Չաւուշօղլուն Հայաստանի Վարչապետի Պաշտպա՞ն… – Դերենիկ Մելիքեան

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ - ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Չաւուշօղլուն Հայաստանի Վարչապետի Պաշտպա՞ն… – Դերենիկ Մելիքեան

08 ՅՈՒԼԻՍ 2022– ՀԱՅԱՍՏԱՆ:

Դերենիկ Մելիքեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

< Արտերկրի անկախ հայերը խստիւ կը դատապարտէն Հայաստանի Հանրապետութեան վարչապետի եւ ազգային ժողովի վերջին օրերու կեցուածքները >

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«
Ալիք» Օրաթերթի Գլխաւոր Խմբագիր

Հայոց ցեղասպանութիւնը իրագործած, անպատիժ մնացած ու Մեծ եղեռնը ժխտող թուրք բորենիների ժառանգութիւնն ամենայն «սրբութեամբ» պահող ու փառաբանող մերօրեայ Թուրքիայի դիւանագիտութեան թիւ մէկ լարախաղաց Չաւուշօղլուն կրկին դատապարտում է սփիւռքահային ու Հայաստանի ընդդիմադիրներին:

Միաժամանակ զառանցում է, թէ իբր հայ-թուրքական հաշտութեան ու յարաբերութիւնների կարգաւորմանն են խանգարում հայկական այդ երկու հատուածները:

Նա բացէ ի բաց յայտարարում է, որ Երեւանում ընդդիմադիրները յարձակւում են երկրի վարչապետի տան վրայ: Աւելացնում է նաեւ, որ որոշ շրջանակներ, ճնշելով ՀՀ իշխանութիւններին, խանգարում են տարածաշրջանում խաղաղութեանը հասնելու Թուրքիա-Հայաստան-Ազրպէյճան ծրագրին:

Հասել ենք այնտեղ, որ արդէն թուրք նախարարը լկտիացել է այնքան, որ իրեն թոյլ է տալիս ոչ միայն անամօթաբար միջամտել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, այլեւ համարձակւում է յորդորել իշխանութեանը, որ խանգարողներին պէտք է սաստել, որպէսզի «ցանկալի հաշտութիւնը» ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ազրպէյճանի հետ իրականութիւն դառնայ:

Հերթական յորդորներին էլ, ինչ խօսք, զուգորդւում է անցնող երկու տարում, այսինքն արցախեան յետպատերազմական շրջանում թուրքական նոյն թեզերը, ըստ որոնց, Թուրքիան Հայաստանի հետ ցանկացած յարաբերութեան հարցում համադրւած քայլ է պահում Ազրպէյճանի հետ, բոլորովին էլ չմոռանալով շեշտել «Զանգեզուրի միջանցք»-ի ապաշրջափակումը Հայաստանի իշխանութիւնների կողմից…

Թուրքիայի պատերազմատենչութեան ու հարեւանների հետ ոչ խաղաղ գոյակցութեան փաստերը այնքան են ակներեւ, որ հիմնաւորելու կարիք իսկ չունենք: Բաւական է յիշել թուրք-սիրիական ու թուրք-կիպրայունական յարաբերութիւնները, քիւրտ ազգաբնակչութեանը 10-ամեակներ շարունակ ճնշել-կոտորելը…

Զարմանալին, սակայն, այդ փաստերին անտես ձեւացող Հայաստանի իշխանաւորների հակառակը պնդելու հետեւողականութիւնն է, որով էլ ջանադրաբար փորձում են արդարացնել ինչպէս հայաստանեան, այնպէս էլ սփիւռքեան հասարակայնութեան մօտ…

Այսօր հայաշխարհը կանգնած է ազգային ու պետական ճգնաժամային բարդագոյն փաստի առջեւ, որի առաջնակարգ պատասխանատուն նոյնինքն իշխանաւորներն են:

Այսպէս թէ այնպէս ընդունելով պատասխանատուութիւնը` իշխանաւորները` սակայն, մեղքի բաժինը ոչ թէ իրենց այլ ուրիշների վրայ են բարդում (նախկիններ, «դասալիք զինուորականներ», ընդդիմութիւն ու…):

Կը յաջողե՞ն արդարանալ իշխանաւորները, ցոյց կը տայ ժամանակը, Թուրքիայի եւ Ազրպէյճանի կողմից վարկաբեկուող դիմադրական շարժման հոսանքներն ու դեռեւս սպասողական վիճակում գտնուող լուռ հասարակայնութիւնը: Սա, անշուշտ, ապագայի հաշուին կարող է յուսալի հեռանկար ուրուագծել:

Յուսալքողն ու մինչեւ իսկ բարոյալքողը, դա ցեղասպանների ժառանգորդի յորդորներին ենթարկուելն ու իշխանական դողդոջուն աթոռը ամէն գնով պահելու մարմաջն է…

aztagdaily.com/archives/551548

Facebooktwitterredditpinterestlinkedinmail