Սա քինախնդրություն է. Փաշինյանը եկավ՝ որպես ժողովրդավար, բայց դարձել է դիկտատոր․ Յարութ Սասունեան

Սա քինախնդրություն է. Փաշինյանը եկավ՝ որպես ժողովրդավար, բայց դարձել է դիկտատոր․ Յարութ Սասունեան

19 ՅՈՒԼԻՍ 2022 – Գլխաւոր Լուրեր, Յօդուածներ – ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

«Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Սփյուռքի Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը երեկ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ իր մուտքը Հայաստան արգելվել է, և ինքը ՀՀ-ում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել:

168TV-ի եթերում արդեն Մուրադ Փափազյանը մանրամասներ է ներկայացրել աղմկահարույց միջադեպից։

«Այնտեղ ԱԱԾ պաշտոնյաներն էին, որ ինձ հետ հարաբերվեցին, 20 անգամ հարցրեցի՝ եթե խնդիր կա՝ ի՞նչն է խնդիրը, ասեք ինձ, որևէ տեղեկություն չտվեցին, և 3,5 ժամ հետո իմացա, որ Հայաստան մուտքն իմ համար արգելված է, Հայաստանում պերսոնա նոն գրատա եմ։ Պատճառը չգիտեմ, բայց շատ հետաքրքրված եմ իմանալ: Բայց նշանակում է, որ իրենք ցանկանում են տկարացնել Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, և տկարացնելով Սփյուռք-Հայաստան հարաբերությունները՝ տկարացնում են թե Սփյուռքը, թե Հայաստանը»,- ասել էր ֆրանսահայ գործիչը՝ իր հետ տեղի ունեցածը որակելով բացառապես քաղաքական որոշում:

Տեղի ունեցածը լայն արձագանք է գտել ոչ միայն հայաստանյան լրատվական, հանրային ու քաղաքական դաշտում, այլև սփյուռքում և միջազգային տարբեր շրջանակներում։

Շատերը զուգահեռներ են տանում 1992թ․-ի հունիսի 29-ին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի՝ Հայաստանից արտաքսման հայտնի սկանդալի հետ։

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մուրադ Փափազյանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի կառավարության այս անհասկանալի որոշմանը՝ նկատեց, որ թեև վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների քայլերն այլևս չեն զարմացնում իրեն, այդուհանդերձ, այս մեկը չէր սպասում։

Հարութ Սասունյանը հիշեցրեց՝ վերջին նման դիպվածն Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀՅԴ ղեկավար Հրայր Մարուխյանին Հայաստանից հեռացնելն էր։

«Ինձ համար շատ ցավալի մի դեպք է սա, որովհետև շատ սխալ է, որ իշխանությունները Հայաստանից հեռացնեն որևէ հայի․ Հայաստանն ամբողջ հայության տունն է, մեր բոլորի հայրենիքն է, և ամեն հայ իրավունք ունի Հայաստան այցելելու, ՀՀ քաղաքացի լինելու, ներգաղթելու։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի որևէ հայի թույլ չտալ՝ Հայաստան մտնել, եթե, իհարկե, այդ հայը օրենքի խախտում չի կատարել։ Եվ եթե անգամ դա լինի հարցը, այն ժամանակ ոչ թե Փաշինյանը կամ ԱԱԾ-ն պետք է ինքնագլուխ որոշեն՝ այս մարդը պետք է հեռացվի, այլ այդ փաթեթը պետք է հանձնեն դատարան, և դատարանը որոշի՝ այդ մարդը հանցավո՞ր է, թե՞ ոչ, պե՞տք է հեռացվի երկրից, թե՞ ոչ։

Այս պարագայում՝ սա անհանդուրժողական մոտեցում է պարզապես, որովհետև Փափազյանն ընդդիմադիր է։ Սա քինախնդրություն է, ոչ թե օրենքի գործադրում»,- հավելեց նա։

Ի դեպ, մեր զրուցակցին զայրացրել է հատկապես հայրենիքում Մուրադ Փափազյանի հանդեպ տարրական քաղաքավարության բացակայությունը։

«Երբ պարոն Փափազյանն օդակայանում հարցնում է՝ ինչո՞ւ ինձ չեք թողնում, որ Հայաստան մտնեմ, չեն պատասխանում․ մի կողմ թողնենք օրենքը, Մուրադ Փափազյանի հայրենասիրությունը, առնվազն ամենատարրական քաղաքավարությունն է պահանջում։ Եթե մեկին հեռացնում ես երկրից, իր հայրենիքից, և նստեցնում ես մի սենյակում մի քանի ժամ, ապա դնում հաջորդ օդանավ՝ հետ ուղարկելով Փարիզ, պետք է պատճառաբանել․ առանց պատճառի մարդուն հեռացնում են»,- շեշտեց Հարութ Սասունյանը։

Սփյուռքահայ գործիչը, ի դեպ, հիշեցրեց Մուրադ Փափազյանի՝ մայիս ամսին Հայաստան կատարած այցի ընթացքում տեղի ունեցածը՝ մասնավորապես հայտնելով, որ այդ ժամանակ ֆրանսահայ գործիչն իր հետ Հայաստան էր բերել ֆրանսիական պատվիրակություն՝ Փարիզի քաղաքապետի առաջնորդությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է նրանց հետ հանդիպել։

«Կազմակերպված հանդիպումից երկու ժամ առաջ վարչապետի գրասենյակից տեղեկացրել են, որ չեն ընդունելու։ Ֆրանսիան աշխարհի հավանաբար ամենահայամետ երկիրն է, նախագահ Մակրոնն է եկել Հայաստան, Փաշինյանին է ընդունել Ֆրանսիայում․ ինչպե՞ս կարելի է նման վերաբերմունք ունենալ մի հոյակապ հայամետ երկրի հայամետ գործիչների հետ։ Այսինքն՝մեր իշխանություններն ամեն ինչ կործանում են․ որքան էլ Սփյուռքում փորձենք կապեր հաստատել, օտար ղեկավարների համոզել-Հայաստան բերել, որ հայամետ լինեն, աջակցեն մեր հայրենքին, նրանք փչացնում են մեր բոլոր ջանքերը»,- արձանագրեց Հ․ Սասունյանը։

Բուն միջադեպի հանգուցալուծմանն անդրադառնալով՝ ամերիկահայ գործիչը նկատեց, որ նման որոշումները բացառապես դատարանները պետք է կայացնեն․ իշխանությունները չեն կարող լինել թե՛ իշխանություն, թե՛ դատարան, թե՛ ԱԺ, թե՛ նախագահ։ Ըստ նրա՝ միանձնյա որոշումներով ՀՀ իշխանությունները խախտում են ոչ միայն երկրի օրենքները, այլև միջազգային։

Հարութ Սասունյանը կարծում է՝ Մուրադ Փափազյանն այս դրվագով պետք է նախ հայց ներկայացնի հայաստանյան դատարաններում, իսկ խնդրի լուծում չլինելու պարագայում՝ եթե դատարանը կատարի Փաշինյանի հրահանգը, Մ. Փափազյանը պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան․

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ եվրոպական դատարանն արձանագրելու է, որ ՀՀ կառավարությունը խախտել է պարոն Փափազյանի իրավունքները՝ ազատ տեղաշարժման, ազատ արտահայտվելու։ Այս բոլորն այնքան ցավալի է ինձ համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը չորս տարի առաջ իշխանության էր եկել՝ ինքն իրեն ներկայացնելով որպես ժողովրդավար, բայց այս չորս տարում երբեք ժողովրդին որևէ մի բան չի հարցրել, ժողովրդի հետ որևէ հարց չի քննարկել։ Նա անգամ չի լսում որևէ նախարարի, խորհրդականի, դատարաններին։ Այսինքն՝ ինքը եկավ որպես ժողովրդավար, բայց դարձել է դիկտատոր»։

Հարցին՝ չե՞ք վախենում, որ իշխանությունները կարգելեն նաև Ձեր մուտքը Հայաստան, Հարութ Սասունյանը պատասխանեց․

«Եթե այդ իշխանությունները օրենքը խախտում են, անտեսում են ամենատարրական մարդկային իրավունքները, ամեն ինչ կարելի է սպասել․ կարելի է նաև նույն բանը կիրառեն իմ դեմ, որևէ սփյուռքահայի դեմ, եթե նա համարձակվի իշխանություններին քննադատել։ Ես իսկապես չեմ հասկանում՝ այս մարդիկ չե՞ն լսել խոսքի ազատության մասին․ այսքան խոսում են ժողովրդավարության մասին՝ մինչդեռ չգիտեն, թե խոսքի ազատությունն ինչ է նշանակում։ Սա շատ վատ հետևանք է ունենալու հետագայում․ շատ հայեր Հայաստան չեն այցելելու՝ վախենալով, որ եթե մի տեղ մի հարցազրույց են տվել, կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան են ասել, գուցե իրենց հետ ուղարկեն, կամ ձերբակալեն։ Ու սա պատահում է մի ժամանակ, երբ մեր հայրենիքը կործանումի եզրին է՝ շրջապատված արյունարբու թշնամիներով, ու մենք ամեն ինչ պետք է անեինք միասնական լինելու համար։ Ու այս ամենավատ րոպեին մեր իշխանությունները ցանկանում են անջատել Սփյուռքը Հայաստանից, արցախցուն՝ հայաստանաբնակ հայից, ընդդիմությանը՝ իշխանությունից»։

168.am/2022/07/15/1734052.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail