ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Զրոյց ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ /ԱՄԱՐԱՍԻ ԱՐԹՈՒՐ/ Կարօ Քահքէճեանի մասին

ԿԱՐՕ ՔԱՀՔԷՃԵԱՆ – ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ – ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է – ԻՄ ԵՐԿԻՐԸ

ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – Զրոյց ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ /ԱՄԱՐԱՍԻ ԱՐԹՈՒՐ/ Կարօ Քահքէճեանի մասին

26 ՕԳՈՍՏՈՍ 2022 – ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: – Զրոյց Պարգեւ Սրբազանի հետ՝ Կարօ Քահքէճեանի մասին

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ /ԱՄԱՐԱՍԻ ԱՐԹՈՒՐ/ «Կարոյի նման տղաներին երբ յիշում եմ` թեթեւանում է հոգիս:
Նա հոգով էր գործում»։

Կարոն անյայտութիւնից եկաւ եւ անյայտութիւն գնաց: Նա մի հով էր որ եկաւ, բայց մեր մէջ մի էնպիսի փոթորիկ սարքեց, որ մարդկանց ուղեղները սկսեցին աշխատել իբրեւ հայրենասէր, իբրեւ մարդասէր, իբրեւ հայասէր: Էդ ամեն ինչը Կարոյի մէջ կար ներդրուած ի սկզբանէ:

Ինքն ի ծնէ զօրավար էր, իր դրուածքով, իր պահուածքով, իր ներքին աշխարհով: Ճիշտ մարդ էր ինքը շատ եւ շատ ճշդապահանջ էր, դրա համար էր իր մէջ այդ պոռթկումը տեղի ունեցել, որ գայ Արցախ մեզ օգնի եւ մտնի փրկութեան գործի մէջ:

Կամաւոր էր ինքը, կամաւոր էր եկել: Պարգեւ Սրբազանն էր մեզ ծանօթացրել, ներկայացրել էր որպէս փայլուն մարդ, պատրաստուած զօրական եւ փորձառու, եւ մարտական կենսափորձով:

Խնդրեց որ օգնեմ իրեն: Ինքը պիտի ճակատ յարդարէր: Խոստացայ, որ կ’օգնեմ կապեր ստեղծի Պաշտպանութեան Պետական Կոմիտէյում, մեր հրամանատարների հետ կոնտակտ ստեղծի, աջակից լինեն իր բռնած գործին եւ այլն: Որը եւ ես մեծ սիրով կատարել եմ, որովհետեւ անհնարին բան չէր մեզ համար: Քանի որ մենք տրամադրուած ենք յաղթանակի` ոչ մի պահի կամ վիճակի մէջ պատճառներ չենք փնտրում: Հէնց պաճառները վերացնելու համար էինք ստեղծուած` սկսած տնտեսական խնդիրներից, վերջացրած ռազմականով:

Այնպիսի խնդիրներ չկային, որ ծագէին եւ չկարողանայինք վայրկենապէս լուծումները տալ: Ստացուեց, փառք Աստուծոյ, էդ բոլորը ստացուեց եւ Կարոյի համար, եւ բոլորիս:

25 տարի է գրեթէ անցել, էս պահին ետ նայելով՝ ես վստահաբար կ’ասեմ, որ նա եկել էր, որպէսզի յաղթէր, եւ օգնէր որ մենք յաղթէինք պատերազմի մէջ: Եւ շատ դառը, դաժան բան պիտի ասեմ` ինքը պատրաստ է եղել զոհուելու: Ինքը եկել էր զոհուելու համար եւս: Ճիշտ է, բոլորս պատրաստ ենք եղել զոհուելու, բայց ինքը ուրիշ ձեւի էր պատրաստ. ինքը անվախ էր:

Գիտէ՞ք, մարտի դաշտում մարդ պիտի վախ ունենայ: Ես տասն անգամ Կարոյին ասել եմ. «Կարօ ջան, մեզ հերոսներ պէտք չեն, մեզ յաղթանակ է պէտք. մեզ զոհեր պէտք չեն. ինքնազոհողութիւն պէտք չէ անել: Եթէ չի ստացւում, դժուար է, խնդիր կայ` ետ նահանջիր. թող մեր կորուստը փամփուշտով լինի, զէնքերով, զինամթերքով լինի, բայց ո’չ մարդով. մարդկային կորուստը դաժան բան է. եւ դա ե’ւ քեզ եմ ասում եւ քո զինուորների վերաբերեալ եմ ասում` բոլորին խնայիր. ամեն ինչ արա, որ զոհ չլինի:

Միեւնոյնն է, այդ բարձունքը, այդ լեռը այդտեղից չի կորչի, փորձիր ամեն ինչ անել, որ մենք խնդիրը լուծենք առանց զոհի:

Ծայրայեղ դէպքում քիչ զոհերով, քիչ վիրաւորով:

Անշուշտ Կարոն նոյն կերպ էր անում. եւ գործում էր եւ մտածում էր ինձ նման, բայց իր մէջ մի եռուն բան կար, մի հզօր տարերք կար, որի ազդեցութեամբ, կարծում եմ, այլեւս խելքը չէր աշխատում. մարտի մէջ մտնում էր` խելքը անջատում էր. հոգով էր մարտի մէջ մտնում:

Ես օրինակ միշտ մտքով, խելքով էի առաջնորդւում, հաշուարկներով. ամեն վարկեան հաշուարկներ էի անում` ի’նչ, ո’նց եւ այլն: Նա էլ հիմնականում այդպիսին էր, բայց պահ էր գալիս… որ գնաց ու գնաց… «Կարօ ջան ետ արի, յետ քաշուի»… Նա հոգով էր գործում: Նա չէր հանդուրժի, որ թիւրքն իր վրայ յարձակուի եւ ինքը նրան պատասխան չտայ. ինքը չէր հանդուրժում, որ խնդիրը տուեալ պահին լուծելի չէ, կամ կարող չէ լուծել:

Հաշուենկատութեան եւ ինքնապահպանութեան բնազդը նրան լքում էր եւ ինքը մարտով յափշտակուելով` այլեւս կարծես ողջախոհութիւնը կորցնելով մոռանում էր, որ մարտադաշտում ամեն ինչ չէ, որ լուծւում է անվախութեամբ, քաջութեամբ, եւ իմ կարծիքով, նա կորցնում էր սառնախոհութիւնը: Բայց չէ՞ որ մարտադաշտում կայ համագործակցութիւն, փոխադարձ օգնութիւն, առաջմղուելիք պահ եւ նահանջի անհրաժեշտութիւն. մի խօսքով` ճկուն մարտավարութիւն: Չէ՞ որ պատահում է, որ մի ջոկատը յաջողութեամբ առաջ է գնում, բայց իր թեւերը, կողքի հարեւանները, չգիտես ինչ պատճառներով, ետ են մնում. մխրճւում ես, իսկ կողքիններդ չեն հասցնում, կամ նահանջում են. չէ՞ որ մարդկային եւ մարտական իրադրութիւնները բազմազան են եւ տարատեսակ. մարդ պիտի ամեն ինչի պատրաստ լինի եւ գործի ըստ իրադրութեան:

/Այո, մարդկային իրադրութիւնները բազմազան են. եւ առաւել եւս բազմազան են մարդիկ իրենց հոգեբանութեամբ, եւ ոչ մի հաշուենկատութեամբ, հաշուարկներով եւ հաշուիչ մեքենաներով չես կարող որոշել, թէ որ զոհաբերութիւնն է առաւել մօտեցնում յաղթանակը: Երբեմն մի զոհը կարող է այդ իմաստով աւելի արդիւնազօր լինել, քան հարիւրաւոր կենդանի մարդկանց ռազմարշաւները: Այնպէս որ մարտի ժամանակ պահային «անջատուելը», ամեն ինչ մոռանալը, խենթանալը թելադրւում է թէեւ ոչ տրամաբանական, բայց աելի զօրաւոր բանականութեամբ/:

«Խաչակիրներ» ջոկատի առանձնայատկութիւններից մէկը նրանց բարձրակարգ կազմակերպուածութիւնն էր. ամեն ինչով: Եւ այդ կազմակերպուածութիւնն էր, որ նշանաւոր էր դարձնում այդ ոչ այնքան մեծ զօրախումբը: Ինչ վերաբերում է Կարոյի ջոկատի հետախուզական հակուածութեանը, պիտի ասեմ, որ ամեն մի ջոկատ կամ զօրախումբ գործողութիւնը ձեռնարկելուց եւ սկսելուց առաջ հետախուզում էր այն տեղանքը, որտեղ պիտի տեղի ունենար գործողութիւնը, ճանապարհները, թշնամական ուժերի քանակն ու դիրքերը, նոյնիսկ նրանց մարտունակութեան աստիճանը, նրանց զինուածութիւնը եւ այլն:

Յանպատրաստի ոչ մի մարտական գործողութիւն չի եղել մեզ մօտ: Իսկ Կարոյենց մօտ այդ ամենը գերազանց էր արւում: Սակայն մարտը մնում է միշտ մարտ, որի ընթացքին լինում են չնախատեսուած իրավիճակներ, գործողութեան ցանկալի կամ ոչ ցանկալի ընթացք: Պատերազմ է, կռիւներ են, որոնց ընթացքին ամենատարբեր վիճակի զօրախմբերը միասնական ճակատի վրայ են եւ թէկուզ մէկ փայլուն ջոկատով շատ բան անել չես կարող: Եւ տարբեր պատճառներից թերութիւններ են ի յայտ գալիս, որոնց պատճառով եւ զոհեր են լինում եւ ձախողումներ:

Ես իրազեկ եմ նաեւ Սպիտակ Արջի զոհուելու հանգամանքին, որի շուրջ խօսակցութիւն էլ եղել է, ճիշտ է ոչ այնքան շատ, որքան նշանաւոր այլ գործիչների զոհուելու պարագային: Խօսակցութիւն է գնացել, որ նրան հարուածի տակ են դրել կամ նման մի բան: Այս ամենը մտայօրինուածք է, ոչ իրական պատկերացման նիւթ: Աբսուրդ խօսակցութիւններ են. այդպիսի բան չկայ: Ես այդ ժամանակ իրենց մերձակայքում չեմ եղել, կարծեմ Գանձասարում էի. Գանձասարի հատուածի վրայ եմ եղել: «Մահապարտների» գալու ճամանակ ես Խաչէնի ձորակի ճակատի հրամանատարն էի:

Կարծեմ այդ ժամանակներն էին: Ասեմ, որ դա ինձ համար սարսափելի մի մեծ կորուստ է եղել. Կարոյի զոհուելու հանգամանքին, բնականաբար, ես եղել եմ այդ իրադարձութեան քննութեան կիզակէտում. ինչպէ՞ս է եղել, ի՞նչ հանգամանքներում. որովհետեւ Կարոն ինձ շատ հարազատ մարդ է եղել, եւ կարելի է ասել ինչ որ տեղ ես իրենց ջոկատի կնքահայրն էի, եւ իրենք էլ ինձ այդպէս էին ասում: Այդպէս էլ կար: Շատ հաճելի էր նրա հետ շփուելը, ընկերութիւն անելը: Մենք միասին նաեւ միեւնոյն գործողութիւնների ենք մասնակցել. ցաւօք հիմա յիշել չեմ կարող. տղաները կարող են յիշել եւ իրենց յիշելը իմ մէջ էլ յիշողութիւն կ’արթնացնի:

/Ամարասի Արթուրի խօսքով` ինքը բազմիցս վիրահատութեան է ենթարկուել. իր ստացած բազմաթիւ վէրքերը տակաւին իրենց զգացնել են տալիս եւ նա նաեւ ցաւագին է ապրում ամեն վերյուշ, քանզի Արցախեան պատերազմը նրա համար գեղարուեստական կինոնկար չի եղել, որ տեսնի, յիշի եւ պատմի/:

Կարոյի զոհուելուց յետոյ ես էլ եմ երաշխաւորել ջոկատին, որպէսզի Արթուր Պօղոսեանը փոխարինի Կարոյին, որովհետեւ նա Կարոյի շնորհիւ եւ անմիջաբար նրանից մեծ փորձառութիւն է ստացել, սպունգի նման քաշել է նրանից եւ ինքն էլ քաջ տղայ էր ու պատուով, եւ պատուախնդրութեամբ շարունակեց Կարոյի բռնած գործը:

