաջ, ի՞նչով էին զբաղուած հայ բոլշեւիկները։ Նրանք էլ էին «Խաղաղութեան դարաշրջան» մոգոնում։ Ստորեւ մէջբերում ենք «Կոմունիստական կուսակցութիւն – Ալեքսանդրապոլի կոմիտէ» ստորագրութեամբ, Հայաստանի բոլշեւիկների թռուցիկներից մէկը, 1920թ․ նոյեմբերին։ Մի փոքր մաքրելով մէկդարեայ փոշին, կը տեսնէք, թէ նոյնութեամբ է արտայայտուել «Խաղաղութեան դարաշրջան»-ի ողջ փիլիսոփայութեան հիմունքները՝ ագրեսոր Թուրքիայի մէջ բարեկամութեան նշոյլներ փնտռելը, վայ, վայ՝ «թալանն ու թալանչին», որպէս երկրի գլխաւոր եւ հիմնական օրակարգ համարելը եւ այլն եւ այլն։ Ասում են, թէ պատմութիւնը կրկնւում է յետընթաց երեւոյթների դէպքում։ Ահա տեսէք թէ այսօր ինչպէս է կրկնւում՝ «Խաղաղութեան դարաշրջան»-ի առասպելը։

«Դաշնակցական խայտառակ կառավարութեան խմբապետներից կազմուած զօրքը նահանջում է Քեմալի զօրքերի ահաւոր յարձակումներից: Բաւական չէ՞, որ նրանք (դաշնակցականները) թալանեցին եւ կողոպուտի մատնեցին ժողովրդի հարստութիւնները, բաւական չէ՞, որ նրանք հայ աշխատաւոր ժողովրդի գլխին չարիք դարձան, այժմ էլ խաբում են ձեզ գիւղացիներ եւ զինուորներ, ասելով, որ գալիս են թուրքերը հայ աշխատաւորութեանը թալանելու եւ կոտորելու: Մենք կոչ ենք անում ձեզ չհաւատալ դաշնակցականների հազարաւոր ստերին, որովհետեւ եկողները ոչ թէ թալանի աւազակներ են, այլ հայ գիւղացիների, զինուորի ու բանւորի ընկերներ` թուրք աշխատաւորներ են» (Լազեան, Գաբրիէլ, Հայաստան եւ Հայ Դատը, Կահիրէ, 1957, էջ 255)։

Այն ժամանակ «խաղաղութիւն»-ը նուրբ ծածկոյթ էր՝ Հայաստանի անկախութեան ոչնչացմանը միտուած՝ Լենին-քեմալական գաղտնի համաձայնութեան համար։

Հետաքրքիրն այն է, որ քեմալական ուժերի ներխուժումից ամիսներ յետոյ, 1921 թ. յունուարին, Կարսի եւ Ալեքսանդրապոլի հայ ապաստանեալները Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում հանրահաւաք կազմակերպելով, հեռագիր են յղել Լենինին ու դրա մի պատճենը՝ նաեւ Ստալինին: Հեռագրի մի բաժնում ասւած է.

«Մենք հաւատում էինք Քեմալի յայտարարութիւններին եւ թերթերի հաւաստիացումներին, թէ Քեմալը կռւում է դաշնակցական կառավարութեան եւ ոչ թէ հայ աշխարաւոր ժողովրդի դէմ: Սակայն հետագայում ստացուած հաղորդագրութիւնները խորտակեցին մեր հաւատը Քեմալի խաղաղասիրութեան նկատմամբ, կործանւում են մեր յոյսերը Սովետական Հայաստանի լաւագոյն ապագայի նկատմամբ, որովհետեւ Քեմալը ուժեղ տեմպերով աւերում է այժմ արդէն Սովետական Հայաստանը, թալանում է աղքատացած գիւղացիների վերջին ունեցուածքը․․․» (Մնացականեան, Ա., 11-րդ Կարմիր բանակի փառապանծ ուղին Կովկասում 1918-21թթ., «Տեղեկագիր» Հայկական ՍՍՌ Գիտութիւնների Ակադեմիայի, Եր., 1948, N 2, էջ 4-24)։

Ահա պատմական անարդարութեան հէնքի վրայ պատկերացուող խաղաղութեան փորձերի ձախողութիւնը։

yerakouyn.com/2022/06/24/խաղաղութեան-դարաշրջան-ի-մէկդարեա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail