«Արցախից Է Սկսուելու Հայ Ժողովրդի Վերջնական Ազատագրումը» – ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
03 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2022 – ԿԻԶԱԿԷՏ – ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ – ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org
ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org
Պատերազմ էր, դատարկուեցին տները. գնացին տղաները` մայրական ու հայրական աղօթքներով լեցուն: Մի պահ նայեցին ցաւից տնքացող մայր հողին եւ յիշեցին, որ այդ նոյն հողով խաղալով են մեծացել ու զգացին, որ անպարտ են, հզօր: Այս գիտակցումով են անուանի լրագրող ու հրապարակախօս Միքայէլ Հաջեանի 2 որդիները` Նորայրն ու Երուանդը, մեկնել առաջնագիծ թէ՛ 2016թ.-ի եւ թէ՛ 2020-ի արցախեան պատերազմներին: Ցաւօք, 2016թ.-ին Նորայրը հետ չեկաւ, իսկ 2020-ին էլ` Երուանդը, սակայն բոլոր ապրողների հետ գեղեցիկ ապրելու իրաւունքով են ապրում նրանք` զոհուած քաջերը:
«Նորայրս աջ թեւս էր, հատուեց, Երուանդս ձախ թեւս էր, հատուեց, եւ արդ առանց թեւերի եմ մնացել», ասել է հերոս որդիների հայրը: Առանց թեւերի, բայց` հզօր ոգով, Արցախն ապրեցնելու եւ տղաների գործը կիսատ չթողնելու կոչով է հանդէս եկել Միքայէլ Հաջեանը Ստեփանակերտի եղբայրական յուշահամալիրում արցախեան 44-օրեայ պատերազմի զոհերի յիշատակին նուիրուած միջոցառմանը:
«Սիրելի՛ արցախցիներ, հարազատնե՛րս,
Այսօր իրօք, ինչպէս քիչ առաջ պարոն Ասրեանն ասաց, սգոյ օր չէ մեզ համար: Այսօր մեր զաւակների համար հպարտութեան զգացման եւ մեր գաղափարների, մեր կենսակերպի վերաարժեւորման օր է: Մեր պատկերացումներում, մեր աչքերի առաջ մշտապէս յառնած են մեր զաւակները:
Արցախեան պատերազմներում կորուսեալ, թէ պատերազմի ողջ վերադարձած բոլոր տղաները, որոնք, թողնելով կենցաղ, սէր, ընտանիք, ի ծնէ են ելել ի պաշտպանութիւն հող հայրենիի, եւ որոնք հերոսաբար մարտնչելով կա՛մ նահատակուել են դիրքերում` թիզ անգամ չնահանջելով, կա՛մ վերադարձել են ողջ-առողջ տուն` իրենց ընտանիքները:
Մեր բազմադարեայ պատմութիւնը` հայ ժողովրդի եւ մասնաւորապէս` արցախի ժողովրդի, լի է հերոսականութեան եւ ողբերգականութեան բազում էջերով: Ես ուզում եմ այսպիսի մի եզրայանգման գալ, այն է. իւրաքանչիւր աւագ սերունդ բեռ է թողել իր ժառանգների ուսերին: Իմ սերունդը եւ այդպէս վարուեց, ցաւօք: Իմ սերունդը չկարողացաւ այդ բեռը թօթափել իր եւ ժողովրդի ուսերից ու այն փոխանցեց ժառանգներին` զաւակներին, ապա եւ թոռներին, հնարաւոր է եւ` ծոռներին:
Ցաւում եմ եւ ներողութիւն եմ խնդրում մեր բոլոր տղաներից եւ մեր ժառանգներից, մեր գալիք ժառանգներից նաեւ:
Մենք պէտք չէ մոռանանք նաեւ, որ մեր ուժը մեր համախմբման, մեր միասնականութեան մէջ է: Մենք պէտք չէ մոռանանք, որ աշխարհում բարեկամ երկրներ եւ ժողովուրդներ չունենք: Անգամ եթէ կան բարեկամութեան դրսեւորումներ, ապա դրանք բխում են նրանց շահերից: Մենք պէտք չէ մոռանանք, որ միակողմանի սէր չի լինում, առաւելապէս, ժողովուրդների եւ պետութիւնների միջեւ: Մենք պէտք է մշտապէս մտածենք, որ մեր սէրը մենք ենք. մենք պէտք է իրար սիրենք, մենք պէտք է իրար գնահատենք, մենք պէտք է ուս ուսի տանք, որ երկիր պահենք. այն սուրբ հողը, այն սուրբ ջուրը, որ Աստծոյ շնորհածն է մեզ, որտեղ մեր նախնիներն են ապրել, որտեղ մենք ենք ապրում, որտեղ եւ մեր ժառանգները պէտք է ապրեն:
Արցախը միշտ էլ հայ ժողովրդի զարթօնքի եւ վերազարթօնքի ելակէտներից մէկն էր, եթէ ոչ` գլխաւոր ելակէտը: Ես հաւատացած եմ, որ անգամ այս դժուարին պայմաններում Արցախը դարձեալ իր առաքելութեան մէջ է գտնուելու:
Արցախից է սկսուելու հայ ժողովրդի վերջնական ազատագրումը», ասել է Մ. Հաջեանը:
«Ապառաժ»
www.aztagdaily.com/archives/559730