Կարոյի ո’չ միայն կատարած գործերն են եղել տպաւորիչ եւ կարեւոր մեր ընդհանուր յաղթանակի գործում, այլեւ նրա մարդկային, բարոյեահոգեբանական կերպարը մեծ ազդեցութիւն է թողել Արցախեան պատերազմում: Նրա մարդասիրութիւնը, հայասիրութիւնը, իր անձնաւորութեան առինքնող գծերը մեզ իրականում գրաւել են. ի~նչ եռանդով, ինչպիսի~ կախարդիչ խօսքերով էր գրաւում մարդկանց, վեհացնում մարդուն, նրան բարձրացնում եւ շատ-շատերի վրայ գործամղիչ ազդեցութիւն թողնում: Ինքը եղել է զօրաւոր անձնաւորութիւն եւ նիւթապէս էլ լիովին ապահով մէկը, ով Արցախ գալուց առաջ ամբողջ ունեցուածքը դրել է մեր ընդհանուր գործի մէջ, ձեռք է բերել անհրաժեշտ հանդերձանք, ռազմական սարքաւորումներ, որոնք դիւրացնում էին մեր խնդիրների լուծումը: Իր ջոկատի համար ամեն ինչ առել է. ե’ւ վիլիսներ, ե’ւ ծանր մեքենաներ: Դրսում ինչ որ ծախւում էր, նա առնում էր յանուն Արցախի: Իր ջոկատի նման ոչ մի ջոկատ ապահովուած չի եղել ռազմամթերքով, հանդերձանքով եւ կռուի համար անհրաժեշտ ամեն ինչով: Դա էլ անշուշտ բնութագրական է նրա կերպարը ամբողջացնելու տեսակէտից, որպէսզի իր զինուորը կարիքի մէջ չլինի, պակասութիւն չունենայ:

Նա մարդ էր, ում անշուշտ կարելի է համեմատել Մոնթէի նման սիրուած հերոսի հետ. նոյն ոճի, խղճի, նուիրուածութեան, հայրենապաշտութեան, մարդկային բարձր առաքինութիւնների տէր է եղել: Եւ երկուսն էլ: Մոնթէի հետ էլ շատ եմ եղել, իրենց հետ «աշխատել» մարտական գործողութիւնների մասնակցել, կռուել: Մենք Մոնթէի հետ շատ մտերիմ ընկերներ էինք: Ես չեմ կարծում, թէ որեւէ հրամանատար կարողանայ 50-60 կմ մտնի թշնամու թիկունք եւ հետախուզութիւն անի: Մենք այդ բանը արել ենք երկուսով: Դա եղել է Քելբաջարում. մենք մինչեւ յարձակումը մտել ենք եւ ոտքով սարերով, ձորերով անտառներով, կարծեմ մէկ շաբաթ թէ 10 օր. Սէրժ Սարգսեանի հրամանով է եղել. գնացել ենք կատարել, եկել:

//Թէեւ Արցախեան պատերազմը Ամարասի Արթուրի համար գեղարուեստական կինոնկար չի եղել, բայց նա այնպէս է նրա մասին պատմում, որ կարծես կինոնկար լինի///:

Եւ մենք մի գեներալ ունէինք` Զինեւիչ, շտաբի պետը: Նա մեզ բառացիօրէն ասաց հետեւեալը. «Ձեր մարը լացացնեմ. դուք ռազմաճակատի պետեր լինելով ի՞նչ խենթութիւն եւ յանդգնութիւն էք արել` իրագործելով խորքային հետախուզութիւն: Տեսէ’ք հա~, դուք դաւաճաններ էք. բա որ ձեզ բռնէի՞ն, ինչո՞վ էիք արդարանալու»:

