Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ փորձագետները կմշակեն Հայաստան- Սփյուռք փոխգործակցությունը խորացնելու առաջարկներ
31 ՕԳՈՍՏՈՍ 2022 –
21:10, 31 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագա Հայկականի համաժողովին ընդառաջ փորձագիտական հանձնախմբի շրջանակում Հայաստանի և Սփյուռքի տարբեր փորձագետների ներգրավմամբ կքննարկվեն սցենարներ, մշակվեն Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու, Հայրենիքի և Սփյուռքի ներուժն առավելագույնս օգտագործելու առաջարկներ, կնախանշվեն ուղղություններ, որոնք կներկայացվեն արդեն համաժողովի քննարկմանը, ապա նաև կհետևեն գործնական քայլեր՝ դրանք կյանքի կոչելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին կայացավ «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի անդրանիկ հանդիպումը՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ղեկավարությամբ:
Համաժողովին ընդառաջ փորձագիտական երեք հանձնախումբ է ձևավորվել: Հանձնախմբերն աշխատելու են երկու ամիս զուգահեռ: Դրանցում քննարկվելու են սցենարները, հետո դրանց հիման վրա հնարավոր առաջարկությունների փաթեթներ են ներկայացվելու Ապագա Հայկականի համաժողովի քննարկմանը և մասնակիցների կողմից ընդունմանը: Հանրային քննարկման արդյունքում համաժողովի մասնակիցների կողմից կարող են լինել ռազմավարական առաջնահերթությունների շեշտում, քաղաքականություն վարելու առաջարկություններ:
«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը կարևորեց փորձագիտական հենքի հիման վրա արված առաջարկների քննարկումը համաժողովի շրջանակում: «Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բազմոլորտ են, բազմաշերտ: Նույնիսկ մեկ հանձնախմբով, մեկ համաժողովով հնարավոր չէ ամբողջ հարցերին պատասխանել, բայց կարևոր է նախանշել ապագա նպատակները, թե ինչ նպատակներ ունենք միասնականությունն ապահովելու ուղղությամբ, ինչ բացեր ունենք, որ պետք է լրացնենք, ինչ հնարավոր ինստիտուտներ կան, որ պետք է ձևավորել, որպեսզի մաքսիմալ ունենանք փոխգործակցություն սփյուռքի հետ, մաքսիմալ օգտագործենք և´ Հայրենիքի, և´ Սփյուռքի ներուժը: Այդ ներուժը ռացիոնալ օգտագործման և միասնականության կարիք ունի»,- ասաց Ապիտոնյանը:
Ապագա Հայկականը նպատակ ունի միավորել հայության ներուժը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում՝ ձևավորելու ապագային ուղղված տեսլական և այն նպատակները, որոնց հայությունն ուզում է հասնել և´ Հայրենիքում, և´ Սփյուռքում: Դրա համար մշակվել են 15 նպատակներ:
Անդրադառնալով համաժողովի անցկացման գաղափարին՝ Ապիտոնյանն ասաց. «Նախաձեռնության համահեղինակների կողմից ինչ-որ պահի ըմբռնում եղավ, որ պետք է քննարկումները կրեն հանրային բնույթ: Նախընտրությունը տրվեց «քաղաքացիական ասամբլեա» մոդելին: «Քաղաքացիական ասամբլեա»-ն մասնակցային ժողովրդավարության մոդել է, որը թույլ է տալիս քննարկումներ անցկացնել, որոշումներ ընդունել և հանրության համար կարևորագույն խնդիրների շուրջ որոշակի սցենարներ,առաջարկներ մշակել՝ հանրության անմիջական մասնակցությամբ»,- պարզաբանեց նա՝ կարևորելով հանրությանն ակտիվ ներգրավվածությունը, որպեսզի վերջինս նույնպես մասնակից լինի իր համար կարևորագույն խնդիրների քննարկմանն ու մշակի հնարավոր լուծումներ:
Այսպիսով փորձագիտական հանձնախմբերը ձևավորելու են այն փորձագիտական նյութը, հենքը, որը դրվելու է «քաղաքացիական ասամբլեայի» քննարկմանը: Փորձագիտական փուլից, հանրային փուլից հետո երրորդ փուլը լինելու է համագործակցային ցանցի ձևավորումը: «Համագործակցային ցանցի ձևավորման համար «Ապագա Հայկականը» փորձելու է աշխատել բոլոր հաստատությունների հետ՝ Հայաստանում և Սփյուռքում՝ նույնիսկ անհրաժեշտության դեպքում ներգրավելով միջազգային գործընկերների, որպեսզի ձևավորենք հնարավորինս լայն համագործակցային ցանց՝ այդ առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ»,- վստահեցրեց Ապիտոնյանը:
Փորձագիտական հանձնախումբը կաշխատի մինչև հոկտեմբերի վերջ, այդ ընթացքում կունենա 6-7 հանդիպում: Հանձնախմբի մասնակիցների մի մասը Սփյուռքում է, այսպիսով` կլինեն ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումներ:
Իսկ ահա համաժողովին լինելու են հավասար թվով մասնակիցներ՝ Հայրենիքից՝ Հայաստանից և Արցախից ու Սփյուռքից: Ապիտոնյանը կարևորեց Ապագա Հայկականի Համաժողովի սկզբունքները. առաջինը՝ Հայաստանի ներսում, Սփյուռքի ներսում, Հայաստանի և Սփյուռքի մեջ միասնականության զգացման ձևավորումը, հաջորդը՝ ներառականությունը. նախաձեռնությունը բաց է բոլորի առջև, ցանկություն ունեցող ցանկացած մեկը կարող է մասնակցել: Կարևոր սկզբունքներից է նաև թափանցիկությունը, համաժողովի քննարկումները լինելու են լիովին թափանցիկ: Բոլոր քննարկումները համարվելու են հանրային սեփականություն: Ակնկալվող արդյունքներից են հասարակության մեջ բևեռացման հաղթահարումը, քաղաքական ինստիտուցիոնալ փակուղիների հնարավոր շրջանցումը, քաղաքացիներին ակտիվացնելը, հնարավորինս համապարփակ փորձագիտական կարծիք ձևավորելը, որպեսզի բոլոր հնարավոր տարբերակները դրվեն սեղանին, քննարկվեն բոլոր հնարավոր լուծումները:
armenpress.am/arm/news/1091448.html