Գեներալը մի կողմից ճիշտ էր ասում, բայց միւս կողմից էլ մենք մեզ վրայ վստահ էինք եւ գործի մեծութիւնն էր թելադրել դիմելու այդպիսի համարձակութեան. չէ՞ որ խօսքը Քարվաճառի ազատագրման մասին է, որի շարունակական գոյութիւնը մեր թիկունքում մեզ հնարաւորութիւն չէր տալիս տեւական յաջողութիւններ արձանագրելու Մարտակերտի ռազմաճակատում: Գործի մեծութիւնն է մեզ ոգեշնչել անհատապէս ձեռնարկելու այդ հետախուզութիւնը. մենք անշուշտ տղաներ եւ ուժեր ունէինք ինչպէս մեր զօրախմբերում՝ այնպէս էլ Ազգային Անվտանգութեան Մարմնում, որ կ’ուղարկէին եւ կը կատարէին: Սակայն ամենալաւը եւ արդիւնաւետը միշտ լինում է այն, ինչ անձամբ ես անում: Մենք ուզեցինք ինքներս կատարել այդ գործը:

Նոյնն էլ Կարոն էր ղեկավարում հետախուզական խումբը թշնամու թիկունքում. կատարում էր գործողութիւնը եւ գալիս զեկուցում էր Շտաբին. որոշումներ, վճիռներ էին կայացնում դրա հիմքի վրայ:

Այն էլ ասեմ, որ Կարոն բացարձակ ազատ ու անկախ մարդ էր, եւ որեւէ մէկի թելադրանքով նա գործեր չէր անում եւ ոչ էլ որեւէ մէկի հրահանգի տակ էր. նա էր իր իսկ ճանապարհը հարթողը. երկրորդ, կար որոշ անկազմակերպուածութիւն, որ ցաւօք առ այսօր մնացել է մեր մէջ: Կարոյի մէջ ամեն ինչ բարձր հիմքերի վրայ էր եւ նրա արեւով հիմա շատերը կ՛երդուեն, այդ թւում եւ Կոմանդոսը, որ Կարոյի համար շատ բաներ է արել: Մենք բնականաբար սկզբից Կարոյին չենք ճանաչել եւ չենք ընդունել այնքան ժամանակ, մինչեւ Սրբազանը անձամբ մեզ չի ներկայացրել Կարոյին: Եւ դրանից յետոյ էլ, երբ մի կէս ժամ իրար հետ խօսեցինք, ես իրեն ասացի. «Ոչ մի հարց չկայ. դու մեր եղբայրն ես»: Ու այդպէ`ս էլ եղաւ:

Եւ բացի այդ, եթէ մէկը նպատակի մարդ է եւ յաջողութիւն է ունենում, եւ ակնկալութիւն է ունենում նրանից մի բան ստանալու բայց չի ստանում, սկսում են նոյնիսկ լաւ մարդուն էլ բամբասել:

Կարոն ընտիր բաներ ունէր իր մօտ, որից ոմանց բաժին էր հասնում. բայց հո բոլորին չէ՞ր կարող բաժանել: Ով չէր ստանում, նրա մասին սկսում էր վատ արտայայտուել/Ա.Պ. կամ չստացողներից` ոմանք//: Սա մարդկային երեւացող թուլութիւն է, ցածրութիւն է: Կարոն հո չէր կարող բոլորին ընտիր հրացան նուիրել կամ մէկ այլ բան: Ահա այդպէս: Ում չէր տալիս` իր թշնամին էր դառնում: Մեզ էլ ուզում էր նուէր տալ, չէինք ուզում, ասում էի` Կարօ ջան, քո երեխաներին տուր /ուրեմն` ոչ բոլորը/: Ես խնդիր չունէի, ինձ համար ինքս ինչ գտնում էի, դրանով բաւարարւում էի:

Այ, փայլուն տղայ էր, փայլուն. Աստուած լուսաւորի իր հոգին: Գիտէ՞ք ինչ, երբ ինձ համար դժուար է լինում, Կարոյի նման տղաներին յիշում եմ եւ թեթեւանում է հոգիս:

ԿԱՐՕ ՔԱՀՔԷՃԵԱՆ – ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ – ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է – ԻՄ ԵՐԿԻՐԸ
ԿԱՐՕ ՔԱՀՔԷՃԵԱՆ – ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ – ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է – ԻՄ ԵՐԿԻՐԸ

lousavor-avedis.org/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail